Արդարադատության խորհրդի կազմավորման ներկայիս ձևը բավականին խնդրահարույց է. ԱԽ անդամ Գագիկ Ղազինյան

Թեպետ 1995 թվականից սկսած անընդհատ բարելավվում է Արդարադատության խորհրդի գործունեությունը, բայց նրա աշխատանքում բացեր կան: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Արդարադատության խորհրդի անդամ Գագիկ Ղազինյանը:

«Սահմանադրական բարեփոխումների նախագծով առաջարկվող փոփոխությունները եթե իրացվեն, ապա գոնե այս պահին լուրջ նախադրյալներ կստեղծեն, որպեսզի Արդարադատության խորհուրդը լինի իրոք հավասարակշիռ և ցանկության դեպքում կարողանա կատարել իր առաքելությունը` դրանով իսկ նպաստելով դատական համակարգի անկախության կայացմանը: Այսօր, ցավոք սրտի չի կարող: Եվ դա հենց սահմանադրական կարգավորման արդյունքում»,- կարծում է իրավաբան- գիտնական Գագիկ Ղազինյանը:

Ըստ ՀՀ Սահմանադրության` Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված 9-ը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։ Արդարադատության խորհրդի անդամի խոսքով` խորհրդի կազմավորման ներկայիս ձևը բավականին խնդրահարույց է. «Դատավորը մարդկայնորեն որքանո՞վ է պատրաստ իր գործընկեր դատավորի նկատմամբ որևէ բացասական որոշում կայացնել»:

Գագիկ Ղազինյանի փոխանցմամբ` առաջարկ կա Արդարադատության խորհրդի կազմում ներգրավվել նաև կենսաթոշակի անցած փորձառու, չարատավորված դատավորների, քանի որ նրանք ազատ են համակարգի ներսի որոշակի ազդեցությունից: Նրանք, ովքեր լինելու են խորհրդի կազմում, պետք է այդ ժամանակահատվածում դադարեցնեն իրենց դատավորի լիազորությունները` ստանալով համապատասխան աշխատավարձ: Այսօրվա իրավակարգավորումների պայմաններում հնարավորություն չի տրվում Արդարադատության խորհրդի անդամին հատուկ կարծիք գրել և, «փոքրամասնություն լինելու» պատճառով, քննարկվող թեման այլ լուծում է գտնում և ստացվում է, որ Արդարադատության խորհուրդը սուբյեկտիվ է, բայց իրականում խորհրդի մեկ կամ մի քանի անդամ քննարկվող թեմայի վերաբերյալ այլ կարծիք է ունենում:

«Ասում ենք` դատական համակարգին չպետք է կպնել, չպետք է միջամտել, բայց շատ վատ է, երբ դատական իշխանությունը դառնում է ինքնաբավ. իր բոլոր հարցերը լուծում է ինքը: Արդարադատության խորհուրդը դառնում է որպես դրան ծառայող, որովհետև այդ 9 անձինք են որոշում դատավոր ընտրելու, դատավորին հետ կանչելու, տույժի ենթարկելու և այլ հարցերը: Դառնում է փակ շղթա, և ես դատական համակարգի ներսում ինչ ուզում, անում եմ: Ես համաձայն եմ, որ գործադիրը չպետք է միջամտի նրանց բուն գործունեությանը, բայց ներսում պետք է համապատասխան մեխանիզմներ ստեղծել` կառույցի անկախությունը երաշխավորելու համար»,- եզրակացնում է ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակով կարևորվում է Արդարադատության խորհրդի դերի և գործունեության արդյունավետության բարձրացումը:

«Սահմանադրական այս մարմինն առաջին հերթին պետք է ունենա կառուցակարգային անկախության այնպիսի մակարդակ, որով ապահովագրված կլինի ոչ իրավաչափ կամ հայեցողական ազդեցություններից: Բացի դրանից, արդարադատության խորհրդին հարկ է օժտել սահմանադրական այնպիսի գործառույթներով, որոնցով այն ի զորու կլինի գործուն դեր կատարել դատական իշխանության անկախության ու ինքնուրույնության ապահովման հարցերում: Այս առումով, ի թիվս այլնի, նոր իրավակարգավորման կարիք ունեն արդարադատության խորհրդի ձևավորմանը, իշխանության այլ ինստիտուտների (այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության) հետ դրա փոխհարաբերություններին, ինչպես նաև այս մարմնի կազմին և լիազորությունների շրջանակին վերաբերող հարցերը»,- գրված է հայեցակարգում:

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել