Հայաստանը չի տրամադրել ականների քարտեզներ այն տարածքների համար, որտեղ տեղի են ունեցել պայթյուններ, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա նաև նշել է, որ 2021 թվականից ի վեր Հայաստանի կողմից ներկայացված ականների քարտեզներն ապացուցել են, որ քիչ օգուտ են տալիս։
«Դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը։ 2020 թվականի նոյեմբերից ականների մոտ 400 դեպք է եղել։ Հայաստանը ընդհանրապես չի տրամադրել ականների քարտեզ՝ կապված այն տարածքների հետ, որտեղ տեղի են ունեցել պայթյուններ»։
Բայրամովը հավելել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի շուրջ շփումները շարունակվում են մի շարք ոլորտներում և Հայաստանին մեղադրել «լուրջ քայլեր» չձեռնարկելու համար։
«Ադրբեջանը ակնկալիքներ ունի Հայաստանից։ Սա տարածքային պահանջներից հրաժարումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Մենք հետևում ենք այս գործընթացներին»։