«Արցախահայերն ունեն իրավական աջակցության կարիք, դա աներկբա է»․ Կարեն Զադոյան

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հիմնադրվել է 2024 թվականի մարտի 12-ին՝ միավորելով տասներկու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, որոնցից տասը հիմնադրվել և ղեկավարվում են Արցախից և Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից: Ցանցի առաքելությունն է նպաստել արցախահայերի ինտեգրմանը Հայաստանում՝ իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով: Ցանցի քարտուղարությունն իրականացնող կազմակերպությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան, միայն վերջին մեկ տարվա ընթացքում անվճար իրավաբանական աջակցություն է ցուցաբերել 305 անձի:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ ցանցի գաղափարն ունեցել է դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմից հետո։

«Իմ առաջարկով մեր կազմակերպությունը իր ռազմավարական պլանի մեջ մտցրեց արցախահայերի իրավական աջակցության և արցախահայերին համախմբող կազմակերպություններին օգնել, որպեսզի նրանք գրանցեն հասարակական կազմակերպություններ, այդպես մենք մոտ 10 կազմակերպությունների օգնեցինք, որպեսզի նրանք պետական գրանցումներ ստանան, հետագայում օգնեցինք իրենց կազմակերպչական զարգացման հարցերով, ռազմավարական պլանավորման հարցերով։ Որոշներին օգնեցինք, որպեսզի ժամանակավոր ֆինանսական միջոցներ հայթհայթեն իրենց կազմակերպությունների գործունեությունն իրականացնելու համար»,-նշեց նա։

Կարեն Զադոյանի խոսքով՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան հանդիսանում է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի քարտուղարությունը։ Այն ունի մի քանի գործառույթներ՝ կառավարման խորհրդի նիստերի կազմակերպումն է, օրակարգերի նախապատրաստումը։ Կազմակերպությունների առաջարկներով տարբեր հայտարարությունների տեքստերի նախապատրաստումն ու կառավարման խորհուրդ տանելը։ Ամենակարևոր գործառույթը արցախահայերին իրավական աջակցություն ցուցաբերելն և արցախահայերի պատմությունների փաստագրումը։

«Այն, որ արցախահայերն ունեն իրավական աջակցության կարիք, դա աներկբա է։ Մենք իրականացնում ենք շրջիկ այցելություններ այն բնակավայրեր, որտեղ արցախահայերն են բնակվում, առցանց հարթակի միջոցով ենք իրականացնում իրավաբանական խորհրդատվություն իրականացում, հեռախոսազանգի միջոցով, մեր գրասենյակ արցախահայերի այցելությունների միջոցով»,-ասաց ԻՀԱ նախագահը։

Իրավական աջակցությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար ստեղծվել է  www.armrights.am հարթակը։

«Մենք բազմաթիվ դեպքերով վերականգնել ենք արցախահայերի իրավունքները, բայց կարևորում եմ նաև, որ այդ իրավունքների պաշտպանության արդյունքում վերականգնել ենք շուրջ 17 միլիոն դրամից ավել գումար, որոնք չէին տրամադրվել տարբեր պատճառներով։ Կարծում եմ, որ այդ անձինք, որոնք ստացան այդ վերականգնված գումարները շատ կարևոր էր իրենց համար»,-նշեց Կարեն Զադոյանը։

Նա նշում է, որ ցանցը պետության հետ շատ կուռուցողական ձևաչափով է աշխատում և ընդգծում, թե ինչ բացթողումներ կան, որոնք պետք է լուծում ստանան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել