«Ես Արցախից եմ, դու Երևանից, մեր մեջ տարբերություն չկա»․ արցախցի Անի Առաքելյանի պատմությունը

«Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում մեր զրուցակիցը Անի Առաքելյանն է։

Անին ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում, 21 տարի ապրել է Հադրութ քաղաքում, այնուհետև ուսման նպատակով տեղափոխվել է Ստեփանակերտ, սովորել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության բաժնում։

Նա Երևան է տեղափոխվել 2020 թվականի պատերազմից հետո, և մինչև հիմա էլ այստեղ շարունակում է ուսումը, աշխատում է, ստեղծագործում։

Ճիշտ է, նա շրջափակման օրերին հայրենի Արցախում չի եղել, բայց իր ընտանիքի անդամների, ընկերների հետ ամեն րոպե կիսել է այդ դժվարությունները․ «Ես գտնվում էի Երևանում, և երբ ասում էին՝ գիտես շաքարավազ չկա, անկախ ինձնից ես էլ տանը շաքարավազ չէի օգտագործում, և երբ սեպտեմբերի 19-ից հետո նրանք մեծ չարչարանքով հասան մեզ, և՛ իրենք էին նիհար, հյուծված, և՛ ես, որովհետև նրանք, ովքեր Արցախում ապրել են և այն հայերը, ովքեր գիտեն Արցախի տեղը, միևնույն է, այդ ցավը զգացել են իրենց մարմնի վրա»։

Անին նշում է նաև, որ շրջափակումն ուներ իր դրական կողմերը․ մարդիկ միմյանց նկատմամբ սկսել էին հոգ տանել, մտածել։

«Արցախում եմ թողել տատիս ու նրա հետ կապված հիշողությունները։ Ես տատիս ասոցացնում եմ Արցախի հետ, դժվար է պատկերացնել, որ համ ինքը չկա, համ Արցախը»,-ասում է նա։

Մեր զրուցակիցը չի կիսում այն միտքը, որ ետ դարձի ճամփա չի լինելու, նշում է՝ յուրաքանչյուրս էլ մեր խոսքով, գործով, աշխատանքով կարող ենք մեր երկրի համար շատ բաներ անել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել