Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ նիգերիացի Ջոն Օկորոուկվուն դիմել է դատարան, պնդում է՝ մաշկի գույնով պայմանավորված խտրականության է ենթարկվել։ Նախկինում երբևէ Հայաստանում չի քննվել աշխատանքային վեճ, որի հիմքում, ի թիվս այլ ենթադրալ խախտումների, նաև մաշկի գույնով և ռասսայով պայմանավորված խտրականությունն է վկայակոչվում։
«Ես Հայաստան եմ եկել 2022 թվականին, գաղթել եմ Ռուսաստանից, և երբ դեռ այնտեղ էի, աշխատանք էի փնտրում, Հայաստանում գտա «Քյուլեսս Էյէմ» ընկերությունը։ Ես հաջողությամբ անցա հարցազրույցը և ստացա աշխատանքի առաջարկ, միանգամից աշխատանքի ընդունվեցի ընկերությունում։ Ընկերությունն ինձ այդ պահին շատ խոստումնալից էր թվում, այն ամերիկյան կազմակերպությունն էր, որի մասնաճյուղը Երևանում էր գործում»,-ասաց Օկորոուկվուն։
Նրա խոսքով՝ աշխատակիցները մեծ մասը, բնականաբար, հայեր էին, բայց ընկերությունում կային նաև ռուսներ։ Սկզբում հաղորդակցվելու, հարմարվելու հետ կապված խնդիրներ չեն առաջացել, աշխատանքի վայրում լավ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ։
«Ամեն ինչ փոխվել է այն ժամանակ, երբ աշխատանքից ազատեցին այն ղեկավարին, որն ինձ աշխատանքի էր վերցրել, և նրան փոխարեն այլ մարդու են աշխատանքի վերցրել։ Տառացի, մոտավորապես 4 ամիս անց դրանից հետո սկսվեցին, կարող ենք ասել, մասսայական ազատումները։ Մարդիկ ընդհանրապես պատրաստ չէին, որ նրանց ազատելու են աշխատանքից։ Ամեն ինչ շատ կտրուկ է սկսել»,-նշեց նա։
Ջոնի խոսքով՝ պայմանավորվածություններ են եղել, որ նա շարունակելու է աշխատել, հնարավոր էր հաստիքի, աշխատանքի ուղղության փոփոխություն, սակայն ընկերությունը դրանք չի պահպանել։ Դրա փոխարեն նրան ասել են, որ վերջինս պետք է ազատվի աշխատանքից։
Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը համաձայն է եղել դրան, սակայն պայմանով, որ ամեն ինչ պետք է կատարվի օրենքի սահմաններում։ Նրան ասել են՝ աշխատանքից կհեռացնեն պայմանավորվածությամբ, բայց այդ դեպքում իրեն չեն վճարի այն գումարը, որը վերջինս պետք է ստանար։
Մեզ հետ զրույցում նա նաև հավելեց․ «Ինձ առաջարկել են շատ քիչ գումար, ես չեմ համաձայնվել, որից հետո անհասկանալի բաներ են կատարվել, նույնիսկ սպառնալիքներ են հնչել իմ հասցեին։ Նրանք անընդհատ զանգում էին ինձ, ասում, որ պետք է աշխատեմ գրասենյակից, բայց մենք ունեինք պայմանավորվածություն, որ կարող ենք աշխատել ցանկացած այլ կետից։ Մենք IT-ում ենք աշխատում, նման հնարավորություն ունենք։
Երբ գրեցի մեր աշխատանքային խմբում, որտեղ զգուշացնում էինք տնից աշխատելու մասին, ղեկավարն ինձ անձնական նամակով գրեց, որ ես պետք է գնամ գրասենյակ, հակառակ դեպքում կհամարվի բացակայություն, իսկ երբ մյուս աշխատակիցներն էին տեղեկացնում տնից աշխատելու մասին, նրանց թույլատրվում էր․ այսինք՝ դա միայն ինձ էր վերաբերվում»։
Նրան փորձել են կոնֆլիկտի մեջ ներքաշել։ Ղեկավարն անձնական նամակներ է գրել ու հայտնել, որ վերջինս բավականին լավ չի նկարագրում այն աշխատանքը, որը կատարում է աշխատանքային օրվա ընթացքում։ Ջոնն էլ իր հերթին նշել է, որ ամեն ինչ այնպես է անում, ինչպես նախկինում։ Նա կատարվածը խտրականություն է որակում, քանի որ մյուս աշխատակիցներին նման պահանջներ չեն ներկայացվել։
Ջոնի խոսքով՝ դրանից հետո նրան կանչել են գրասենյակ, ստիպել համաձայնագիր ստորագրել և հեռանալ, հակառակ դեպքում գրասենյակից չաշխատելու օրերը կհամարեն բացակայություններ, և այդ հիմքով կազատեն աշխատանքից։ Նա հրաժարվել է և դիմել դատարան։ Պատասխանող կողմը չի ընդունում Ջոն Օկորոուկվուի մեղադրանքները։
Նա շարունակում է պնդել՝ ընկերությունում միակ սևամորթն ինքն է և միայն իր հետ են նման խնդիրներ առաջացել։
Նրա փաստաբան Գայանե Դեմիրչյանն ասաց, որ նախկինում դատական պրակտիկայում նմանատիպ գործ չի եղել․ «Խտրականության վերաբերյալ գործեր Հայաստանի դատարանները քննել են, սակայն խտրականության հիմքը և չափանիշը եղել է կանանց և տղամարդկանց, այսինքն սեռով, տարիքով պայմանավորված խտրականություն, կրոնական հայացքներով պայմանավորված խտրականություն, բայց ռասայական կամ մաշկի գույնով խտրականություն դեռևս չենք ունեցել․ սա առաջինն է իր տեսակով»։
Փաստաբանի խոսքով՝ դատարանները պետք է գնահատեն, որ նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ դրսևորվում է տարբեր վերաբերմունք՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքերի և ողջամիտ բացատրությունների։ Օրենսդրական տեսանկյունից կան որոշակի խնդիրներ խտրականությամբ պայմանավորված գործերի մասով՝ ապացուցման բեռի բաշխման տեսանկյունից։
«Մենք գիտենք, որ աշխատանքային վեճերով բեռի բաշխումը դրվում է գործատուների վրա, սակայն գործատուները պետք է ապացուցեն, որ իրենք ազատել են ճիշտ իրավական հիմքերով, բայց արդեն խտրականության զուտ փաստի մասով ևս այդ բեռը, իմ կարծիքով և շատ իրավաբանների կարծիքով պետք է դրվի ևս գործատուի վրա, բայց այս դեպքում չունենք այդ առանձնահատկությունը, և քաղաքացիական դատավարության օրենսգիրքը այդ բեռը թողնում է հենց հայցվոր կողմի վրա, այսինքն՝ աշխատողն ինքը պետք է դա ապացուցի»,-ասաց Դեմիրչյանը։
Նա նշում է, որ չնայած օրենսգիրքը նախատեսում է կրճատ ժամկետներ այս վեճերի հետ կապված, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ հատկապես այն գործերը, որտեղ խտրականության փաստ է վկայակոչվում, ինքնին ապացուցման բեռի ծավալով դառնում են երկարաժամկետ, և 3 ամսում հնարավոր չի լինում դրանք քննել։
Օրենսդրական բացեր կան նաև փոխհատուցման մասով, քանի որ օրենսգիրքը խտրականության հիմքով աշխատանքից ազատելու և աշխատանքային հարաբերություններում հանդիպող այլ դեպքերի համար փոխհատուցում չի նախատեսում։
Դատարանում գործն այս պահին մտել է դատաքննության փուլ․ «Մենք ունենք նամակագրությունը ընկերության հետ, որի ժամանակ շփումներ են տեղի ունեցել, մեր վստահորդը նշել է՝ հեռավար է աշխատում, մյուսները ևս նշել են, բայց աշխատանքային պայմանագիրը միայն իր հետ է լուծվել։ Գործատուն նաև ներկայացրել է տեղեկանք, որ միակ սևամորթ աշխատողը գրասենյակում հանդիսացել է մեր վստահորդը, այսինքն՝ այլ սևամորթ աշխատողներ չեն եղել»։
Դեմիրչյանը պնդում է՝ պետք է հստակ նախատեսվի, որ այս հիմքով աշխատանքից ազատելն արգելվում է։ Հայաստանում, ճիշտ է, նման դեպքերը քիչ են, սակայն վերջին շրջանում, երբ մեր երկրում աշխատանքին են անցնում նաև այլազգի և այլ մաշկի գույն ունեցող անձինք, խնդիրը կարող է ավելի արդիական դառնալ, ինչի արդյունքում դատական գործերը միգուցեև շատանան։
Փաստաբանի խոսքով՝ նշված գործով գործատուն համարել է, որ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցներից մեկը կեղծված է, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քրեական գործով Ջոն Օկորոուկվուն որպես վկա հարցաքննվել է նախաքննական մարմնում։
Iravaban.net-ը պարզաբանման համար դիմել է նաև «Քյուլեսս Էյէմ» ընկերությանը, ինչպես նաև ընկերության ներկայացուցչին՝ Ֆելիքս Հովակիմյանին, սակայն վերջինս նշել է, որ այս փուլում ձեռնպահ կմնան նշված գործով որևէ մեկնաբանություն տալուց։