Գլոբալ տաքացման գլխավոր սահմանափակողը կրիտիկական մետաղներ են՝ պղնձի, լիթիումի ոչ բավարար քանակով լինելը․ Վարդան Ջհանյան

Կայուն զարգացման առումով համաշխարհային հիմնախնդիրն այսօրվա դրությամբ գլոբալ տաքացումն է, կլիմայի փոփոխությունը։ Հանքարդյունաբերության ոլորտը պետք է առաջնորդվի կայուն զարգացման օրակարգով, ինչն ամրագրված է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն Iravaban.netի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն արդեն քայլ կատարել է դիմակայության առումով։

«Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Փարիզյան համաձայնագիրը․ այսինքն իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ մասնակցելու այդ գործընթացին, որ կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը պետք է սահմանափակվի մինչև 1․5-2 աստիճանով։ Այդ առումով Հայաստանն արդեն այդ քայլն արել է։ Մենք էլ, որպես բիզնես ներկայացող հասարակական կազմակերպություն, մասնակից ենք լինելու այդ քայլերին, որ գլոբալ տաքացման դեմ մենք աշխատանք տանենք։ Իսկ որպես կարևորագույն ճյուղ՝ գլոբալ տաքացման գլխավոր սահմանափակող խնդիրը դա կրիտիկական մետաղներ են՝ պղնձի, լիթիումի, այլ մետաղների պակաս, ոչ բավարար քանակով լինելը։ Այս առումով մենք ամեն ինչ անելու ենք, որ մասնակից լինենք այդ մետաղների պահանջարկի ապահովման մեջ՝ ավելի շատ պղինձ արտադրելով, լիթիում արտադրելով, որ խնդիրն ինչ-որ ձևով լուծում ստանա»,-մանրամասնեց Ջհանյանը։

Այս մասին նշվում է նաև ռազմավարությունում, որ հանքարդյունաբերությունը կարող է նպաստել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանը: Կլիմայի փոփոխության ազդեցության սահմանափակման նպատակով աշխարհը շարժվում է «կանաչ տնտեսության» փոխակերպման ուղղությամբ, հետևաբար, ավելի է կարևորվել հանքարդյունաբերության ոլորտում կայուն աշխատակարգերի ներդնումը:

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի խոսքով՝ ԵՊՀ՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ունենք արդեն իսկ գործում է Կայուն զարգացման կենտրոն․ «Կենտրոնը համագործակցում է համանման կենտրոնների հետ։ Նախատեսել ենք բավականին մեծ ծրագրեր՝ վերապատրաստման ծրագրերից մինչև բիզնես պատվերներ, այս ընթացքում մենք հանդիպում ենք բիզնես միջավայրի մեր գործընկերների հետ»։

Ռազմավարության մեջ նաև նշվում է, որ վերականգնվող էներգակիրները, ջրի խնայողությունը, կենսաբազմազանության պահպանումը, սոցիալական պաշտպանվածությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը կայացած հանքարդյունաբերության անբաժան մասն են այսօր: Կայուն աճին նպաստող բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) հայեցակարգի գործոնները պետք է գործեն նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում:

«Մեր կենտրոնով կփորձենք տալ ոլորտում առկա այն բացը, եթե կուզեք՝ թյուր կարծիքը, որ այո՝ հնարավոր է հանքարդյունաբերությամբ զբաղվել մեր հանրապետությունում կայուն զարգացման երեք՝ տնտեսական, սոցիալական, էկոլոգիական ասպեկտներով»,-նշում է Սարգիս Քելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել