Քննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։
Այդ կարողությունները սովորեցնելը կրթական համակարգի անելիքն է։ Մեզ դա չեն սովորեցրել․ կրթական համակարգը տարիներ շարունակ ոչ թե քննադատական, այլ դոգմատիկ մտածողություն է սերմանել։ Ոչ թե մտածել է սովորեցրել, այլ հիշել ու մտապահել։ Մեր կրթական համակարգը մեզ սովորեցրել է ոչ թե վերլուծել խնդիրները, առերեսվել դրանց, այլ լռել դրանց մասին։ Ու այսօր մեր հանրային խոսույթը նաև այդ կրթական համակարգի խնդիրների արտացոլանքն է։
Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է։ Չի կարող չփոխվել։ Մեր երեխաները համարձակ են, խնդիրները ձևակերպող, խնդիրների մասին խոսող։ Պիտի արժանի լինենք մեր երեխաներին։ Իսկ նրանք արժանի են խաղաղության։ Մենք արժանի ենք խաղաղության»,-նշել է նա։