«Փաստաբանության մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների աղմկահարույց նախագծերն Արդարադատության նախարարությունը հետ չի կանչելու, քանի որ օրինագծերն ընդամենը քննարկման են ներկայացված եղել:
«Նախագծերը Կառավարություն չեն ուղարկվել, հետևաբար դրանց հետ կանչման մասին խոսք լինել չի կարող»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:
Նրա փոխանցմամբ` նախագծերի հետ կապված քննարկումները կշարունակվեն մյուս տարի:
Ավելի վաղ Իրավաբան.net-ի հետ զրույցում Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը փոխանցել էր, որ քննարկումների արդյունքում որոշվել է, որ փաստաբանների էլեկտրոնային գրանցամատյանը չի վարի Արդարադատության նախարարությունը, այլ այն կվերապահվի Փաստաբանների պալատին: Նախարարի տեղակալը հրաժարվել էր աղմկարահույց նախագծերի վերաբերյալ այլ տեղեկություններ հաղորդելուց:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր: Նախագծերով նախատեսվում է փաստաբանների գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ: Այդ էլեկտրոնային փաստաթուղթը պարունակելու է օրենքով նախատեսված տեղեկություններ փաստաբանների, փաստաբանների օգնականների, հավատարմագիր ստացած այլ պետության փաստաբանների վերաբերյալ:
Փաստաբանները դժգոհ են, քանի որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 դրամի չափով: Ընդ որում` չհաշվառվելու դեպքում ներկայիս փաստաբանները չեն կարող այլևս համարվել փաստաբան:
Օրենքի նախագծով նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերին:
Նունե Հովսեփյան