ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Գորիս» նստավայրում այսօր՝ փետրվարի 18-ին, տեղի ունեցավ ԶՈւ ԳՇ պետին նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով նախնական դատական նիստը, որը նախագահում է դատավոր Արթուր Ոսկանյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիրան Խաչատրյանի կողմից ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն՝ է խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանը նիստի սկզբում անդրադառնալով իր բացարկի հարցին, ասաց՝ մեղադրյալի հետ շուրջ 5 տարի առաջ  միջոցառման է մասնակցել։

«Նախագահող դատավորը մեղադրյալի հետ շուրջ 4-5 տարի առաջ 1-2 անգամ մասնակցել է միջոցառման, մասնավորապես՝ ճաշկերույթի։ Նշված միջոցառման մասնակցությունը պայմանավորված չէ մեղադրյալով և նախագահող դատավորով, այլ՝ անձով։ Դատարանը կողմերին հայտնում է, որ բացի դա, վերոնշյալ դատավորը երբևէ մեղադրյալի հետ հանդիպում չի ունեցել, խնդրում եմ այս համատեքսում ձեր դիրքորոշումը հայտնել նաև»,- ասաց դատավորը։

Կողմերն այս հիմքով դատավորին բացարկի հիմքեր չտեսան, Տիրան Խաչատրյանն էլ նշեց՝ չի հիշում իր և դատավորի հանդիպումը։

Մեղադրյալ Տիրան Խաչատրյանի պաշտպանը նիստի սկզբում հետևյալ հարցը բարձրացրեց՝ որտեղ է կատարվել ենթադրյալ հանցանքը, ՀՀ-ո՞ւմ, թե՞ ՀՀ-ից դուրս։

«Որտեղ է կատարվել, ես այդ հարցի պատասխանը չունեմ, ըստ մեղադրական եզրակացության՝ կատարվել է Լեռնային Ղարաբաղում, խնդրում եմ պարզաբանել՝ դա ՀՀ տարածքի ներսում կատարված գործողությո՞ւն, թե՞ ՀՀ տարածքից դուրս։ Այդ հարցը պետք է մեղադրանքի կողմից հարցնել, պետք է հասկանանք՝ սա ՀՀ-ի տարածքն է, Դուք իրավասություն ունե՞ք արդյոք այս գործը քննելու, թե բնակության վայրով պիտի քննվի, թե արձանագրվի, որ ՀՀ տարածքից դուրս է»,-ասաց պաշտպանը։

Հղում կատարելով Եվրոպական դատարանի որոշումներին՝ հանրային մեղադրողը հայտնեց՝ տվյալ բնույթի հանցագործությունները քննվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, և նշված ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ և Արցախի Հանրապետության ներքո գտնվող տարածքում․ «Սույն դատարանը կոմպետենտ է այս քրեական գործով քննություն իրականացնելու համար, և այս հարցի քննարկումը չեմ կարծում, որ պետք է այս կոնտեքստում լինի»։

Տիրան Խաչատրյանի մյուս պաշտպան Վարազդատ Հարությունյանը հանրային մեղադրողին ասաց․ «Պահանջում եմ մեզ բարոյականության դասեր չտալ, որովհետև մենք բարոյականությանը դասերը վաղուց սերտել ենք։ Իմ գործընկերը շատ կոնկրետ իրավական հարցադրում արեց, մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ կլսենք այն իրավական հիմքերը, որով սույն վարույթի քննությունն իրականացվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և այս նստավայրում»։

Նախագահող դատավորը կողմերին հայտնեց՝ ՀՀ դատարանն իրավազոր է քննելու նշված վարույթը, մասնավորապես ԼՂ-ի տարածքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ գործը, հետևաբար այդ հիմքով որևէ խախտում առկա չէ։

Այս նիստին քննարկվեց նաև մեղադրյալի խափանման միջոցի փոփոխման հարցը։

Պաշտպանը նաև նշեց, որ Տիրան Խաչատրյանի առողջական խնդիրներով պայմանավորված՝ դիմել են Քրեակատարողական բժշկական կենտրոնին, որպեսզի այդ պայմաններում ապահովվի մեղադրյալի բժշկական հետազոտությունը։

Վերջինիս պաշտպանները միջնորդեցին կիրառել տնային կալանք և 10 միլիոն դրամ գրավ։ Մինչ այդ, պաշտպանության կողմին հարց ուղղվեց, թե Խաչատրյանն ի վիճակի՞ է վճարել գրավի 10 մլն դրամ գումարը։ Փաստաբանն ասաց, որ ոչ թե Խաչատրյանն է վճարելու, այլ նրա ընկերները։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը որոշեց փոխել Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը՝ վերջինիս նկատմամբ կիրառելով գրավ՝ 10 մլն դրամի տեսքով, բացի դրանից, սահմանվեց նաև բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանն այս տարվա հունվարի 4-ին ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել