Այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։
Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ հետ չվերցնելու դեպքում նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։