«Նյութական վնասներ շատ կան»․ ինչ իրավիճակ է Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում

Օգոստոսի 12-ին, գիշերը ժամը 02:02-ին տեղի ունեցած երկրաշարժը վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղին։

Վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ բնակելի տներ են վնասվել։

«Նյութական վնասներ շատ կան։ Ահագին տների վրա ճաքեր են առաջացել, փլուզումներ չունենք։ Պետական հիմնարկներն էլ են վնասվել»,-ասաց նա։

Մաքսիմ Ավետիսյանի խոսքով՝ բնկաչության մոտ թեթև խուճապ է եղել, մոտ մեկ ժամ դրսում են մնացել։

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում վնասվել է 1878-1884 թվականներին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին (ժամ)։ Վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սանթուր Խաչատրյանը Iravaban.net-ին հայտնեց, որ եկեղեցու վրայի ճաքն է խորացել և մի քանի քար է ընկել։

«4 ընտանիքի՝ 60-ականներին կառուցված բնակելի տներն են վնասվել, թեթևակի ճաքեր կան։ Գիշերը, դե բնական է, խուճապի են մատնվել, վախ առաջացել է»,-նշեց նա։

Լիճք համայնքի վարչական ղեկավար Հրայր Հարությունյանը, ևս ասաց, որ վնասվել են մի քանի բնակելի տներ, մասնավորապես պատերին առաջացել են ճաքեր․ «Կան բնակիչներ, որ արդեն մոտեցել են, ասել են վնասների մասին, մի հատ հին պատ է փլվել։ Առանձնապես լուրջ վնասներ չկան։ Մեզ մոտ բավականին ուժեղ զգացվեց երկրաշարժը»։

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի տան վրա ճաքեր են առաջացել, փլուզումներ չկան։

«Մի որոշ մաս դրսում է եղել, որ հանդարտվեց, գնացին տուն»,-նշեց նա։

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնել են, որ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում։

Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։ Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322 թվականներին համապատասխանաբար M=6.0 և M=6.5: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 9-ին M=5,0:

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել