Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները»,- գրված է հրամանագրում:
Նշենք, որ ավելի վաղ մամուլի միջոցներով հրապարակվել էին տարբեր քաղաքացիների դժգոհություններ` կապված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսևորելու մասին:
Դատական դեպարտամենտն ուսումնասիրել էր մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները և արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ուսումնասիրությունների արդյունքներով դիմել էր ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ:
Լուսանկարը` court.am-ի