2025 թ. պետական բյուջեում միջոցներ չեն հատկացվել Հակակոռուպցիոն կոմիտեի և ԿԿՀ շենքային պայմանների բարելավման համար

Արդարադատության ոլորտին հատկացված բյուջետային կապիտալ ընդհանուր ծախսերից 332,0 մլն դրամը կամ էլ 13.5 տոկոսը հատկացված է  կառուցման աշխատանքներին, համապատասխանաբար՝ 990,2 մլն դրամը կամ 40.2 տոկոսը՝ վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներին,  168,0 մլն դրամը կամ 6.8 տոկոսը՝ նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանք-ներին, 972,7 մլն դրամը կամ 39.5 տոկոսը՝ ոչ ֆինանսական այլ ակտիվների ձեռքբերմանը: Ընդ որում, վերջին ծախսերը վերաբերում են միմիայն այդ մարմինների կարողությունների զարգացմանը և տեխնիկական հագեցվածության ապահովմանը:

Այդ ծախսերի 55.8 տոկոսը հատկացված է ԱՆ կենտրոնական ապարատի և պրոբացիայի, քրեակատարողական, հարկադիր կատարման ծառայությունների աշխատակազմերին, իսկ 44.2 տոկոսը՝ ՍԱԻՄ բոլոր 5 մարմինների աշխակազմերին, բացառությամբ Քննչական կոմիտեի: Վերջինիս 2025 թ. համար հատկացվել է 990,2 մլն դրամ՝ դրա շենքային պայմանների բարելավման նպատակով, ինչը կազմում է Ոլորտին հատկացված կապիտալ ծախսերի 40.2 տոկոսը: ԱՆ-ին հատկացվել է 0,5 մլրդ դրամ՝ քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման (332,0 մլն դրամ) և նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքների (168,0 մլն դրամ)  համար: Այս պարագայում հարկ է նշել, որ ՀՀ 2025-2027թթ. ՄԺԾ ծրագրով 2025 թ. համար որպես առաջնահերթություններ էին նշված.

  • ՀՀ դատախազության շենքային պայմանների բարելավումը՝ 134,01 մլն դրամի չափով,

Հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող ծառայության շենքային պայմանների ապահովումը՝ 290,5 մլն դրամի չափով, որոնք, ըստ էության, չեն նախատեսվել 2025 թ. պետական բյուջեում:Նույն կերպ ոչ ՀՀ 2025-2027 թթ. ՄԺԾԾ-ում, ոչ  ՀՀ 2023-2026 թթ. Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության, հետևաբար՝  նաև ոչ էլ 2025 թ. պետական բյուջեում համապատասխան միջոցներ չեն հատկացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմերի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Մինչդեռ դա որպես լուրջ մարտահրավեր է մշտապես նշվել ինչպես այդ կառույցների բյուջետային հայտերում, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ՀՀ 2019-2022 թթ. Հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության այլընտրանքային մոնիթորինգի արդյունքների մասին զեկույցի մեջ: Ավելին, դեռևս 2019 թ. փետրվարի 14-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան պատրաստել էին  հակիրճ տեղեկանք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդման վերաբերյալ։ Տեղեկանքում նշվել էր, որ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվել է ապակենտրոնացված համակարգի միջոցով, երբ կոռուպցիայի դեմ պայքարելու լիազորություններ են ունեցել մի շարք պետական մարմիններ, բայց չենք ունեցել գեթ մեկ մարմին, որը պատասխանատվություն է կրել գրանցած, այդ թվում՝ բացասական արդյունքների համար: Կոալիցիան և ԻՀԱ-ն վերանայել են հիշյալ հակիրճ տեղեկանքը և մշակել են նոր տեղեկանք, որում ներկայացրել են կենտրոնացված հակակոռուպցիոն համակարգի առավելությունները, ապակենտրոնացված համակարգի թերությունները և համընդհանուր չափանիշներ, որոնք պետք է ունենա հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ անկախ մոդելի ընտրության տեսակից։

Հենց այս առաջարկության պարագայում էլ խիստ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կառավարությունը ձեռնամուխ լինի հակակռուպցիոն մարմինների վերակազմակերպման ու դրանց միավորման աշխատանքին, ինչի նպատակով էլ նախաձեռնի նոր վարչական մարմին ժամանակակից վարչական շենքի նախագծումն ու կառուցումը, որտեղ կմեկտեղվեն հակակոռուպցիոն պայքարին կոչված բոլոր մարմինները, ինչը էապես կբարելավի դրանց աշխատանքի արդյունավետությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել