Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Ձոնգ Ընին (Կիմ Չեն Ըն) նվիրել է նոր Aurus մեքենա, ծովակալի դաշույն և թեյի հավաքածու։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին խոսել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա պարզաբանել է, որ սա Կիմ Ձոնգ Ընին նվիրած երկրորդ Aurus է։ Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդին առաջինը նվիրել է դեռ այս տարվա փետրվարին։
Ուշակովը նշել է, որ Պուտինին նաև «լավ նվերներ» են տվել։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է ներկայացրել ընդունող կողմը, սակայն ակնարկել է, որ դա կապված է ՌԴ ղեկավարի կերպարի հետ։
«Պատկերների մի քանի տարբերակներ կան, բոլորն էլ բավականին արտիստիկ, այդ թվում՝ կիսանդրիներ»,- ասել է պետության ղեկավարի օգնականը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Պուտինը 24 տարվա մեջ առաջին անգամ պետական այցով ժամանել է Փհենյան։ Պետությունների ղեկավարները բանակցություններ են վարել ընդլայնված կազմով, ապա շարունակել դեմ առ դեմ շփումը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։