ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել լիակատար արգելք՝ 12 երկրի քաղաքացիների մուտքի համար, ինչպես նաև մասնակի արգելք՝ ևս յոթ երկրի քաղաքացիների նկատմամբ, հայտնում է DW-ն։
Լիակատար արգելքը վերաբերում է հետևյալ երկրների քաղաքացիներին՝ Աֆղանստան, Մյանմա, Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն։
Մասնակի արգելքը տարածվում է Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների վրա։ Նրանց այլևս չեն տրամադրվի զբոսաշրջային և ուսանողական վիզաներ։ Միևնույն ժամանակ, կշարունակեն տրամադրվել օրինակ՝ աշխատանքային վիզաներ կամ վիզաներ՝ ԱՄՆ քաղաքացի բարեկամների հետ միավորվելու նպատակով։
Արգելքների մեջ բացառություններ են նախատեսված ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց («գրին քարտ»), երկքաղաքացիություն ունեցողներին, եթե ունեն վավեր անձնագիր արգելքով չհետապնդվող երկրից, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների «որոշ ընտանիքի անդամների» համար։
Սպիտակ տան կայքում ներկայացված են այն պատճառները, որոնց հիման վրա վարչակազմը կիրառել է արգելքը։ Դրանք ներառում են՝ որոշ երկրներում «անբավարար ստուգման ընթացակարգերը», ժամկետանց վիզաներով մնալու դեպքերի մեծ թիվը, տեղեկատվության փոխանակման հարցում համագործակցության պակասը, «ահաբեկիչների զգալի ներկայությունը կամ պետության կողմից հովանավորվող ահաբեկչությունը», ինչպես նաև որոշ երկրների մերժումը՝ հետ ընդունել ԱՄՆ-ից արտաքսված իրենց քաղաքացիներին։
Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը իր առաջին նախագահության ժամանակ արդեն սահմանել էր նման արգելք՝ Կուբայի, Չադի, Իրանի, Լիբիայի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի, Վենեսուելայի և Եմենի քաղաքացիների համար։ Այդ միջոցը չեղարկեց Ջո Բայդենը։ Այս անգամ Հյուսիսային Կորեան և Սիրիան չեն ընդգրկվել ոչ լիակատար, ոչ էլ մասնակի արգելքի ցանկերում։
Թրամփի խոսքերով՝ այդ միջոցառումը իր առաջին ժամկետում «ծայրահեղ հաջողված» էր և կանխել է ահաբեկչությունները ԱՄՆ-ում։
«Մենք վերականգնելու ենք մուտքի արգելքը և չենք թույլ տալու ռադիկալ իսլամիստ ահաբեկիչներին մուտք գործել մեր երկիր»,-հայտարարել է Թրամփը։