«Արարել բառն արդեն իսկ շատ պարտավորեցնում է․ ես ծնվել եմ արվեստի մեջ»․ նկարչուհի Լիլիթ Սողոմոնյան

Աշխատանք հանուն արդյունքի, ասելիք, գեղեցիկի փնտրտուքներ, զգացումներ․ արվեստի մեջ այս և այլ պատկերների ամբողջությունն արտացոլվում է նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանի նկարների մեջ։

Ինչպե՞ս սիրեց արվեստն ու այն ամենն ինչ կապված է դրա հետ, իր կյանքում ինչպիսի՞ դեր ու նշանակություն ունի կյանքի այս ուղին, ի՞նչ է նա նկարների մեջ ցուցադրում: Այս և այլ հուզիչ հարցերի պատասխանը գտեք «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի վեցերորդ մասում, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից:

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

Նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանի շատ պայծառ մանկությունը մշտապես լցված է եղել արվեստով, ընտանիքի անդամները ևս արվեստագետներ էին, ու ապրելով այդ աշխարհում, նա չէր պատկերացնում, որ այլ ավելի հետաքրքիր զբաղմունք պիտի ունենար։

«Երբեք նոր չի եղել արվեստն ինձ համար, ես դրա մեջ ծնվել եմ ու ես ավելի շատ ինքս ինձ էի փնտրում, դա միջոց էր, որը շատ նպաստում էր հենց այդ պատասխանները գտնելու համար։

Պետք է պարզապես ունենալ ցանկություն՝ ստեղծագործելու համար, ինձ թվում է մարդկանց նպատակ հենց արվեստն է, չկա և չպիտի լինի ավելի մեծ նպատակ։ Մարդը պետք է գիտակցի, զգա, որ ինքը միակ կրողն է, պետք է  դա գնահատի, իրեն լցնի դրա մեջ»,-ասում է նա։

Խոսելով արվեստի մասին՝ Լիլիթ Սողոմոնյանը նշում է, որ զգայարանները շատ կարևոր են, ու դրանք կապված են մարդու մտքի, ինտելեկտի, աշխարհընկալման հետ։ Կյանքում տեղի ունեցող իրադարձություններն արվեստագետին թույլ են տալիս ամեն ինչին դիտել կողքից, և ըստ նկարչուհու արվեստը պետք է լինի բոլորի կյանքում, սակայն եթե պատրաստ չես հասկանալ ու սիրել այն, պետք է փակվի նրա առջև այդ դուռը։

«Երեխային գոնե պետք է ցույց տալ, որ այդ դուռը կա, չսահմանափակվել միայն առօրյա կյանքով, դա շատ աղքատացնում է մարդու կյանքը, ինձ թվում է՝ ամեն  դեպքում ծնողի դերը նրանում է, որ փորձի ցույց տա այս աշխարհի լայն հնարավորությունները»,-նշում է Լիլիթ Սողոմոնյանը, վերահաստատում իր այն կարծիքը, որ արարել բառն արդեն իսկ շատ պարտավորեցնում է, նշում՝ իր համար ձևն ավելի կարևոր է, քան բովանդակությունը, քանի որ ձևը տալիս է հնարավորություն այդ ամենը զգայարանների միջոցով ավելի ուժեղ ընկալելու համար։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել