Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Կարմիր հրապարակում անցկացվող շքերթի մասնակիցներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
ՏԱՍՍ-ը հրապարակել է ՌԴ նախագահի շնորհավորանքի ամբողջական տեքստը, որը հասանելի է նաև Կրեմլի կայքում։
«Հարգելի Ռուսաստանի քաղաքացիներ, hարգելի վետերաններ, hարգելի հյուրեր: Ընկեր զինվորներ և նավաստիներ, ընկեր սպաներ, գեներալներ և ծովակալներ։
Շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ։
Այսօր մեզ բոլորիս միավորում են ուրախության և տխրության, հպարտության ու երախտագիտության զգացումները և հիացմունքն այն սերնդի հանդեպ, որը ջախջախեց նացիզմը և միլիոնավոր կյանքերի գնով նվաճեց ազատություն և խաղաղություն ողջ մարդկության համար:
Մենք հավատարմորեն պահպանում ենք այս պատմական, հաղթական իրադարձությունների հիշողությունը։ Եվ որպես հաղթողների ժառանգորդներ՝ մենք մայիսի 9-ի տոնը նշում ենք որպես մեր տոնը, որպես երկրի, ողջ ժողովրդի, յուրաքանչյուր ընտանիքի, մեզանից յուրաքանչյուրի համար կարևորագույն տոն։
Հայրենիքը փրկել են մեր հայրերը, պապերն ու նախապապերը։ Եվ նրանք մեզ կտակել են պաշտպանել մեր Հայրենիքը, լինել միասնական, ամուր պաշտպանել մեր ազգային շահերը, մեր հազարամյա պատմությունը, մշակույթը, ավանդական արժեքները։ Այն ամենը, ինչ մեզ համար թանկ է, այն ամենը, ինչ մեզ համար սուրբ է:
Մենք հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չենք համաձայնի դրա իրադարձությունների խեղաթյուրմանը, դահիճներին արդարացնելու և իսկական հաղթողներին զրպարտելու փորձերին։
Մեր պարտքն է պաշտպանել Կարմիր բանակի զինվորների և հրամանատարների պատիվը, տարբեր ազգերի ներկայացուցիչների մեծ սխրանքը, որոնք հավերժ կմնան համաշխարհային պատմության մեջ որպես ռուս զինվորներ։
Ռուսաստանը եղել է և կլինի անխորտակելի պատնեշ նացիզմի, ռուսաֆոբիայի, հակասեմիտիզմի համար և պայքարելու է այդ ագրեսիվ, կործանարար գաղափարների ջատագովների կողմից իրականացված վայրագությունների դեմ»։
ՌԴ նախագահը նաև նշել է, հատուկ ռազմական գործողության մասնակիցներին աջակցում է ողջ երկիրը, հասարակությունը, ժողովուրդը. «Մենք հպարտ ենք նրանց քաջությամբ ու վճռականությամբ, ոգու ուժով, որը մեզ միշտ միայն հաղթանակ է բերել»։