Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցներ ստանալն ընդունված պրակտիկա է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում:
Առաջին ատյանի դատավորները տարբեր բնույթի նվերներ են ստանում: Որքա՞ն են կազմում նվիրատվությունների չափերը, որն է ամենամեծ նվիրատվությունը, իսկ որն էլ՝ ամենափոքր և ի՞նչ հետաքրքիր նվերներ են դատավորները հայտարարագրում: Մանրամասները՝ վերլուծության մեջ:
Երևանում նվիրատվություն են ստանում դատավորները եվրոյով, դոլարով ու ռուբլով
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը 2013թ. ստացել է 20 ԱՄՆ դոլարի նվիրատվություն, նրա կինը՝ Տաթևիկ Օհանյանը 2014թ. ստացել է 130 հազար ռուսական ռուբլի նվիրատվություն:
Նույն դատարանից Արտուշ Գաբրիելյանը թեև նվիրատվություն չի ստացել, սակայն նրա կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը 2011թ. ստացել է 15 հազար ԱՄՆ դոլար, 2012թ.-ին՝ 2000 ԱՄՆ դոլար, իսկ 2014թ.-ին 10 հազար դոլարի նվիրատվություն:
45,7 մլն և 27,6 մլն ՀՀ դրամի նվիրատվություն կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ է 2012թ. հայտարարագրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Նույն դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը 2011թ. ստացել է 3,8 մլն ՀՀ դրամի նվիրատվություն, 2013թ. 1,2 մլն ՀՀ դրամ, դատավորի կինը՝ Հռիփսիմե Գամջյանը 2011թ. ստացել է 2,4 մլն ՀՀ դրամի նվիրատվություն, անմասն չեն մնացել նաև դատավորի զավակները՝ Աշխեն Խանդարյանը 2011թ. ստացել է 1,3 մլն ՀՀ դրամի նվիրատվություն, իսկ հաջորդ տարի 1 մլն ՀՀ դրամ, իսկ մյուս զավակը՝ Ռաֆիկ Խանդարյանը՝ 2,5 մլն ՀՀ դրամի նվիրատվություն:
2012թ.-ին 49 հազար ռուսական ռուբլի և 4000 եվրո նվիրատվություն է ստացել այս դատարանից դատավոր Արմեն Բեկթաշյանը, 4000 եվրո նվիրատվություն է ստացել նաև նրա կինը՝ 2014թ.-ին:
Դատավոր Ռուբեն Ներսիսյանի կինը 2011թ. ստացել է 6,5 մլն ՀՀ դրամ նվեր:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Մեսրոպ Մակեյանը 2011թ. ստացել է 48 հազար և 19 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություններ, 2012թ.-ին՝ 5200 ԱՄՆ դոլար, հաջորդ տարի 2000 դոլար:
Մարզերում են ամենաշատ և քիչ նվիրատվություն ստացած դատավորները
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն, ով այս պաշտոնին նշանակվել է 2013թ.-ին, պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է ընդամենը 3700 ՀՀ դրամ նվիրատվություն, մինչդեռ նրա կինը՝ Ալինա Մկրտչյանը 2013թ. ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար և 40 հազար ռուսական ռուբլի նվիրատվություն, հաջորդ տարի նույնպես եղել են նվերներ՝ 500 ԱՄՆ դոլար և 75 հազար ռուսական ռուբլի արժողությամբ:
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Ադամյանը 2012թ. ստացել է 5 մլն ՀՀ դրամի նվիրատվություն:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը տարբեր չափերի նվիրատվություններ է ստացել: 2014թ. նա չորս կետով հայտարարագրել է իր նվիրատվությունները: Ի՞նչն է այստեղ հետաքրքիր, որ բոլոր երեք կետերով նվիրատվությունները նույնն են՝ 3 մլն 459 հազար ՀՀ դրամ, մեկ այլ կետով նա ստացել է 8 հազար ԱՄՆ դոլար, որը դրամով հավասարվում է նախորդ նվիրատվություններին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը 2011-2014թթ. որևէ նվիրատվություն չի ստացել, փոխարենը ռուսական ռուբլով նվիրատվությունների է արժանացել նրա ամուսինը՝ Արա Խաչատրյանը, նա համապատասխանաբար ստացել է երեք հազար և մեկ հազար ռուբլի նվիրատվություն:
Հետաքրքիր է 2013թ. պաշտոնը ստանձնած Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հայտարարագիրը, 2014թ. նա երեք կետով ներառել է նվիրատվություններ, ընդ որում՝ այդ նվիրատվությունները, ըստ հայտարարագրի, բնամթերքի տեսքով են՝ 70 մլն, 7,6 մլն և 4,8 մլն ՀՀ դրամ, մինչդեռ տեղեկանում ենք նաև, որ հարկային տարվա վերջում նա ձեռք է բերել 70 մլն ՀՀ դրամի բնակարան և 4,8 մլն-ի այգետնակ, ինչպես նաև 7,6 մլն դրամով գնել է ավտոմեքենա՝ MITSUBISHI PAJERO 3.0 L մակնիշի:
Գույքի տեսքով նվիրատվություն է ստացել նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը: 2014թ. նա հայտարարագրել է 10 և 30 մլն ՀՀ դրամի նվիրատվություն, հարկային տարվա վերջում ձեռք է բերել 10 մլն ՀՀ դրամ բնակարան և 30 մլն դրամի հողամաս:
Նույն դատարանից Ավագ Գաբրիելյան կինը 2011թ. ստացել է ընդամենը 500 հազար ՀՀ դրամ նվիրատվություն, հաջորդ տարի նույնպես ստացել է նույն չափի նվեր:
Այս դատարանում այսքանով հետաքրքիր նվիրատվությունների շարք չեն ավարտվում: Բավականին յուրահատուկ հայտարարագիր ունի նաև դատավոր Սերոբ Մանուկյանի կինը՝ Մարիետա Գալստյանը: Այսպես՝ 2011թ. նա ստացել է 1000 դոլար և 1000 եվրո նվիրատվություն, 2012թ.-ին և 2013թ.-ին կրկին՝ նույնչափ, իսկ 2014թ.-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ ստացել է միայն 2000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն:
Սերգեյ Մարաբյանը՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը, պաշտոնը ստանձնելիս՝ 2014թ. հայտարարագրել է 100 հազար ռուսական ռուբլի և 15 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն:
Այսպես` ընդհանուր իրավասության առաջին ատյանի 16 դատարաններից ամենաշատ նվիրատվություններից ստացել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ 82 մլն ՀՀ դրամի չափով, իսկ ամենափոքր նվիրատվությունը 500 հազար ՀՀ դրամն է, այսքան 2011թ.-ին ստացել է դտավոր Ավագ Գաբրիելյանի կինը:
Կարդացեք նաև՝
Թանկարժեք արդարադատություն. Ո՞վ է Երևանի ամենահարուստ դատավորը
Գևորգ Թոսունյան