«Տարակուսելի է՝ կասեցված գործի շրջանակներում ի՞նչ գործողություններ կարող է իրականացնել ՍԴ-ն»․ Արմեն Մելքումյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վեաբերյալ

Սահմանադրական դատարանում 2022 թվականից սկսած քննության է առնվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը, այնուհետև ուղարկվել է վենետիկյան հանձնաժողով, որտեղ ստացվել են մի շարք մեկնաբանություններ։

Հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել է, որ միջազգային և եվրոպական չափանիշները ենթադրում են, որ քաղաքացիաիրավական բռնագանձումը կարող է հանդիսանալ հասարակությունում կոռուպցիայի դեմ պայքարի և ակտիվների ապօրինի ձեռքբերման կանխարգելման արդյունավետ գործիք: Սա ներկայացնում է հանրային շահ, որը կարող է արդարացնել որոշակի գույքի ապօրինի ծագման կանխավարկածի կիրառումը: 

«․․․Նման կանխավարկածը ապացուցման բեռը փոխադրում է ակտիվների սեփականատիրոջ վրա. իրավասու մարմինը պարտավոր է ցույց տալ, որ ակտիվները կարող են ունենալ ապօրինի ծագում, մինչդեռ պատասխանողը կարող է հերքել այս պնդումները՝ ներկայացնելով հակառակը ապացուցող փաստեր:

Սակայն այս գործիքը պետք է կիրառվի ողջամիտ սահմաններում և ուղեկցվի արդյունավետ ընթացակարգային երաշխիքներով: Քանի դեռ գույքի սեփականատերն ունի կանխավարկածը հերքելու իրական հնարավորություն և կարող է ներկայացնել «անհասանելի ապացույցներ» կամ սեփականության իրավունքի բարեխիղճ պաշտպանություն, որոշումը թվում է համաչափ: Օրենքի համատեքստում օգտակար կլիներ ավելի լավ պարզաբանել նման դեպքերում կիրառվող ապացուցման չափանիշը»,-նշել են հանձնաժողովից:

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման համաձայն՝ օրենքի հետադարձ կիրառումը, որպես կանոն, կարելի է համարել համաչափ և համատեղելի Հայաստանի Սահմանադրության հետ, որն ապահովում է սեփականության պաշտպանությունը միայն այն դեպքում, եթե այն ձեռք է բերվել օրինական ճանապարհով: 

«․․․Միևնույն ժամանակ, գույքի ծագման վերաբերյալ բացատրություններ տալու պարտականությունը պետք է մնա ողջամիտ: Բացի այդ, գույքի բռնագանձման ժամկետները պետք է լինեն ողջամիտ, և դրանք պետք է կիրառվեն հավասարապես բոլոր դեպքերի նկատմամբ, այլ ոչ թե թողնվեն իշխանությունների հայեցողությանը»,-ասվում է եզրակացության մեջ։

ՍԴ-ն 2023 թվականին դիմել է դատախազությանը՝ այս խնդրի շրջանակներում ուղղելով 21 հարց, այնուհետև, նույն թվականին ստանալով այդ հարցերի պատասխանները, կասեցվել է գործը, և ներկայումս շարունակվում է։ Այս գործով զեկուցողը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է։

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Արմեն Մելքումյանն ասաց․ «Այս պահին գտնվելով կասեցված վիճակում, չունենալով ՍԴ վերջնական որոշումը՝ կապված այս օրենքի հետ, մենք ունենք տարբեր փաստաբանների, դատավորների կողմից տրված մեկնաբանություններ որոշման հետ կապված, որոնք մի կողմի համար անընդունելի են, մյուս կողմի համար՝ անհասկանալի»։

Իրենց գնահատմամբ՝ օրենքը պետք է պարունակեր բացառություն այն անձանց նկատմամբ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ՀՀ սահմաններից դուրս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել