Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 8-ի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը նշանակվել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների, բարեփոխումների, նման պաշտոններում կնոջ դերի մասին Iravaban.net-ը զրուցել է Ծովինար Թադևոսյանի հետ։
-Դուք նորանկախ ՀՀ պատմության մեջ առաջին կին ՔԿԾ ղեկավարն եք։ Կխնդրեմ ասեք, թե ինչպե՞ս ստացաք այս պաշտոնին նշանակվելու առաջարկը, արդյոք առաջարկն ընդունելուց առաջ երկմտանք եղել է։
-Առաջարկը ստացել եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարից՝ 2024 դեկտեմբեր ամսվա կեսին։ Միանշանակ չեմ ընդունել առաջարկը, սկզբում երկմտանքը շատ մեծ էր։ Առաջին արձագանքը եղավ՝ ես այս պահին չեմ կարծում, որ դա հնարավոր է, բայց հետո, երբ այդ հուզական ֆոնն ավելի իջավ և ավելի ռացիոնալ սկսեցի մտածել այդ մասին, հասկացա՝ ինչո՞ւ ոչ։ Ես իմ փորձով, իմ մասնագիտական ունակություններով և տեսլականով կարող եմ ծառայությունս իրականացնել նաև այս պաշտոնում և դրանով նաև այս ծառայության արդյունավետությունը բարձրացնել։
-Իսկ ինչպե՞ս ընդունեցին Ձեր ընտանիքի անդամները, մտերիմները, երբ հայտնեցիք, որ այս պաշտոնին նշանակվելու առաջարկ եք ստացել։
-Ընտանիքիս անդամներին և հարազատներիս չէի ասել առաջարկի մասին։ Չէի ասել, որովհետև մտածում էի, որ դա ավելորդ ճնշում կլինի նաև իմ անձի վրա։ Ուզում էի ես ինքս հասկանալ, թե ներսից ոնց եմ արձագանքում դրան և մտածում էի, որ կողքի աղմուկն ինձ կխանգարի հասկանալ։ Նաև չէի ուզում ավելորդ լարվածություն մտցնել թե՛ ընտանիքիս, թե՛ հարզատներիս շրջանում։ Ընտանիքիս անդամներն իմացել են այս մասին, երբ ես գնացել էի ՀՀ վարչապետի մոտ, դրանից հետո նոր երեկոյան նրանց ասել եմ այդ մասին, որ նման առաջարկ կա, եղել եմ վարչապետի մոտ և հնարավոր է, որ մոտակա օրերի ընթացքում նման փոփոխություն լինի։ Նաև ընկերներիս եմ ասել այդ նույն օրը, այն մտքով, որ մամուլից չիմանան։ Ընտանիքիս հետ երկար զրույց եմ ունեցել այդ թեմայով։ Նրանք իհարկե միանշանակ չընդունեցին, տարբեր վախեր արտահայտեցին, բայց արդեն հուզական արձագանքներն անցել են։
-Մինչև այս պահը եղե՞լ է, որ ափսոսաք այդ որոշման համար։
-Ոչ, չի եղել։ Կարծում եմ՝ ես այս պահին այստեղ լինելով լուրջ փոփոխություններ կարող եմ անել։ Իհարկե մենակ չէ, այլ այն թիմով, որի հետ այս պահին աշխատում եմ և ովքեր կիսում են իմ գաղափարները, իմ արժեքները և տեսլականը։
-Դուք մասնագիտությամբ հոգեբան եք, հիմա այս պաշտոնում որքանո՞վ է օգնում Ձեր մասնագիտությունը։
-Ես մասնագիտությամբ հոգեբան-կրիմինոլոգ եմ։ Բակալավրն ավարտել եմ հոգեբանություն մասնագիտացմամբ, իսկ արդեն մագիստրատուրան՝ կրիմինալոգիա մասնագիտացմամբ։ Իմ ամբողջ գործունեությունը եղել է այս ոլորտի հետ կապված։ Սկզբում աշխատել եմ հասարակական կազմակերպությունում, որը էլի առնչություն ուներ քրեական ոլորտի հետ, այնուհետև աշխատանքս շարունակել եմ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյում, որպես հոգեբան-փորձագետ։ 5 տարի իրականացրել եմ նաև հանցագործություն կատարած անձանց փորձաքննություններ և արդեն շատ տրամաբանական շարունակություն ևս 4 տարի եղել եմ Քրեակատարողական ծառայության սոցիալհոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի ղեկավարը։ Փորձաքննությունների ազգային բյուրոն շատ կարևոր դպրոց էր ինձ համար՝ մասնագիտական կայացման տեսանկյունից։ Շատ խիտ և բարդ գրաֆիկով աշխատանք էր, նաև հուզական առումով շատ բարդ։ Անհատների ճակատագրերի հետ գործ ունեինք։
-Քրեակատարողական ծառայությունում Ձեր աշխատանքային առաջին օրերին ի՞նչ դժվարությունների, խոչընդոտների եք հանդիպել։
-Խոչընդոտների, որպես այդպիսի, չեմ հանդիպել։ Իրականում Քրեակատարողական ծառայության թիմն էլ շատ պրոֆեսիոնալ էր այս առումով։ Բոլոր դժվարությունները շատ հեշտ միասին հաղթահարեցինք։ Ամենածանրն այս պատմության մեջ եղել է հասարակության կողմից եկած արձագանքները, դրանց հետ կապված իմ էմոցիոնալ փոփոխությունները, իսկ ՔԿԾ-ում բոլորը շատ պատրաստակամ էին, որն ինձ օգնեց ավելի հեշտ ադապտացվել կարգավիճակիս։
-Այնուամենայնիվ այստեղ աշխատողների զգալի մասը տղամարդիկ են, նաև Քրեակատարողական հիմնարկների ղեկավարներն են տղամարդիկ, բացառությամբ «Աբովյան» ՔԿՀ-ի։ Իրենք ինչպե՞ս ընդունեցին Ձեր նշանակումը։
-Այս մասով էլ որևէ բարդություն չի եղել, իհարկե ամեն մարդ կարող է շատ տարբեր կարծիք ունենալ կին ղեկավարի հետ կապված, նաև այս ոլորտում։ Բայց մեր աշխատանքի մասով երբեք որևէ խոչընդոտ չի եղել։ Նախ դա պայմանավորված էր նրանով, որ մենք արդեն իսկ երկար տարիներ աշխատել էինք միմյանց հետ։ ՔԿՀ ղեկավարների հետ մենք շատ ենք աշխատել, շատ բարդություններ չեն եղել։ Իհարկե, ես շատ խոսակցություններ եմ լսել, որ տարբեր անձինք (ՔԿՀ ղեկավարների մասին չէ խոսքը-խմբ․), տարբեր տեղերում իրենց դժգոհություններ են արտահայտել։ Բայց ես կարծում եմ, որ սա էլ է նորմալ։ Ես ծնվել եմ այս հասարակությունում, գիտեմ այս հասարակության վերաբերմունքը կին ղեկավարների նկատմամբ, իսկ այս դեպքում՝ կին ղեկավար, դրան գումարած ուժային կառույցի ղեկավար։ Ամենալավն այս պատմության մեջ այն է, որ մեր աշխատանքային գործընթացում որևէ խոչընդոտ չի առաջացել։
-Իսկ Ձեզ հասե՞լ են կալանավորված և կամ ձերբակալված անձանց արձագանքները՝ Ձեր նշանակման հետ կապված։
-Դրական շատ արձագանքներ են եղել։ Երբ գնում եմ ՔԿՀ-ներ, զրուցում եմ ազատությունից զրկված անձանց հետ։ Շնորհավորում են, լավ խոսքեր են ասում։ Շատ հույսեր ունեն, որ իրենց կյանքում դրական փոփոխություններ կլինեն։ Այս արձագանքները նաև շատ ջերմացնող և մոտիվացնող են։ Իհարկե նրանցից ոմանք նաև այն անձինք են, որոնց հետ ես ժամանակին շատ հաճախ հանդիպել եմ, իրենց հետ երկար զրույցներ ենք ունեցել։ Իսկ բացասականը՝ ինձ չի հասել։
-Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր առաջնորդական ոճը։
-Երևի թե գործընկերային։ Ես սիրում եմ թիմային աշխատանքը և համոզված եմ, որ ցանկացած գործի արդյունավետությունը կախված է, թե ղեկավարը որքանով է կարողանում ճիշտ ընտրել անձանց, որոնք կոնկրետ գործընթացներ կկարողանան անել։
-Տիկին Թադևոսյան, միայն այս տարի, երեք դեպքի մասին է հայտնել ՔԿԾ-ն, որ խցում հայտնաբերվել է կալանավորված անձի դին։ Քիչ չեն նաև ինքնախեղման դեպքերը։ Ի՞նչ խնդիրներ կան, ինչու՞ են կալանավորված անձինք այս ծայրահեղ քայլին դիմում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նման դեպքերը բացառելու համար։
-Նախ, ես ուզում եմ մի շատ կարևոր շեշտադրում անել նման դեպքերը բացառելու հետ կապված։ Նաև հոգեբանությունը և իմ աշխատանքային փորձը ինձ թույլ են տվել գալ նրան, որ պետք է քո առաջ դնես ավել իրատեսական պլաններ։ Այս առումով աշխարհում բոլոր երկրներում քրեակատարողական հիմնարկներում սա առկա է, որ հիմնարկում գտնվող անձինք, որոշակի խնդրայնություններով պայմանավորված, ավելի հակված են կատարել ինքնավնասումներ, ավելի հակված են կատարել ինքնասպանություններ։ Դա նաև պայմանավորված է փակ տարածքում լինելով և նաև շատ սթրեսային և իրենց համար ոչ հարմարավետ իրավիճակով։ Պատճառներից է նաև հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց քանակը քրեակատարողական հիմնարկներում։ Չեմ ցանկանում բոլոր պատճառները կապել անձի հոգեկան առողջության հետ, ուղղակի այս հետևությանն ենք եկել նաև վերջին տարիներին կատարած մեր ուսումնասիրություններից։ Մենք արդեն երեք տարի է՝ վիճակագրություն ենք վարում ինքնավնասում կատարած անձանց մասով և այսպիսի օրինաչափություն ենք նկատել, որ ինքնավնասումների 50 և ավելի տոկոսն իրականացնում են մոտ 20 անձ։ Այսինքն, երբ մենք խոսում ենք թվերի մասին շատ մեծ են, բայց երբ փորձում ենք հասկանալ, թե քանի հոգու կողմից է իրականացված, հասկանում ենք, որ ունենք խոցելի մոտ 20 անձ, ովքեր շատ հաճախ են անում ինքնավնասումներ։ Անում են տարբեր պատճառաբանություններով, ըստ մեր ուսումնասիրությունների, հիմնական պատճառը իրենց առողջության հետ կապված հարցերն են, որոնք ունեն և՛ օբյեկտիվ հիմքեր, և՛ սյուբեկտիվ։ Ինքնասպանությունների հետ կապված՝ մենք բարեբախտաբար 2024 թվականին չունեցանք դեպք, սակայն այս տարի արդեն ունենք մի քանի դեպք, որը շատ խնդրահարույց է մեզ համար։ Այս դեպքերով էլ չեմ ուզում թիրախավորել, բայց ամեն դեպքում մենք էլի գործ ունեինք անձանց հետ, ովքեր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են ունեցել։ Հիմա Առողջապահության նախարարության հետ ակտիվ համագործակցության մեջ ենք, որպեսզի այս անձանց առավել արդյունավետ բուժօգնություն ցուցաբերենք։ Կան նաև պլաններ, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք ստացիոնար բուժում անցնեն մասնագիտացված հոգեկան առողջության կենտրոններում։
-Խոսեցինք բուժօգնությունից։ Հաճախ ենք ահազանգ ստանում դատապարտյալներից, նրանց պաշտպաններից, որ կալանավորված և դատապարտված անձինք չեն ստանում պատշաճ բուժօգնություն նաև չկան համապատասխան խնամքի ծառայություններ։ Այստեղ ի՞նչ բացթողումներ կան, ի՞նչ քայլեր են արվում։
-Դուք գիտեք, որ բժշկական ոլորտը Առողջապահության նախարարության իրավասության ներքո է գտնվում, ունենք համապատասխան «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որն ազատությունից զրկված անձանց բժշկական հարցերով է զբաղվում։ Կան և՛ խնդիրներ, և՛ բարելավումններ, որոնք պետք է արձանագրել։ Ես կարծում եմ, որ որոշակի սյուբեկտիվիզմ կա բժշկական ոլորտի մասով, որովհետև, եթե անդրադառնանք հոգեբանությանը և այդ տեսանկյունից վերլուծենք, ապա այս ոլորտն ամենասենզիտիվ խնդիրն է մարդկանց համար, այսինքն իրենց առողջությունն ամենասենզիտիվն է։ Այս ոլորտում ևս սպասվում են բարելավումներ։ «Արմավիր» ՔԿՀ-ում վերաբացելու ենք 100 մահճակալանոց տեղամաս, որը հագեցած է լինելու բժշկական որակյալ ծառայություններով և տեխնիկական միջոցներով։
-Թեև կալանավորված անձանց պահման պայմանները բարելավելու ուղղությամբ քայլեր արվում են, օրինակ, հիմնավերանորոգվել է «Աբովյան» ՔԿՀ-ն, սակայն շատ են ահազանգերը, բողոքները պահման պայմաններից։ Արդյոք Հայաստանում կալանավորված անձինք պահվում են միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում։
-Այս պահին գրեթե բոլոր ՔԿՀ-ներում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։ Եթե, օրինակ, խոսենք «Աբովյան» ՔԿՀ-ի մասին, կարող ենք փաստել, որ ամբողջովին համապատասխանում են միջազգային ստանդարտներին, դա ոչ միայն մեր գնահատականն է, այլ նաև մեր միջազգային գործընկերների գնահատականն է։ Ի հակադրություն դրան, եթե խոսենք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասին այդ պայմանները մեծամասամբ չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, մենք այստեղ լուրջ խնդիրներ ունենք։
Չնայած, որ մեծ են խնդիրները, փոքրիկ, լոկալ խնդիրներ փորձում ենք վերանորոգումներով լուծել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամեն դեպքում մարդիկ այդտեղ, այդ պահին պահվում են։ Ինչքան էլ մենք խոսում ենք ՔԿՀ-ի փակման մասին, մենք դեռևս հստակ ժամկետներ չունենք դրա հետ կապված և որոշակի փոփոխություններ փորձում ենք անել։ Նույն տեսակի վերանորագման աշխատանքներ ենք անում նաև այն հիմնարկներում, որոնք փակման ենթակա չեն։ Անցյալ տարվանից սկսած վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում «Վանաձոր» ՔԿՀ-ում, սանհանգույց ենք կառուցել։ «Արթիկ» ՔԿՀ-ում են մեծ թափով վերանորոգման աշխատանքներ իրականացրել։ Այս պահին էլ շարունակվում են «Արմավիր» ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքները։ Գրեթե բոլոր հիմնարկներում այս շարժը կա։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում վերանորոգեցինք օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված խցերը։ Փորձում ենք ճիշտ բաշխել մեր ռեսուրսները, կարիքների ճիշտ գնահատում անել՝ հասկանալու համար, թե որն է առաջնային։ Ուզում եմ շեշտել, որ կան վերանորոգումներ, որ անում են հենց ազատությունից զրկված անձինք։ Իրենք ստանում են գումար, նաև ապահովում են իրենց զբաղվածությունը։
-Գիտենք, որ ՔԿՀ-ները որդեգրել են վերասոցիալականացման գաղափարը, արդյոք այս նպատակն ամբողջությամբ կատարվում է, եթե ոչ, ապա այստեղ ի՞նչ բացթողումներ կան։
-Էլի շեշտադրում անեմ «ամբողջությամբ» բառի հետ կապված, որ ամբողջությամբ դա հնարավոր չէ իրականացնել և իհարկե այդ նպատակները մենք փորձում ենք իրատեսական դնել։ Մենք շատ լուրջ ձեռքբերումներ ունենք։ Վերջին տարիներին շեշտադրում էին միջոցառումների ակտիվացման, կրթական գործընթացների շատացման վրա։ Մենք հնարավորություն ունեցանք, որոշակի օրենսդրական փոփոխություններից հետո, 19 տարեկանից բարձր անձանց ևս ներգրավել միջնակարգ կրթության գործընթացում։ Եվ մենք արդեն դրա պտուղները քաղում ենք։
Ունենք ցմահ ազատազրկված անձ, որը միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, հիմա արդեն դիմել է բուհ և ուսում է ստանում։ Եկել ենք այն փուլին, որ պետք է շեշտը դնենք աշխատանքի վրա։ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ անցած տարվանից «Սևան» քրեակատարողական հիմնարկում ունեցանք ուսումնաարտադրական տարածք կահույքագործության ուղղությամբ, արդեն իսկ որոշակի աշխատանքներ անում ենք, սպասում ենք իրավական կարգավորումների, որ դա ոչ միայն ուսումնական նպատակներով օգտագործվի, այլ նաև արտադրական։ Ազատությունից զրկված այն անձինք, ովքեր ուսումնական փուլերը անցել են և արդեն որոշակի հմտություններ և կարողություններ ունեն, իրենք ներգրավեն մեր տեխնիկատնտեսական աշխատանքների մեջ և հիմնարկի ներքին կարիքների համար իրականացնեն որոշակի կահույքի պատրաստում։ Հիմա ԵԽ-ի մեր գործընկերներն ավելի շատ գումար նախատեսեցին այս մասով և մենք արդեն իսկ ունենք որոշում, թե որ ՔԿՀ-ում ենք էլի արտադրություններ հիմնելու։ «Արթիկ» ՔԿՀ-ում կհիմնենք եվրոդռների և պատուհանների արտադրամաս, «Վանաձոր» ՔԿՀ-ում կհիմնենք զոդման արտադրություն և «Սևան» ՔԿՀ-ի կահույքագործության արտադրամասի կողքին կհիմնենք զոդման արտադրամաս։ Կարծում եմ՝ սա մեծ ակտիվություն կբերի ՔԿՀ-ներում և կլուծի շատ-շատ խնդիրներ։ Սա վերասոցիլականացման տեսանկյունից շատ կարևոր գործընթաց կլինի և այս անձինք հետագայում կկարողանան այս հմտություններն օգտագործելով ֆինանսական բարելավում ունենան։ Հույս ունեմ, որ բարեհաջող կիրականացնենք, սա նոր խոսք կլինի ՔԿՀ-ներում և մի շատ կարևոր խնդիր էլ կլուծի, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կլինի։ Երբ մենք տարիներ առաջ խոսում էինք քրեական ենթամշակույթի ազդեցության մասին և, որ դրա արդյունքում անձինք որոշակի աշխատանքի չէին գնում, աշխատանքային գործընթացների մեջ չէին ներգրավվում, ուսումնական գործընթացների մեջ ևս, հիմա կարող ենք փաստել, որ այս առումով էլ որևէ խնդիր չունենք և ազդեցությունը զրոյական է այս տեսակ գործողությունների վրա։
-Այս ամենը ներկայացնելուց հետո մի հարց առաջացավ․ պատկերացնո՞ւմ եք Հայաստանի Հանրապետություն, որտեղ չկան բանտեր։
-Քանի որ ես իմ մտածողությամբ շատ ռացիոնալ եմ, երևի թե ոչ, չեմ պատկերացնում, որ նման բան լինի։ Ինձ համար դա մի քիչ ուտոպիստական է հնչում։ Կան հանցատեսակներ, որոնց դեպքում, սոցիալական արդարության տեսանկյունից, ճիշտ չի լինի փակ տարածության մեջ պահելու փոխարեն հասարակության մեջ լինեն, շարունակեն իրենց գործունեությունը։ Իհարկե կան երկրներ, որտեղ փակվում են բանտերը, բայց մեր հասարակությունը դեռևս հեռու է այդ ամենից։
-Ըստ Ձեզ՝ այս բարեփոխումները կնպաստե՞ն, որ մարդիկ ՔԿՀ-ներից դուրս գալուց հետո չկատարեն կրկնահանցագործություն։
-Մեր անցյալ տարվա ուսումնասիրությունները վկայեցին այն մասին, որ մենք 50 և ավել տոկոս կրկնահանցագործություններ ունենք ՔԿՀ-ներում։ Այսինքն այն անձինք, որոնք դատապարտված էին, և գնտվում էին ՔԿՀ-ներում, նրանցից մոտ կեսը նախկինում դատապարտված է եղել։ Սա շատ մտահոգիչ իրականություն է։ Այն աշխատանքները որ մենք անում ենք և նախանշում ենք անել հետագայում, հույս ունենք, որ կնվազեցնեն կրկնահանցագործությունների վիճակագրական տվյալները։
-Գրեթե ամեն օր հաղորդագրություն է հրապարակվում հանձնուքներում արգելված իրեր հայտնաբերելու մասին։ Ի՞նչ գործիքակազմով եք դրա դեմ պայքարում։
-Մենք իհարկե գիտենք, որ ունենք հանձնունքների ահռելի քանակ և նաև քանակն է բերում դրան, որ շատ դեպքերում հանձնուքներով արգելված իրեր, առարկաներ են փոխանցվում ազատությունից զրկված անձանց։ Վերջերս կազմակերպեցինք, որ ՔԿՀ ծառայողները հատուկ սարքերի մասով վերապատրաստումներ անցնեն։ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրելու ենք նոր սերնդի սարքավորումներ, որոնք ամբողջությամբ կբացառեն արգելված իրերի ներթափանցումը ՔԿՀ։ Նաև մարդկային գործոնը կնվազի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը։ Հույս ունեմ, որ կկարողանանք ձեռք բերել այդ սարքավորումները։ Այս քանակի արգելված իրերի դուրս բերումը մի կողմից լավ է, մյուս կողմից ազդակ է, որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք։
-Լինում են դեպքեր, որ քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերը հասնում են հենց ՔԿՀ ծառայողների միջոցով։ Նման դեպքերի հետ ինչպե՞ս եք աշխատում։
-Հիմնականում օպերատիվ տեղեկություններ են լինում տարբեր անձանց հետ կապված։ Ցավոք, այս վերջերս էլ ունեցանք նմանատիպ դեպք «Վանաձոր» ՔԿՀ-ում, անձը հիմա կալանավորված է։ Իհարկե սա տխուր փաստ է, բայց, եթե իրատես լինենք, կհասկանանք, որ սա էլ է բոնորոշ ՔԿՀ-ներին։ Այս հայտնաբերումները նաև զսպող օղակ կլինեն մնացած ծառայողների համար։
-Քրեակատարողական հիմնարկներում կա՞ն արտոնյալներ, եթե այո, ապա ինչպե՞ս եք պայքարելու։
-Այս վերջերս մի միջոցառման էի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և իմ խոսքում նշեցի, որ, եթե կլինեն արտոնյալներ, դրանք կլինեն այն մարդիկ, որոնք վերասոցիլականացման գործընթացների մեջ են։ Այլ կերպ ասած, դրանք այն մարդիկ են, որոնք պետության մեկնած ձեռքը սեղմել են և շարժվում են պետության կողմից սահմանված վարքագծի կանոններով, իրենց արտոնությունը տալիս է օրենսգիրքը, պետությունը։ Ասեմ, որ վերջին տարիներին շատ մեծ պայքար է ՔԿՀ-ներում, նախ այդ խցերը կահավորելը դադարեցվել է։ Խուցը ինքնուրույն վերանորոգելու գործընթացները դադարեցվել են արդեն մի քանի տարի է։ Իհարկե դեռևս կան խցեր, որ ունեն այլ տեսք։ Մեր կողմից այդ այդ խցերը գնահատված են և դրանք էլ ենք բերելու մնացած խցերի տեսքին։ «Վանաձոր» ՔԿՀ-ից անցյալ տարի դուրս բերվեց կահույք, որը չէր համապատասխանում ՔԿՀ-ի ստանդարտներին։ Անընդհատ պրոցեսի մեջ ենք և ցույց ենք տալիս անձանց, որ մենք որևէ հեղինակություն, բացի պետության հեղինակությունը, չենք ընդունում։
-Բնականաբար սերտ համագործակցում եք Արդարադատության նախարարության հետ։ Ինչպե՞ս են համագործակցում երկու կին ղեկավարները։
-Իմ գնահատմամբ շատ արդյունավետ։ Խնդիրներին երկուստեք շատ արագ արձագանքում ենք։ Որևէ խոչընդոտ չի առաջանում և արագ արձագանքելը շատ կարևոր է։
-Քանի որ հարցազրույցն անցկացնում ենք կանանց տոներին նվիրված մեկամսյակի շրջանակներում, կխնդրեմ խոսենք նաև կանանց դերի և տեղի մասին։ Ըստ Ձեզ՝ որտե՞ղ է կնոջ տեղը։ Նաև որքանո՞վ եք կարևորում ՔԿՀ-ներում ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածությունը։
-Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ ինքն ուզում է։ Սա շատ կարևոր է, եթե կինն իրեն իրոք պատկերացնում է խոհանոցում և դրանից հաճույք է ստանում, ապա․․․ոչ միայն կնոջ, մարդու տեղն այնտեղ է, որտեղ մարդն իրեն լավ է զգում։ Երբ սկսեցի Քրեակատարողական ծառայությունում աշխատել մի միտք առաջացավ, որ ՔԿՀ-ներում, եթե շատ կանայք լինեն, հիմնարկները կլինեն ավելի քաղաքակիրթ։ Այս վերջերս մի հրապարակում էին արել, որ ՔԿՀ-ների ղեկավարները բողոքել են, որ չեն կարողանում հայհոյանքներով խոսել ծառայության պետի հետ, և դա ներկայացրել էին բացասական շեշտադրմամբ։ Ես սա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում։ Կանանց ներգրավածությունը որոշակի զսպող օղակ է այս տեսակ բարքերի վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից։ Ես, իհարկե, սեռավորելուց շատ հեռու եմ, ի վերջո ամեն ինչ անձից է գալիս։ «Աբովյան» ՔԿՀ-ի ղեկավար Հեղինե Մարտիրոսյանն ինձ ասաց, որ նաև իր նշանակումից հետո կանանց շրջանում է հայհոյանքը նվազել։
-Մարտի 8-ին լրացավ Ձեր պաշտոնավարման 2 ամիսը։ Ինչպե՞ս կգնահատեք այս երկու ամիսը։
-Բարդ, բայց նաև ամրացնող և լավատեսական հույսեր տվող։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության 10 քրեակատարողական հիմնարկներում մատի 7-ի դրությամբ կան 2759 կալանավորված և դատապարտված անձինք։ Կալանավորված են 1457-ը, դատապարտված՝ 1302-ը։ Նրնացից 71-ը կանայք են, 3-ը՝ անչափահաս կամ անչափահասի կարգավիճակ ունեցող, այսինքն մինչև 21 տարեկան անձինք։ Իրենցից 45-ը կալանավորված են, 29-ը՝ դատապարտված։ Անչափահասներից երկուսը դատապարտյալ են, 1-ը՝ կալնավորված։
Հասմիկ Սարգսյան
Լուսանկարները՝ Լուսինե Հակոբյանի