ԼՂՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ մահափորձ կատարելու փաստով կա 2 կասկածյալ

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ են բերվել գործով կասկածյալներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1974թ. ծնված Արա Ռաֆայելի Ավետյանը և 1979թ. ծնված Սերգեյ Բորիսի Հարությունյանը:  ԼՂՀ գլխավոր դատախազության կայքի փոխանցմամբ՝ նրանք Վիտալի Միխայիլի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով: 

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը  21.10-ին,ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միքայելի Բալասանյանը  բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող  մեխանիզմ է ընկել:

ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը  18.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /Շատերի կյանքի  համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ և ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը  կամ կրելը/:

Տարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել