Ինչպե՞ս օրինականացնել այն տարածքը, որտեղ բնակվում եք

Կյանքում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ բնակվում ես մի վայրում, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ: ՀՀ Ազգային ժողովը 2008 թվականի հունիսի 10-ին ընդունել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որն էլ հենց կարգավորում է նմանատիպ դեպքերը:

Սակայն վերը նշված օրենքով սահմանված նորմերը կիրառելու դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք պայմաններ:

Այսպես, ՀՀ համայնքների վարչական տարածքներում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա վերը նշված Օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Այնուհետև, ՀՀ համայնքների վարչական տարածքներում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող և վերը նշված Օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում)` քաղաքացիներին պատկանող՝ բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավել օգտագործվող` մինչև 300 քառակուսի մետր սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և (կամ) բնակելի նշանակության օժանդակ շինությունները, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա վերը նշված օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, որի (որոնց) սեփականությունը համարվող հողամասին կից է ավել օգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Վերոշարադրված դեպքերում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված համայնքի ղեկավարի որոշումը, որում պարտադիր նշվում են`
1) իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին), բնակելի տան հասցեն.
2) տեղեկատվություն բնակելի տան կառուցման տարեթվի մասին.
3) տեղեկատվություն այն մասին, որ անշարժ գույքը բավարարում է վերը նշված Օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները:

Համայնքի ղեկավարի որոշման հետ գրանցող մարմին է ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխան հողամասի հատակագիծը:

Սահմանված 300 քառակուսի մետր հողամասից ավել զբաղեցված, չկառուցապատված հողամասի առկայության դեպքում ավել օգտագործվող հողամասը սահմանված կարգով օտարվում է դրա կադաստրային արժեքով:

Նշենք նաև, որ Օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում համայնքի ղեկավարի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե սույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:

Նյութի 1-ին մասով մասում սահմանված հիմքերի ուժով անհատույց տրամադրվող` անհատական բնակելի տների կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսի առավելագույն չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Կարևոր է իմանալ նաև, որ նշված Օրենքը չի տարածվում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և Օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) կիսակառույց շենքի, շինությունների և դրանցով զբաղեցված հողամասերի, մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված բնակտարածության իրացման դիմաց փոխհատուցում ստացած անձանց, պետական և համայնքային հիմնարկներին ամրացված պետական կամ համայնքային հողամասերի վրա, ինչպես նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել