Բոլորը գիտեն նկարել, անգամ նորածին երեխային Աստված տալիս է այդ տաղանդն ու շնորհը. վստահություն է հայտնում նկարիչ Ռուբեն Բաբայանն ու հավելում՝ կյանքի ընթացքում այդ տաղանդը ամեն մարդու մոտ չէ, որ զարգանում է։
Մեր արվեստագետը, սակայն, իր էության մեջ զարգացրել է այդ ձիրքը՝ սնելով նրան հոգևոր կարևոր արժեքներով, նկարչին բնորոշ հատկանիշներով․ «Ինձ մոտ այս զգացմունքները ձևավորվել են 7-8-րդ դասարանից։
Փոքրուց իմ եղբայրը ինձանից լավ էր նկարում, ինքը մինչև անգամ դպրոցում 5 էր ստանում։ Մեր տուն հաճախ էին ճանաչված, հայտնի նկարիչներ գնում-գալիս, շփումը շատ էր, ես, երևի, նրանց շնորհիվ գտա ինձ»։
Նկարչի վրձինը պատմում է այն, ինչ խոսքերով անհնար է արտահայտել։ Նա տեսնում է աշխարհն այնպես, ինչպես ոչ ոք՝ գույներով, ձևերով ու զգացմունքներով։ Նկարչի սիրտն է այն կտավը, որին նա ամեն անգամ կյանք է տալիս նոր շնչով։
Այս հիանալի աշխարհին, արվեստի մոգությանը և նկարչի հոգևոր ճանապարհին կարող եք ծանոթանալ «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի ութերորդ մասում, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից:
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
Ռուբեն Բաբայանը պատմում է՝ մինչև ուսանող լինելը արվեստի պատմության մասին շատ բան չի իմացել, բայց ուսանողական շրջանում գյուղում մեծացած տղայի համար շատ կարևոր դարձավ ուսումնասիրել համաշխարհային արվեստը․ «Դա գալիս է նաև իմ ուսուցչից՝ լուսահոգի Քամալյանին, որը շատ ճիշտ ուղղություն տվեց բոլորիս՝ որտեղից սկսել, ում ուսումնասիրել»։
Նկարչի դիտարկմամբ՝ երբ դու պրոֆեսիոնալ ես, տարբեր նյութերի մեջ պետք է գտնես քո ասելիքը, և կարողանաս բովանդակությունը այդ կերպ արտահայտել․ «Ես միշտ ասել եմ՝ եթե մարդու մեջ մշակույթ չեղավ, նա չի կարող դառնալ ղեկավար, չի կարող ճիշտ ճիշտ խոսք ասել, չի կարող սովորեցնել։ Այս բնությունը ինքը մշակույթ է»։
Վարպետը նշում է՝ աշխարհի կարգն է այդպես՝ արվեստագետը պետք է միշտ սոված լինի։ Որպես նկարիչ՝ նա գիտի, թե ինչ է նշանակում ստեղծել մի աշխարհ, որը կերակրում է հոգիներ, բայց ինքը ևս միշտ կարիք ունի սննդի՝ հոգևոր սննդի․ «Ստեղծագործող մարդը պետք է անընդհատ կարիք ունենա ստեղծագործելու, պրպտելու, զբաղվելու, ժամանակը ավելի շատ օգտագործի այդպես, ոչ թե տարատեսակ հաճույքների համար»։
Մեր զրուցակիցը ցանկացած աշխատանք անելիս էլ իր արվեստի, նկարչության մասին է մտածում, այդպես է իրենց ճիշտ մարդ զգում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: