Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը միշտ եղել են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արդարության կողքին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում 2020 թվականի 44-օրյա «Հայրենական պատերազմի» (չակերտները՝ խմբ․,) առաջին օրերից ի վեր Թուրքիայի և Պակիստանի կողմից մեր երկրին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցության համար։ Ադրբեջանն իր հերթին միշտ մոտ է եղել Թուրքիային և Պակիստանին»,-նշել է նա։
Այդ երկրի նախագահը նաև հայտարարել է, որ «Օկուպացիայից ազատագրված Լաչինում» (օկուպացված Բերձորում) գագաթնաժողովի անցկացումը մեծ խորհրդանշական նշանակություն ունի։
Ալիևը հիշեցրել է, որ սա արդեն երկրորդ գագաթնաժողովն է այս ձևաչափով. «Անցյալ տարվա հուլիսին կայացավ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան առաջին գագաթնաժողովը։ Ես վստահ եմ, որ մենք կշարունակենք այդ ավանդույթը»։