Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՀՀ Առողջապահության նախարարությունում

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Իշխան Զաքարյանը ներկայացրեց, որ Արմեն Մուրադյանի հետ մեկ ամիս առաջ կայացած գործնական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ոլորտում առկա խնդիրները համատեղ քննարկել` դրանք ժամանակին վերացնելու նպատակով։

«Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ, այլ ձգտում է նաև աջակցել։ Հաշվի առնելով, որ ստուգող աչքը շատ բան է տեսնում, փորձում ենք ընթացքում վեր հանված թերություններն ու բացթողումները շտկել»,-ասաց Վերահսկիչ պալատի նախագահը` նշելով, որ անցած տարի այդ սկզբունքով  փորձնական աշխատել են  կրթության և գիտության նախարարության մի քանի ծագրերի ստուգման ընթացքում։

Վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ առողջապահական-սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, որոնք ռիսկեր են պարունակում, իրենց տեսադաշտում կլինեն առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Այնուհետև Իշխան Զաքարյանն անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարությունում 2013 թվականին կատարված ստուգումների արդյունքում բացահայտված թերություններին։  

Առողջապահության նախարարը ևս համագործակցության իր մեծ պատրաստակամությունը հայտնեց։

«Վերահսկիչ պալատի կողմից բարձրացված բոլոր խնդիրները և դրանց ուղղությամբ ներկայացված առաջարկությունները հիմնականում արտացոլում են առողջապահության ոլորտում առկա իրական խնդիրները։ Եւ մենք հետևողականորեն շարունակելու ենք  դրանք շտկելու ուղղությամբ համակարգային քայլերը` համագործակցելով նաև Վերահսկիչ պալատի հետ»,-ասաց Արմեն Մուրադյանը։

«Մենք ուզում ենք համակարգային լուրջ բարեփոխումներով արմատախիլ անել այդ խնդիրները։ Որոշակի բացեր կան նաև օրենսդրական դաշտում։ Դրանք մենք կառուցողական համագործակցությամբ կարող ենք կարգավորել»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Որպես օրենսդրական բաց ներկայացվեց դեղի կամ պատվաստանյութի գնման ժամանակ տեխնիակական բնութագրում միայն մեկ չափորոշչի` երկրում նրա գրանցված լինելու առկայությունը։ Իսկ որակի, արդյունավետության և հասցեականության ապահովման համար լծակներ չկան։ Դրա արդյունքում ամենից ցածր գնով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերից հիվանդների մի հատված հրաժարվում է։

«Պետք է օրենսդրական դաշտը թույլ տա, որ տեխնիկական բնութագրերը ոչ թե նեղացնեն դաշտը, այլ գնվող դեղի, սարքավորման որակն ապահովող չափորոշիչներ գործեն։ Ձեր կառույցի, փորձագետների ուղղակի աջակցությամբ պետք է փորձենք այնպիսի բնութագրեր ստեղծել, որ ոչ թե դաշտը նեղացնենք, այլ հակառակը՝ որակ` հետևաբար արդյունավետություն և հասցեականություն ապահովենք։ Մանավանդ, որ դուք այսօր արդեն արտասահմանյան երկների մասնագետների ձևավորված կարծիքն ունենք։ Ողջունելի է կառուցողական Ձեր մոտեցումը. տարեվերջին սխալներն ու խնդիրներն արձանագրելու փոխարեն ընթացքում դրանք վեր հանել և համատեղ ջանքերով օր առաջ շտկել կամ լուծել։ Այս մոտեցումը կնպաստի առողջապահական ոլորտի բոլոր գնումների արդյունավետության  բարձրացմանը, հետևաբար և առողջապահական ցուցանիշների բարձրացմանը»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Երկուստեք վստահություն հայտնվեց, որ ստեղծված աշխատանքային խումբն արդյունավետ կաշխատի, աշխատանքային կարգով դրվագ առ դրվագ քննարկումներ կկազմակերպվեն տարիներ շարունակ կուտակված խնդիրները օր առաջ  լուծելու և  իրավիճակը բարելավելու նպատակով։  

Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ moh.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել