Ռուսաստանի և Հայաստանի միջև 2024 թվականի 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը հասել է 10,2 միլիարդ դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։
Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։
«Մեր առևտրատնտեսական կապերը շարունակում են զարգանալ։ Համենայնդեպս կարող եմ ասել, որ մեր երկրների միջև փոխադարձ առևտուրը նոր ռեկորդներ է սահմանում։ Այժմ 2024 թվականի 10 ամիսների մեր տվյալները կազմել են 10,2 միլիարդ դոլար, սա ավելի քան կրկնակի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ »,- նշել է նա` հավելելով, որ տարին դեռ չի ավարտվել, ուստի տարեվերջին տվյալները կրկին կամփոփեն։
ՌԴ փոխվարչապետը շեշտել է, որ առևտրատնտեսական հարաբերություններ իրականացնելու համար Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթով վճարումներին, իսկ ռուսական ռուբլու տեսակարար կշիռը փոխադարձ վճարումներում հասել է 96,3%-ի։ Օվերչուկը միաժամանակ նշել է, որ այս պահին Ռուսաստանը Հայաստանում հիմնական ներդրողներից է։
«Հայաստանում արդյունաբերական նախագծում մեր ներդրումները հասել են 3,4 միլիարդ դոլարի: Հայաստանում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ։ Նրանցից մի քանիսը, բացի ուղղակի ներդրումներից, Հայաստանի պետական բյուջեի խոշորագույն հարկատուներն են»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։