ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի և ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակության հետ համատեղ կազմակերպված «Աջակցություն Հայաստանում Պրոբացիոն ծառայության ստեղծմանը» առաջին ընթացիկ հաշվետվության քննարկմանը:
Միջոցառմանը մասնակցել են դատական իշխանության, դատախազության, փաստաբանական համայնքի և այլ իրավասու մարմինների ներկայացուցիչներ: Եվրոպայի խորհրդի գործընկերները նշել են, որ տպավորված են ՀՀ արդարադատության նախարարի հետ փետրվարի 25-ին տեղի ունեցած հանդիպումից, որը նրանց կարծիքով, հստակ երաշխիքներ է տալիս պրոբացիոն ծառայության ստեղծման ժամկետների հարցում: Քննարկման մասնակիցները կարծիքներ են փոխանակել ներկայացված հաշվետվության վերաբերյալ:
Փաստաթուղթն ընդգրկում է 2014 թվականի մայիսից մինչև 2015 թ-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում իրականացված գործողությունները և ամփոփ ներկայացնում ծրագրի ու ակնկալվող արդյունքների առումով արձանագրված առաջընթացը: Հաշվետվությունն անդրադառնում է նաև ծրագրային գործողությունների իրականացման ընթացքում ծագած խոչընդոտներին, ռիսկերին և հանձնարարականներին, ինչպես նաև իրականացման հաջորդ փուլի հետ կապված մարտահրավերներին: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ պրոբացիոն ծառայության լիարժեք գործարկումը մեծապես կախված է դատական իշխանությունից: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, համաձայնելով Սուրեն Քրմոյանի կարծիքին, կարևորել է պրոբացիոն ծառայության հարցերի շուրջ դատավորների վերապատրաստումը: Նա առաջարկել է հստակեցնել դատավորների վերապատրաստմանն ուղղված դասընթացների ծրագիրը՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանը մեծ կարևորություն է տալիս պրոբացիոն ծառայության անհրաժեշտությանը:
Քննարկմանը մասնակից հայ և օտարերկրացի մասնագետները միակարծիք են եղել, որ ծառայության ներդրման հարցում կարևոր պայմաններից մեկը մտածելակերպի փոփոխության նոր մշակույթի ստեղծումն է: Պատկերավոր նկարագրելով պրոբացիայի գործընթացում փորձ ունեցող երկրների քաղաքականությունը՝ պրոբացիայի հարցերով փորձագետ Մարտին Սեդոնը նշել է, որ մտածելակերպի փոփոխությամբ է միայն հնարավոր տարբեր աստիճանների հանցագործություն կատարած անձանց պահման պայմանների տարանջատումը: Նա կարևորել է այլընտրանքային պատիժներ կիրառող ծառայողների վերապատրաստումը, ինչպես նաև հատուկ մասնագետների՝ հոգեբանների և սոցիալական աշխատողների, կատարելագործումը: Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ համակարգի աշխատակիցների մտածելակերպի փոփոխության հիմքում պետք է լինի դատապարտյալին՝ որպես շահառու մոտենալու անհրաժեշտությունը, ինչը խթանելու է ծառայության ներդրման առաջնային որոշ խոչընդոտների հաղթահարումը: Նախարարի տեղակալը նշել է նաև, որ անհրաժեշտ է այս փուլից սկսած աշխատել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը թոթափելու ուղղությամբ, այդ թվում՝ գործող օրենսդրության շրջանակում: Խոսելով առաջիկայում իրականացվելիք ծրագրերից՝ նշվել է, որ էլեկտրոնային մոնիթորինգի ներդրման պիլոտային ծրագրեր են նախատեսում իրականացնել:
Հաշվետվության համաձայն՝ արդեն իսկ վերանայվել է Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը և ներկայացվել Կառավարության հաստատմանը, մշակվել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ օրենսդրական փաթեթը (ներառյալ` ենթաօրենսդրական ակտերը), որը սահմանված ժամկետում ներկայացվելու է Ազգային ժողով: Ծրագրային գործողությունների իրականացմանն աջակցելու նպատակով ներգրավվել է երկու երկարաժամկետ միջազգային փորձագետ (ԵԺՄՓ), ներկայացվել են տեխնիկական բնույթի առաջարկություններ Հայաստանում էլեկտրոնային մոնիթորինգային համակարգի ներդրման վերաբերյալ, մշակվել են մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության և Գործողությունների պլանի նախագծեր, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարություն:
Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ արձանագրվել է, որ ԵԺՄՓ-ն գնահատել է ուսումնական կարիքներն ու համապատասխան հրահանգներ ներկայացրել ուսումնական նյութերի մշակման վերաբերյալ, որոնք նկարագրում են տեղացի և միջազգային փորձագետների կողմից ձեռնարկվելիք տարբեր գործողությունները: Ձևավորվել է տեղացի և միջազգային խորհրդատուների խումբ, որը մշակել է վերապատրաստման մոդուլներից յուրաքանչյուրի սեղմագրի առաջին տարբերակները: Իրականացվել է փորձի ուսումնասիրման երկու այց Խորվաթիա և Վրաստան: Եվրոպական պրոբացիոն կանոնների մեկնաբանությունները, ինչպես նաև փորձի փոխանակման այցերի ընթացքում հավաքված տեղեկատվությունը թարգմանվել և ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական աշխատանքային խմբին: Մեկնարկել են պրոբացիայի վերաբերյալ իրազեկության բարձրացման քարոզարշավները: Հաշվետվությունը քննարկելուց հետո հանդիպման մասնակիցները մի շարք առաջարկություններ են ներկայացրել Նախարարությանը և հույս հայտնել, որ պրոբացիոն ծառայությունը դրական տեղաշարժեր կբերի քրեական արդարադատության ոլորտում: