Ի՞նչ հիմնավորմամբ է Պերմյակովը գտնվում ռուսական ռազմաբազայում. Իրավաբանի պարզաբանումները

«Տարածքային իրավազորություն» տերմինը, որը քննարկման առարկա է դարձել Գյումրի քաղաքում հունվարի 12-ին տեղի ունեցած հայտնի սպանություններից հետո, իրավաբան Առնոլդ Վարդանյանի համոզմամբ` չի նույնանում մարզերի տարածքային իրավազորության իրավակարգավորման հետ։

«Վերջին օրերին տրված բազմաբնույթ մեկնաբանություններից հետո թվում է, թե իրավաբանության լեզուն պետք է դասենք օտար լեզուների շարքին, որը հասարակ մահկանացուներին` ոչ իրավաբան հասու չէ»,- փոխանցեց մեր զրուցակիցը։

Իրավիճակն ավելի պատկերավոր դարձնելու համար նա բերեց ավելի բարդ օրինակ, քան ներկայիս առաջացած իրավիճակը. «Եթե անձը կատարում է հանձագործություն Բրազիլիայում, հետո շարունակում է այն կամ նոր հանցանք է կատարվում Էմիրատներում ու ավարտում իր հանցավոր ճանապարհը Մոզամբիկում, ապա հարց ո՞ր պետության օրենսդրությունը պետք է տարածվի և որ երկրում անձի պետք է դատվի։ Իհարկե, այս հարցը պետք է լուծվի նաև հաշվի առնելով հանցանքների բնույթը, նպատակները և այլ հանգամանքներ, սակայն առաջնահերթություն պետք է տալ և առաջնորդվել այն հանգամանքնով, թե որ պետության և քաղաքացիների դեմ է ուղղված եղել հանցանքը»։

Իրավաբանը համոզմունք հայտնեց, որ յուրաքանչյուր երկրում պետք է իրականացվի առանձին նախնական քննություն` կապված իր տարածքում կատարված հանցանքների հետ. «Քանզի նախնական քննությունը ենթադրում է բազմապիսի քննչական գործողությունների կատարում, որոնք անքակտելիորեն կապված են հանցանքի կատարման վայրի հետ»,- ասաց նա։

Այնուհետև, ըստ Առնոլդ Վարդանյանի, կապված այն հանգամանքի հետ թե ո՞ր երկրի օրենսդրությունն է տարածվում տվյալ հանցանքի նկատմաբ պետք է որոշվի, թե որ երկրի տարածքում անձը պետք է եթարկվի քրեական պատասխանատվության.

«Ասենք, եթե ՀՀ տարածքում պայթյուն իրականացնելու նպատակով Ռուսաստանից դեպի Հայաստան ուղևորվող գնացքի մեջ տեղադրվում է հեռակառավարվող ռումբ, որ գործողության մեջ է դրվում ՀՀ տարածքում և վնաս պատճառում ՀՀ քաղաքացիներին, ապա հանցանքի կատարման տարածք պետք է համարվի ՀՀ տարածքը։ Ակնբախ է մի բան, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է ՀՀ օրենսդրությունը։ ՀՀ քրեական օրենսգրքի 14–րդ հոդվածի համաձայն ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների վրա տարածվում է ՀՀ օրենսդրությունը` բացառությամբ վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»,- փոխանցեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա` ռուսական ռազմաբազայի կապակցությամբ ՀՀ և ՌԴ միջև կնքված միջպետական համաձայնագրի 4–րդ հոդվածի համաձայն ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից կատարված ենթադրյալ հանցանքները ենթակա են քննության ՀՀ իրավապահ մարմինների կողմից, միաժամանակ 5–րդ հոդվածը սահմանում է բացառություն զինվորական հանցագործությունների համար, որոնք ենթակա են քննության ռուս իրավապահ մարմինների կողմից: Իրավաբանը մանրամասնում է. «Այսինքն, եթե առկա է ռուս զինծառայողի կողմից կատարված զինվորական հանցագործություն` դասալքություն, և ՀՀ տարածքում երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն հանցակազմերը, հետևաբար նախնական քննությունը դասալքության մասով պետք է իրականացվի ռուս իրավապահների կողմից, իսկ դիտավորյալ սպանությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից։ Միևնույն ժամանակ, գտնում եմ, որ այդ գործերի նախնական քննությունը պետք է իրականացվի համատեղ քննչական օպերատիվ խմբերի միջոցով, այսպես ըստ ԱՊՀ տարածքում անդամ պետությունների կողմից ստորագրված 2002 թվականի քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին միջազգային կոնվենցիայի 63–րդ հոդվածի` մեկ կամ մի քանի անձանց կողմից երկու և ավելի Պայմանավորվող կողմերի տարածքներում կատարված կամ նրանց շահերը շոշափող հանցագործությունների արագ և բազմակողմանի քննության նպատակով կարող են ստեղծվել համատեղ քննչական օպերատիվ խմբեր»,- հաղորդեց իրավաբանը:

Այստեղ, ըստ մեր զրուցակցի, միայն բաց է մնում հետևյալ հարցը` ելնելով այն հանգամանքից, որ քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ և ոչ թե անձի նկատմամբ, ապա ո՞ր փաստն են հիմք ընդունել ռուս իրավապահները հանցանք կատարած անձի նկատմամբ հարուցելով քրեական գործ նաև սպանության մասով (դասալքությունից բացի), որը կատարվել է ՀՀ տարածքում և ուղղված է եղել ՀՀ քաղաքացիների դեմ։

«Այժմ դիտարկենք հանցանքը կատարած անձի այժմ ռուս իրավապահների հսկողության ներքո գտնվելու փաստի իրավաչափությունը։ Դասալքություն հանցագործությունը ըստ քրեական իրավունքի տեսության` հանդիսանում է տևող հանցագործություն, որը ավարտվում է անձին ձերբակալելու կամ այդ անձի կողմից մեղայականով ներկայանալու պահից։ Երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանությունը քրեական իրավունքի տեսության համաձայն համարվում է շարունակվող հանցագործություն և փաստացի ավարտվում է սպանված անձանցից վերջինին սպանելու պահից։ Այսինքն` ռուս զինծառայողի կողմից կատարված հանցագործությունները նրա ձերբալամամբ դե ֆակտո և դե յուրե ավարտվել են ՀՀ տարածքում, այժմ հետևյալ հարցը, ի՞նչ հիմնավորմամբ է ռուս զինծառայողը այժմ գտնվում ռուսական ռազմաբազայում, այլ ոչ թե Հայաստանի տարածքում գտնվող կալանատներից մեկում։ Այսինքն, հանցանքը կատարած անձը պետք է գտնվեր ՀՀ իրավապահ մարմինների իրավազորության ներքո և եթե խոսենք հանձնման մասին, ապա ոչ թե հայկական կողմը պետք է հայցի հանցանքն կատարած անձի հանձնում, այլ ռուս իրավապահները»,- շեշտեց իրավաբանը։

Անդրադառնալով այն հարցին, թե որտեղ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի Վալերի Պերմյակովը, Առնոլդ Վարդանյանն ասաց. «Ըստ Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին միջազգային կոնվենցիայի 66–րդ հոդվածի` պայմանավորվող կողմերը պարտավորվում են, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան, հարցման հիման վրա միմյանց հանձնել իրենց տարածքներում գտնվող անձանց` քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար: Այսինքն, կատարված հանցանքներից յուրաքանչյուրի համար ռուս զինծառայողը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ըստ տվյալ հանցանքներից յուրաքանչյուրի համար այդ անձին դատապարտելու իրավասություն ունեցող պետության դատարանի, այսինքն` ՀՀ դատարանի կողմից երկու և ավելի անձանց սպանության համար, իսկ ՌԴ դատարանի կողմից դասալքության համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել