Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպումը, որին մասնակցում են տարբեր երկրների պաշտոնատար անձինք և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը մասնակցում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը։ Վերջինս իր ելույթում անդրադարձավ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրված գնահատականներին՝ բարձրաձայնելով մեթոդական համակարգային խնդիրների մասին։
Ներկայացնում ենք Մարիամ Զադոյանի ելույթը ստորև։
«Բարի օր բոլորին:
Իմ անունը Մարիամ Զադոյան է, և ես ներկայացնում եմ Իրավաբանների հայկական ասոցիացիան: Մեր կազմակերպությունը համակարգում է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը, որը միավորում է Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտում գործող շուրջ 50 կազմակերպություն:
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպման ընթացքում մեր փորձը կիսելու հնարավորության համար: Ես կարևորում եմ այն հնարավորությունը մասնակցել քննարկմանը և ներկայացնել, թե ինչպես կարող են ոչ կառավարական շահագրգիռ կողմերը ներգրավվել հակակոռուպցիոն օրակարգի սահմանմանը, հատկապես ռազմավարության մշակման և իրականացման, ինչպես նաև հաշվետվողականությունը բարձրացնող և շոշափելի արդյունքներ տվող մոնիթորինգի աշխատանքներում՝ հայկական տեսանկյունից:
Թույլ տվեք ներկայացնել այս գործընթացի մի քանի կարևոր քայլերը: Հայաստանը վերջերս ավարտեց իր 4-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը: Մենք առաջարկեցինք, որ կառավարությունը մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ ստեղծի աշխատանքային խումբ՝ նոր, 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակելու համար: Այս առաջարկությունն ընդունվեց, և արդյունքում արդարադատության նախարարի հրամանով ստեղծվեց ժամանակավոր (ad-hoc) աշխատանքային խումբ, որը բաղկացած էր պետական մարմինների, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների և փորձագետների ներկայացուցիչներից՝ ապահովելով լայն և մասնակցային գործընթաց:
Մի քանի ամիս տևած ինտենսիվ համագործակցությունից հետո Հայաստանն այժմ ունի բավականին հավակնոտ և ներառական ռազմավարություն, որը մշակվել է արդյունավետ գործընթացի միջոցով և մեր առաջարկությունների մեծ մասը, հատկապես ինստիտուցիոնալ նշանակություն ունեցողները, ընդունվել են: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր շատ առաջարկությունները, որոնք մշակվել են Եմ-ն հանուն բարեվարքության և Բաց կառավարման գործընկերության աջակցության շրջանակներում, բխել են միջազգային լավագույն փորձից, ներառյալ՝ ՏՀԶԿ-ի ստանդարտներից, որոնք ներկայացվել են Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 5-րդ փուլի մոնիթորինգի շրջանակներում, կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են՝ ազդարարների պաշտպանությունը, շահերի բախումը և բիզնես բարեվարքությունը:
Ներկայումս մենք ակտիվորեն աջակցում ենք այս ռազմավարության իրականացմանը՝ տրամադրելով փորձագիտական աջակցություն և իրականացնելով դրա առաջընթացի տարեկան հասարակական մոնիթորինգ՝ հիմնված ներառական մեթոդաբանության վրա, որը ներառում է ֆոկուս խմբային քննարկումներ հիմնական շահագրգիռ կողմերի հետ: Այս մոտեցումը թույլ է տալիս կառավարությանը ստանալ ռազմավարության այլընտրանքային գնահատական քաղաքացիական հասարակության և հասարակության տեսանկյունից՝ օգտագործելով թե՛ քանակական, թե՛ որակական ցուցանիշներ, և հաշվի առնել մոնիթորինգի գործընթացի միջոցով ընդգծված մարտահրավերներն ու առաջարկությունները:
Չնայած այս մասնակցային մոտեցման արդյունքում ունեցած հաջողությանը, Հայաստանը ստացել է ավելի ցածր միավոր, քան որոշ այլ երկրներ հակակոռուպցիոն քաղաքականության կատարողականի ոլորտում՝ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 5-րդ փուլի մոնիթորինգի շրջանակներում: Թեև մենք տեղյակ ենք, որ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրն ուղղակիորեն չի համեմատում երկրները միմյանց հետ, սակայն մենք հատկորոշել ենք անհամապատասխանություններ մեթոդաբանության կիրառման մեջ, օրինակ՝ Ադրբեջանի դեպքում: Այս խնդիրը նույնությամբ տարածվում է նաև այլ ոլորտների վրա, ինչպես օրինակ՝ դատական անկախությունը: Մասնավորապես, վերջնական միավորները որոշելիս ՀԿ-ների ներդրումներին տրվող կշիռը, ըստ երևույթին, տարբերվում է ըստ երկրների:
Հետևաբար, օգտվելով այս հնարավորությունից, մենք առաջարկում ենք մանրակրկիտ վերանայել ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մեթոդաբանությունը՝ ապահովելու համար ավելի հետևողական մոտեցում: Մասնավորապես, այն դեպքերում, երբ ՀԿ-ները չեն կարողանում ներգրավվել և ներդրում ունենալ որոշակի կատարողականի ոլորտում, մենք կարծում ենք, որ սա պետք է դիտարկվի որպես կարմիր դրոշակ և համապատասխանաբար արտացոլվի վերջնական միավորում:
Հաշվի առնելով այս դիտարկումները՝ շնորհակալություն ուշադրության համար, և մենք հուսով ենք, որ այս կարևոր թեմայի շուրջ կընթանան հետագա քննարկումները»,-նշել է նա:
Ի պատասխան, երկրներին գնահատելու մեթոդոլոգիայի վերաբերյալ Մարիամ Զադոյանի կողմից բարձրացված հարցին, ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ներկայացուցիչը պատասխանեց, որ հարցը այսօր քննարկվելու է նիստի ընթացքում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարել ՏՀԶԿ-ի կողմից Ադրբեջանի հակակոռուպցիոն բարեփոխումներին տրված գնահատականին և այդ առումով 2024 թվականի մայիսի 8-ին հանդես է եկել հայտարարությամբ։