Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 21-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա կնոջ՝ Նունե Նիկոլյանի, որդու՝ Հրանտ Բեգլարյանի և դստեր՝ Նատելլա Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Նարինե Ավագյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով դատարանը դատաքննության փուլում է։ Գործին ներգրավվելու համար պատասխանողի նոր ներկայացուցիչները՝ Հարություն Հարությունյանը և Դավիթ Վարդիկյանը դատարանին ներկայացրին Գագիկ Բեգլարյանի, նրա կնոջ՝ Նունե Նիկոլյանի, որդու՝ Հրանտ Բեգլարյանի և դստեր՝ Նատելլա Բեգլարյանի կողմից տրված լիազորագրերը։
Պատասխանողի ներկայացուցիչներն ամբողջ ծավալով առարկեցին նիստի տեսանկարահանման և լուսանկարահանման դեմ՝ հայտնելով, որ դա պայմանավորված է իրենց մասնակցությամբ այս գործով դեռևս նոր ներգրավվելու և պատասխանողների հետ այդ հարցը չքննարկելու հանգամանքով։
Նախագահող դատավորը հայտնեց՝ պատասխանողներ Գագիկ, Նատելլա և Հրանտ Բեգլարյանների ներկայացուցիչ Մարգարիտա Ղազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով, որ այս գործով լիազորված փաստաբաններն այլևս ներկայացուցչություն չեն իրականացնելու, քանի որ իրենց տրված լիազորագիրը վերացվել է, նա խնդրել է նիստը հետաձգել։
Փաստաբան Հարություն Հարությունյանը հայտնեց, որ գործին ներգրավվել են հունվարի 17-ին, նախորդ ներկայացուցիչներից գործի նյութերը որոշ չափով ստացել են, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք կազմում են շուրջ 30 հատոր, այս պահին չեն հասցրել ամբողջությամբ ծանոթանալ, ինչը բավականին երկար գործընթաց է, ուստի անհրաժեշտ է նիստն առնվազն 3 ամիս ժամկետով հետաձգել։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանն ասաց․ «Արձանագրենք, որ սույն գործով ներկայացուցիչներից հրաժարվելու 2-րդ դեպքն է, և իրավասու մարմինը գտնում է, որ այստեղ գործի քննությունը հետաձգելու դիտավորություն կա, այսինքն՝ սա իրավունքի չարաշահման դեպք է, և համապատասխան դրսևորումներ բացառելու համար եռամսյա ժամկետը բավականին շատ է, անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ տրամադրել․ գործը ծավալուն է, և ապացույցների հետազոտման փուլում նոր ներկայացուցիչներ ներգրավելը մեկ նպատակ է հետապնդում, բայց, ամեն դեպքում, չխախտելով նոր ներկայացուցիչների՝ գործի նյութերին ծանոթանալու իրավունքը, կարծում եմ՝ մեկամսյա ժամանակը բավարար է»։
Հարություն Հարությունյանը չհամաձայնեց հացվորի հետ, ասաց՝ մեկամսյա ժամկետը խելամիտ չէ, քանի որ գործի նյութերին ծանոթանալուց հետո անհրաժեշտ է լինելու նաև պատասխան դիրքորոշում ներկայացնել։ Նա նաև ընդգծեց, որ այս և մյուս գործերով չի եղել որևէ դեպք, երբ իրենք գան ժամկետներ ձգձգելու, դատարանին ու դատախազներին «ներվայնանցնելու» համար, հետևաբար դատավարական իրավունքի իրացումը չի կարող որակվել որպես իրավունքի չարաշահման դեպք։
Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ դատարանը որոշեց այն բավարարել մասնակի՝ արձանագրելով, որ մինչ այս պահը կատարվել է շատ քիչ ապացույցների հետազոտում, իսկ գործի հատորները բավականին ծավալուն են։ Դատավոր Նարինե Ավագյանն ասաց՝ որպեսզի գործի արդյունավետությունը չտուժի, նախապես նշանակված հաջորդ նիստը չեղարկելու որևէ հիմք չկա, այն կկայանա՝ միաժամանակ պատասխանողին հնարավորություն տալով ցանկացած փուլում արդեն իսկ հետազոտված ապացույցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։
Դատավորը պատասխանողի ներկայացուցիչներին կրկին նախազգուշացրեց, որ արդեն 2-րդ դեպքն է՝ փաստաբանների փոփոխություն է տեղի ունենում, վերջիններս պետք է խուսափեն իրավունքի չարաշահմանը մոտ գործողություններ կատարելուց։ Այնուհանդերձ, նախագահող դատավորը հայտնեց՝ սահմանափակումներ չի դնի պատասխանողի նոր ներկայացուցիչների իրավունքների իրացման տեսանկյունից։
Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 31-ին։
Լուսանկարներն արվել են այլ նիստերի ժամանակ։
Մարիամ Շահնազարյան