Ապօրինի միջամտություն է կատարվել Անդրանիկ Փիլոյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության, գաղտնիության իրավունքի նկատմամբ․ փաստաբան

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մայիսի 24-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Տիգրան Դավթյանը։

Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին քննարկվեցին ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ միջնորդությունները։

Առաջինն իր միջնորդությունը ներկայացրեց Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։ Միջնորդությունը արտավարույթային փաստաթուղթ հանդիսացող Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ իրականացված ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների (ՕՀՄ) արդյունքները, ինչպես նաև այդ ամենի արդյունքում զննության մասին արձանագրություններն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ էր։

Պաշտպանն արձանագրեց, որ 2021 թվականի նոյեմբերի 29-ին ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից կայացվել է որոշում ներքին դիտում ՕՀՄ իրականացնելու թույլատրություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին, որով դատարանից հայցվել է թույլտվություն Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ։

«Նույն օրը դատարանի կողմից կայացվել է որոշում հիշյալ միջնորդությունը բավարարելու մասին։ 2022 թվականի հունվարի 25-ին նույն պաշտոնյայի կողմից կայացվել է որոշում ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին, որով դատարանից հայցվել է թույլտվություն Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ։ Նույն օրը դատարանը բավարարել էր հիշյալ միջնորդությունը»,-ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ դատարանի 2022 թվականի մարտի 4-ի որոշումներով գաղտնազերծվել են Փիլոյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով ներքին դիտում ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հիշյալ միջնորդությունները, և դրանք բավարարելու մասին 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի հունվարի դատական ակտերով։

Այս միջնորդությունները, ըստ Մանուկյանի, պարունակել են Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով ներքին դիտում ՕՀՄ պատճառաբանություններ այն մասին, որ միջոցառման անցկացմամբ կարող են ձեռք բերվել ԱԻՆ հաշվեկշռում գտնվող, շահագործման ենթակա 5 միլիոն դրամ ընդհանուր արժողության տարբեր գույքեր, ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանի օժանդակությամբ վատնված և կամ յուրացված լինելու, ինչպես նաև ԱԻՆ ենթակա ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու կամ ԱԻՆ աշխատակիցներին մի ստորաբաժանումից մյուս ստորաբաժանումը տեղափոխելու համար 500 հազարից 1 միլիոն 500 հազար դրամ կաշառք ստացված լինելու վերաբերյալ տեղեկությունները հիմնավորող տվյալներ։

Փաստաբանը ասաց․ «Պարզվել է, որ դրանցում իրավասու մարմինը կոնկրետ կամ առարկայական կերպով չի հիմնավորել՝ հատկապես որն է եղել Փիլոյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով ներքին դիտում ՕՀՄ իրականանցելու նպատակը, որ փաստական տվյալների պայմաններում է անհրաժեշտ դարձել Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով ներքին դիտում ՕՀՄ իրականացումը և ինչ հանգամանքների պարզման ակնկալիք է ունեցել իրավասու մարմինը։ Պարզ չի եղել, թե Անդրանիկ Փիլոյանը կասկածվում է ներքին դիտում ՕՀՄ համար ծանր հանցագործության կատարման մեջ, թե ոչ մեծ ծանրության»։

Նրա պնդմամբ՝ իրավասու մարմինն ապօրինի միջամտություն է կատարել Անդրանիկ Փիլոյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և հաղորդակցության այլ ձևերի ու գաղտնիության իրավունքի նկատմամբ, հետևաբար հիշյալ ՕՀՄ արդյունքները չէին կարող հանդիսանալ հիմք ապացուցողական գործողության կատարման համար։

Մանուկյանը միջնորդեց արտավարույթային փաստաթուղթ հանդիսացող Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ իրականացված ներքին դիտում ՕՀՄ արդյունքները, ինչպես նաև հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների զննության մասին արձաագրությունները այս քրեական գործով ճանաչել որպես անթույլատրելի ապացույց։

Ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ նաև մեղադրյալ Աշոտ Հակոբյանի պաշտպան Հրանտ Կարապետյանը։

Նա հայտնեց, որ ներքին դիտում ՕՀՄ ընթացքում ստացված փաստական տվյալները ձեռք են բերվել էական խախտումներով, ուստի դրանք չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում։

2021 թվականի ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ, գնդապետ Պետրոսյանի կողմից միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին թույլատրելու 2 ամիս ժամկետով Աշոտ Հակոբյանի նկատմամբ վերջինիս կողմից օգտագործվող հեռախոսահամարով իրականացնել հեռախոսային խոսակցության վերահսկում։ Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը։

Պաշտպանը միջնորդեց 2021 թվականի նոյեմբերի 25-ի հեռախոսային խոսակցությունների վերահսկում ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշման հիման վրա ձեռք բերված ապացույցները ճանաչել անթույլատրելի, 2022 թվականի հունվարի 25-ի հեռախոսային խոսակցությունների վերահսկման ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշման հիման վրա ձեռք բերված ապացույցները ճանաչել անթույլատրելի, 2021 թվականի նոյեմբերի 29-ի ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշման հիման վրա ձեռք բերված ապացույցները ճանաչել անթույլատրելի, 2022 թ․ հունվարի 25-ին ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշման հիման վրա ձեռք բերված ապացույցները ճանաչել անթույլատրելի։

Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունները ենթակա են մերժման, ձեռք բերված ապացույցները թույլատրելի, վերաբերելի են և չեն կարող ճանաչվել անթույլատրելի։

Ըստ Սերոբյանի՝ հանցագործությունների ծանրության մասին միջնորդությամբ նշվեց, որ այն վերացական է, չի նշվել ծանության աստիճանը, ընդգծեց դատարանի այն որոշումները, որտեղ Անդրանիկ Փիլոյանի դեպքում ասվում է՝ վերջինս կասկածվում է նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման մեջ։

«Ապացույցների ձեռքբերումը և դրա գնահատումը պետք է տեղի ունենա այն օրենքով, որը որ գործել է դրանք ձեռք բերելու պահին, բնականաբար, դա ոսկե կանոն է, բայց ամեն դեպքում արձանագրենք նաև, որ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքով հստակ նախատեսված է եղել, որ ապացույցները ՕՀՄ կարող են իրականացվել հանցագործությունները բացահայտելու, հայտնաբերելու և այլ նպատակներով։ Կարծում եմ՝ սա էական նշանակություն ունի»,-նշեց դատախազը։

Հավելեց, որ անհրաժեշտ է իրարից սահմանազատել ապացույցի ձեռքբերման ընթացակարգի իրավաչափության ստուգումն այդ ապացույցը ձեռք բերելու թույլտվություն տվող դատարանի որոշման իրավաչափության ստուգման ընթացակարգերը։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել