Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը հետագա հարձակումներով սպառնում են Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում «շատ հաջող» է որակել Իրանի վրա իրականացված հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

«Մենք շատ հաջող մեկնարկային հարված իրականացրինք։ Եվ մենք ավելիին կհասնենք, – նշել է Նեթանյահուն։ – Մենք հարվածեցինք ավագ հրամանատարությանը, մենք հարվածեցինք միջուկային զենքի զարգացումն առաջ մղող ավագ գիտնականներին, մենք հարվածեցինք միջուկային կայանքներին», – ասել է նա։

«Մենք ձեռքբերումներ ենք գրանցում։ Բայց ես գիտեմ, և դուք գիտեք, որ հեշտ պատերազմներ չկան», – հավելել է նա։

Նեթանյահուի խոսքով՝ «իսրայելցիները, հնարավոր է, ստիպված լինեն շատ ավելի երկար ժամանակ անցկացնել ապաստարաններում, քան սովոր էին մինչ այժմ»։

Իրանի վրա հարձակումն ավարտելուց անմիջապես հետո հայտարարություն է տարածել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա նշել է, որ բանակը «կշարունակի իր գործողությունները Իրանի միջուկային ծրագիրը խափանելու և Իսրայել Պետությանը սպառնացող վտանգները վերացնելու համար»։

«Իսրայելի ոչնչացման ծրագրի տարածմանը մասնակցած Իսլամական հեղափոխության պահապանների, իրանական բանակի և միջուկային ոլորտի գիտնականների ղեկավարությանը հասցված ճշգրիտ հարվածը հզոր և հստակ ուղերձ է առ այն, որ նրանք, ովքեր աշխատում են Իսրայելը ոչնչացնելու ուղղությամբ, կոչնչացվեն», – ասել է Կացը։

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել