«Ունենք 15 երեխա, 6 թոռնիկ, երկուսն էլ շուտով կծնվեն»․ Արարատի մարզի Այգավան գյուղում է ապրում Հայաստանի ամենաբազմազավակ ընտանիքը։ Ընտանիքի հայրը՝ Մարտիկ Մելքոնյանն ուրախությամբ է պատմում երեխաների, նրանց դաստիարակության, ընտանեկան ջերմ ու հետաքրքիր առօրյայի մասին։
«Հեշտ չի եղել, դժվարությունների միջով շատ ենք անցել, բայց երբեք չենք ընկճվել, երբեք չենք հիասթափվել, բողոքել, որովհետև մենք հասկացել ենք՝ ինչ մեծ գործ ենք անում»,-նշում է նա՝ ընդգծելով մեր երկրի զարգացման ու պաշտպանության համար շատ երեխաներ ունենալու կարևորությունը։
«Էսօր մենք թշնամիներով շրջապատված ենք, ինչպե՞ս հաղթենք, եթե ժողովրդագրական խնդիր ունենք, ու բազմազավակ ընտանիքներին համարում ենք աղքատներ, նպաստառուներ»,-ասում է Մարտիկ Մելքոնյանը։
Շատերն են զարմանում, երբ լսում են, որ Մելքոնյանների ընտանիքում 15 երեխա կա, որոնցից 8-ը հաճախում է դպրոց, իսկ մի քանիսն արդեն հասցրել են ամուսնանալ, ընտանիք ստեղծել։
Իրար նման, բայց միևնույն ժամանակ բնավորության շատ գծերով տարբեր են երեխաները, մայրը՝ տիկին Անժելան, նշում է, որ օրը սկսվելուն պես, յուրաքանչյուրը գիտի՝ ինչով է զբաղվելու, ինչպես է օգնելու ծնողներին․ «Ձգտում են, որ ինչ անում են, խաղաղությամբ վերջանա»։
Ընտանիքն այս տարիների ընթացքում պարգևատրվել է տարբեր շքանշաններով, մեդալներով, մասնակցել համայնքապետարանի, Կառավարության կողմից կազմակերպվող աջակցության ծրագրերին։
Մանրամասները՝ մեր պատրաստած տեսանյութում։
Iravaban.net-ը հարցմամբ դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ իմանալու, թե ՀՀ-ում քանի բազմազավակ ընտանիք կա, և այդ ընտանիքներից քանիսն են անապահով։
Բացի այդ, հարցմամբ փորձել ենք պարզել, թե 4, 5, 6, 7, 8, 9, 10 և ավելի երեխա ունեցող քանի բազմազավակ ընտանիք կա և ինչ արտոնություններից են նրանք օգտվում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերիր նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նախարարության կողմից նշված հարցերի վերաբերյալ ընդհանուր վիճակագրություն չի վարում։
Միաժամանակ, ներկայացրել են նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից տրամադրած ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված բազմազավակ ընտանիքների թիվը։
Ձեզ ենք ներկայացնում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 4, 5, 6, 7, 8, 9, 10 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը։
Մարիամ Շահնազարյան