Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացրել է ուսումնասիրություններ և առաջարկներ ներկայացրել ոլորտի կարգավորման նպատակով։
Թեմայի շուրջ Iravaban.net– ը խոսել է ՄՊՀ շուկաների վերլուծության բաժնի ավագ մասնագետ Մոնիկա Արթենյանի հետ։
Նրա խոսքով՝ տարանջատվել է երկու ապրանքային շուկա՝ սիգարետ ապրանքային շուկան և տաքացվող ու էլեկտրոնային ծխախոտի շուկան․
«Ապրանքային շուկաների տարանջատումը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքներով․ սիգարետները, ի տարբերություն տաքացվող ու էլեկտրոնային ծխախոտերի, ենթադրում են ծխախոտահումքի այրման պրոցես, իսկ տաքացվող ու էլեկտրոնային սիգարետների ծխախոտահումքը կամ էլեկտրոնային հեղուկը ենթարկվում է տաքացման։ Սա այն հիմնական տարբերությունն է, որ հանձնաժողովը հաշվի է առել ապրանքային շուկաները հատկորոշելիս»։
Նա նշեց, որ առաջարկություններն ու առանձնացված խնդիրները հիմնականում վերաբերում են օրենսդրական դաշտին։
Խոսելով ուսումնասիրության համար հիմք հանդիսացած կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններից՝ Արթենյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծխախոտային արտադրատեսակների վաճառքի իրացման, դրանց ցուցադրման հետ կապված որոշակի սահմանափակումներ են կիրառվել, ինչը ուսումնասիրվել է հանձնաժողովի կողմից․ «Կառուցվածքային փոփոխություններ ևս արձանագրվել են, այստեղ խոսքը որոշ արտադրատեսակների իրացվելիության ավելի բարձր թվի մասին է, ավելի կոնկրետ՝ էլեկտրոնային և տաքացվող սիգարետները սկսել են ավելի շատ իրացվել շուկայում, քան ավանդական սիգարետները։ Դա ցույց է տալիս ինչպես համաշխարհային միտումների վերլուծությունը, այնպես էլ հայաստանյան շուկայի իրավիճակի վերլուծությունը»։
Շուկաների վերլուծության մասնագետը հավելեց, որ սիգարետի արտադրման ոլորտում Հայաստանը ինքնաբավ երկիր է և առավելապես արտահանում է սիգարետը, իսկ տաքացվող և էլեկտրոնային ծխախոտի դեպքում միայն ներմուծում է իրականացվում։
Մանրամասները՝ տեսանյութում։