Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Այս առաքելությունն է իրականացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայ ժողովրդի պահպանման հարցում դարեր ի վեր:
Հետաքրքրական է, թե ինչ իրավական կարգավիճակ, կազմակերպաիրավական ձև ունի Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այսօր:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:
ՀՀ Սահմանադրությունը լռում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կազմակերպաիրավական ձևի մասին:
Այդ հարցի պատասխանը ուղղակիորեն չի տրվում նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքում:
Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի սեփականություն, մի շարք գույքերի նկատմամբ օգտագործման և այլ գույքային իրավունքներ, այդ գույքային իրավունքներն իրականացնելու համար այն պետք է հանդիսանա իրավունքի սուբյեկտ, ունենա կազմակերպաիրավական ձև: Եվ քանի որ ՀՀ Քաղաքացիական օրենսքրքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չի նշվում որպես առանձին, «հատուկ կարգավիճակ ունեցող» սուբյեկտ, ինչպես օրինակ` պետությունն է, ապա այն պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ:
Այդ մասին է վկայում նաև ՀՀ օրենսդրության որոշ դրույթների վերլուծությունը:
«Կրոնական կազմակերպությունների մասին» 1991թ. օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
Հայաստանյաց Առաքելական եկեղեցին (կրճատ` Հայ եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով.
Կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում` սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն»:
Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` «Կրոնական կազմակերպության սեփականության իրավունքը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքով»:
«Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» 1990թ. օրենքի (ուժը կորցրել է 01.01.1999թ.) 4-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքի սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետությունը, իրավաբանական անձինք և քաղաքացիները, այլ պետությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք ու քաղաքացիները»։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի, օրինակ, հողի հարկի, գույքահարկի վճարման արտոնություններ, իսկ հարկը, ինչպես հայտնի է գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից:
Այսինքն, ՀՀ օրենսդրությունը ի սկզբանե` որպես իրավունքի սուբյեկտ դիտարկելով Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն` այն դասել է իրավաբանական անձանց թվին, որը (իրավաբանական անձը) համաձայն գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:
Եվ ըստ ՀՀ օրենսդրության, և փաստացի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հանդիսանում է իրավաբանական անձ: Որպես իրավաբանական անձ`ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված է «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿԿ (գրանցման ամսաթիվ` 07.12.2007թ.)`հիմնադրված Հակոբ Գևորգյանի և Ներսիսյան Գարեգին Բ-ի կողմից (տես` լուսանկարում):
Նույնանուն կազմակերպություն գրանցվել է նաև 20.03.1998թ.` նույնանուն հիմնադիրների կողմից, որի փաստաթղթերը սակայն, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի, չեն համապատասխանեցվել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի պահանջներին:
Հարկ է նշել, որ ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի` երկու կազմակերպություններն էլ գործող են, քանի որ դրանց` լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեության (գոյության) դադարման մասին պետական միասնական գրանցամատյանում տեղեկություններ գրառված չեն (տես` լուսանկարում)։
ՀԵԻԱ-ի վարչության անդամ, փաստաբան
Արփինե Եղիկյան