Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց ադրբեջանցի երկու քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ամբաստանյալները դատարանում իրենց մասնակի մեղավոր են ճանաչել: ԼՂՀ օրենսդրության համաձայն՝ ամբաստանյալներին տրամադրվել են պաշտպաններ: Դատարանում նրանց իրավունքների այսուհետ կպաշտպանեն փաստաբաններ Էրիկ Բեգլարյանն ու Արկադի Իսրայելյանը:
Շահբազ Գուլիևի իրավունքների պաշտպան Արկադի Իսրայելյանը Իրավաբան.net-ի հետ հեռախոսազրույցում ԼՂՀ տարածքում ամբաստանյալ Գուլիևի հայտնվելու առնչությամբ ասաց. «Իմ պաշտպանյալը նշում է, որ ԼՂՀ տարածք են մուտք գործել, իբր թե, ոստկի ման գալու»: Նա նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը խոստովանել է ապօրինի զենք և զինամթերք պահելու մասին: Բացի այդ ամբաստանյալը ընդունել է ապօրինի սահմանը հատելու մեղադրանքը` հաղորդելով, որ հատելիս չեն իմացել սահմանի մասին:
Դիլհամ Ասկերովի իրավունքները դատարանում պաշտպանում է փաստաբան Էրիկ Բեգլարյանը: Մեղադրողն ավագ դատախազ Կարեն Գաբրիելյանն է:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
Լուսանկարը` Բելլա Լալայանի ֆեյսբուքյան էջից: