ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հրապարակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատավճիռը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանը։

Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը որոշեց մեղադրյալներ Վիգեն Գրիգորյանին, Արտակ Բեյբությանին, Վիգեն Մկրտչյանին, Արթուր Օհանյանին և Հրաչյա Երեմյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներով։

Արա Յաղջյանն արդարացվեց, դատարանը հռչակեց նրանց անմեղությունը։

Աշոտ Հակոբյանի մեղադրանքը վերաորակվեց, վերջինս մեղավոր ճանաչվեց խարդախություն կատարելու համար, որը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով և խոշոր չափերով։

Վերավորակվեց նաև Անդրանիկ Փիլոյանին առաջադրված մեղադրանքը։ Վերջինից մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու համար։ Նա մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև խարդախության համար։

Աշոտ Հակոբյանի և Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ կիրառված որպես այլընտրանքային միջոց գրավի չափը թողնվեց անփոփոխ։

Պատժաչափին դատարանը կանդրադառնա լրացուցիչ դատալսումների ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել