Մեկնարկել է Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը

Նոյեմբերի 3-ից Ստրասբուրգում մեկնարկեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը: Այս տարի այն անց է կացվում «Մասնակցությունից ազդեցություն. Կարո՞ղ են արդյոք երիտասարդները վերակենդանացնել ժողովդրավարությունը» թեմայի շուրջ: Այս ֆորումին մասնակցում է նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

Նա տեղեկացրեց, որ Ստրասբուրգի համաշխարհային ֆորումը առաջնորդների, կարծիք ձևավորողների, քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների, բիզնես ոլորտի, գիտության, մեդիայի և մասնագիտացված խմբերի ներկայացուցիչների ամենամյա հավաք է, որտեղ մասնակիցները հնարավորություն են ստանում քննարկումներ ծավալել ողջ աշխարհում ժողովրդավարության զարգացման հիմնական մարտահրավերների շուրջ: Համաշխարհային ֆորումի շրջանակներում ձևավորված և շրջանառված գաղափարները հետագայում օգտագործվում են Եվրոպայի խորհրդի և ժողովրդավարության ու ժողովրդավարական կառավարման ոլորտում նրա բազմաթիվ գործընկերների աշխատանքում:

Այսօր Համաշխարհային ֆորումին բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Եվրոպայի Խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ջոսելին Կաբալլերոն, Ալզասի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ֆիլիպ Ռիշարը: Բացման արարողությանը ներկա էր նաև Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռայսը: Սյուզաննա Սողոմոնյանը Ստրասբուրգից տեղեկացրեց, որ բացման արարողությանը հաջորդեց կլոր սեղան քննարկում, որը վարում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը: Քննարկման թեման էր. «Երիտասարդները որպես համաշխարհային փոփոխության իրագործողներ»:

Նշենք նաև, որ ֆորումի շրջանակենորում նոյեմբերի 5-ին նախատեսվում են կլոր սեղան քննարկումներ «Երիտասարդական նախաձեռնություններից դեպի համակարգային փոփոխություններ» թեմայով, ինչպես նաև եզրափակիչ նիստ «Ժողովրդավարության ձայնը» խորագրի ներքո: 2014 թվականի ժողովրդավարության համաշխարհային ֆորումը կշարունակվի մինչև նոյեմբերի 6-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել