Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։ Նախագահական վարչակազմից հայտնում են՝ կողմերը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Զրույցի ընթացքում Էրդողանը ընդգծել է, որ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելը «տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է» և կրկին ցույց է տվել դա՝ հարձակվելով Իրանի վրա։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայելը պետք է կանգնեցվի լարվածությունը նվազեցնելու համար։
Պետության ղեկավարը նաև նշել է, որ միջազգային հանրության անգործությունը Պաղեստինում Իսրայելի կողմից իրականացված օկուպացիայի և ցեղասպանության նկատմամբ միայն խրախուսել է Թել Ավիվի ագրեսիան։ Նա հավելել է, որ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընթացող միջուկային բանակցությունների ֆոնին, ինչը, ըստ նրա, խաղաղության ջանքերը խաթարելու փորձ է։
Էրդողանը շեշտել է, որ Իսրայելի հարվածները, որոնք հանգեցրել են ռադիոակտիվ նյութերի արտահոսքի, անպատասխանատու սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգության համար։ Նրա կարծիքով, միջուկային վեճը կարող է լուծվել միայն դիվանագիտական բանակցությունների շարունակության միջոցով։