ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայտարարություններ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ։ Նա նշել է, թե շատ տպավորիչ էր վերջինիս պահվածքը, երբ նրա վրա հարձակում եղավ։ ՌԴ նախագահի գնահատմամբ՝ արտառոց պայմաններում Թրամփն իրեն շատ ճիշտ պահեց, «նրա պահվածքը տղամարդկային էր»:
Շնորհավորելով Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Պուտինը հայտնել է, որ պատրաստ է նրա հետ շփումների։ Հարցին՝ ինչպես կվարվի, եթե Թրամփը զանգահարի իրեն ու հանդիպման առաջարկ անի, Պուտինը նշել է․
«Ինձ համար ամոթալի չէ նույնիսկ եթե ես ինքս զանգեմ: Ես դա չեմ անում, քանի որ արևմտյան երկրների ղեկավարներն ինչ-որ փուլում գրեթե ամեն շաբաթ ինձ զանգահարում էին, հետո կտրուկ դադարեցրին զանգերը։ Դե, եթե չեն ուզում, պետք չէ, ինչպես տեսնում եք՝ ողջ-առողջ ենք, զարգանում ենք, եթե կցանկանան վերականգնել շփումները, կրկնում եմ՝ դեմ չենք, շփումները կվերականգնենք, կսկսենք երկխոսել»։