ԱՀ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական պաշտպանության համատեքստում 2025 թվականի ապրիլի 10-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 417-Լ որոշումը, որով հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Այս միջոցառումը փոխարինում է նախկինում գործող՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1763-Լ որոշմամբ նախատեսված աջակցությանը, որի դադարեցումը անհրաժեշտություն է առաջացրել նոր կարգավորման:
Դիմում ներկայացնելու գործընթացը նախատեսվում է իրականացնել e-social.am կայքի միջոցով, որտեղ յուրաքանչյուր դիմող պետք է ստեղծի անհատական օգտահաշիվ՝ նույնականացվելով բնակչության պետական ռեգիստրի միջոցով։
Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի իրավաբան Մարիաննա Ավագյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ գործնականում ի հայտ են գալիս մի շարք տեխնիկական և վարչարարական խնդիրներ։
«Օգտագործողների կողմից արձանագրվում են կայքի տեխնիկական խաթարումներ՝ տվյալների նույնականացման ձախողումներ, գրանցման անհասանելիություն և մերժումներ այն հիմնավորմամբ, որ ներկայացված փաստացի բնակության հասցեն չի համընկնում բնակչության ռեգիստրում հաշվառված հասցեի հետ։ Այս խնդիրը հատկապես մտահոգիչ է, քանի որ դիմումատուից պահանջվում էր ներկայացնել ոչ թե հաշվառման, այլ փաստացի բնակության հասցեն։ Իսկ փաստացի բնակության հասցեն և հաշվառման հասցեն ոչ միշտ է որ համընկնում են»,-նշում է նա։
Մարիաննա Ավագյանը ներկայացնում է, որ որոշմամբ նախատեսված դրամական աջակցության չափը՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40,000 դրամ, իսկ հաջորդ անդամների համար 10,000 դրամ՝ ակնհայտորեն անհամարժեք է Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրողություններին։
«Այս գնահատականը հիմնավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով, այդ թվում՝
- բնակարանների վարձակալության բարձր վարձավճարներով, որոնք զգալիորեն գերազանցում են նախատեսված աջակցությունը,
- աշխատաշուկայում տարիքային խտրականության դեպքերով, որոնք հատկապես դժվարություններ են ստեղծում միջին և բարձր տարիքի անձանց համար,
- սպառողական ապրանքների գների անընդհատ աճով, որն էլ ավելի է խոցելի դարձնում սոցիալական առումով անապահով խմբերին»,-ասաց նա։
Իրավաբանի խոսքով՝ այս ամենը հանգեցնում է նրան, որ առաջարկվող աջակցությունը չի կարող իրականում կանխել շահառու ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը և նրանց կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը։
«Վերլուծության արժանի է նաև որոշման ձևակերպման որոշ առանձին դրույթներ։ Մասնավորապես՝ «ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամ» ձևակերպումը իրավական առումով հստակ չէ և կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ՝ ինչպես շահառուի, այնպես էլ պետական մարմինների կողմից։ Բացի այդ, որոշումը սահմանափակում է աջակցության իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այդ թվում միայն այն ընտանիքներին, որոնց գոնե մեկ անդամի տվյալները առկա են նախկինում՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1675-Լ որոշման կամ Օպերատիվ շտաբի ցուցակներում։ Այս սահմանափակող մոտեցումը ենթադրում է, որ այն անձինք, ովքեր փաստացի բռնի տեղահանվել են, սակայն որևէ տեխնիկական կամ փաստաթղթավորման խոչընդոտի պատճառով չեն ներառվել այդ ցուցակներում, զրկվում են աջակցությունից՝ անկախ իրենց իրական կարիքներից։ Նման մոտեցումը հակասում է սոցիալական պաշտպանության ոլորտի իրավաչափության, համաչափության և համընդհանուր հասանելիության սկզբունքներին»,-ընդգծում է Մարիաննա Ավագյանը։
Ըստ նրա՝ այս մոտեցումը բացառում է այն անձանց, ովքեր փաստացի բռնի տեղահանվել են ԱՀ-ից, սակայն տարբեր պատճառներով նրանց տվյալները չեն ներառվել վերոնշյալ ցուցակներում․ «Այս խնդիրը արդեն իսկ բազմիցս արձանագրվել է նախորդ որոշումների կիրառման ընթացքում, սակայն չի ստացել իրավական լուծում»:
Իրավաբանն ասում է, որ նախագծում բացակայում է «ընտանիք» հասկացության հստակ սահմանումը, ինչը կարող է խնդիրներ առաջացնել այնպիսի դեպքերում, երբ ընտանիքը բաղկացած է համատեղ չբնակվող կամ փաստացի այլ կազմ ունեցող անդամներից։ Հաշվի առնելով բռնի տեղահանված անձանց հատուկ կարգավիճակը, անհրաժեշտ է հստակեցնել, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամներ տվյալ միջոցառման տրամաբանության շրջանակում։
«Ամփոփելով վերոնշյալ դիտարկումները՝ հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում արդեն իսկ գործում են սոցիալական աջակցություն տրամադրելու հիմնարար մեխանիզմներ։ Օրինակ, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը հիմքում ունի ընտանիքների անապահովության գնահատման բազմագործոն մեխանիզմը, որը կարող է ապահովել առավել համապարփակ և օբյեկտիվ սոցիալական գնահատում։ Սակայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում պետք է հաշվի առնել մի շարք առանձնահատկություններ, որոնք բնորոշ չեն սովորական սոցիալապես անապահով խմբերին։
Այս անձինք.
- փաստացիորեն կորցրել են իրենց հիմնական ապրուստի աղբյուրները՝ գույքը, բնակարանը, աշխատանքը,
- գտնվում են հարկադիր տեղափոխության հետևանքով առաջացած ոչ կամավոր, անկայուն և անորոշ վիճակում,
- ունեն միջազգային իրավունքով ճանաչված հատուկ կարգավիճակ, ինչը ենթադրում է պետության կողմից առավել մեծ պատասխանատվություն նրանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության հարցում»,-ասում է Մարիաննա Ավագյանը։