Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հունվարի 30-ի հրամանով` Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Iravaban.net-ը Մարտիրոսյանի հետ զրուցել է հիմնարկում առկա խնդիրների, կանանց և անչափահասների պահման պայմանների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրված խախտումների և իր ծառայության մասին։
-Տիկին Մարտիրոսյան, Ձեր կենսագրությունում նշված է, որ շուրջ 8 տարի աշխատել եք դպրոցում, որպես ուսուցիչ։ Ինչպե՞ս ստացվեց, որ աշխատանքի ընդունվեցիք քրեակատարողական հիմնարկում։
-Համալսարանն ավարտել եմ 1993 թվականին, երկիր համար շատ դժվար տարիներ էին, աշխատատեղերը շատ չէին։ Իմ դպրոցը, որն ավարտել էի, միանգամից ինձ հրավիրեց աշխատանքի։ 8 տարի աշխատեցի։ 2000-ականներին արդեն ավելի լայն հնարավորություններ բացվեցին, աշխատանքը փոխելու հնարավորություն եղավ։ Ուզում էի բնագավառս փոխել ու շատ պատահական հայտնվեցի քրեակատարողական հիմնարկում։ Այնպես չէ, որ նպատակադրված եմ եղել։ Աշխատանքի ընդունվեցի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այսպես հայտնվեցի քրեակատարողական հիմնարկում ու երկար տարիներ ծառայեցի։
-Ընտանիքն ինչպե՞ս ընդունեց ՔԿՀ-ում աշխատելու Ձեր որոշումը։
-Ինձ համար ընտանիքն ու աշխատանքը շատ տարանջատված են։ Ես շատ ժլատ եմ իմ աշխատանքի մասին ընտանիքի, ընկերների մոտ խոսելուց։ Միշտ ինքնուրույն մարդ եմ եղել, ընտանիքս բավականին ուշ իմացավ իմ աշխատանքի մասին, իսկ երբ իմացան արդեն կատարված փաստ էր։ Լավ էլ չպատկերացրեցին աշխատանքիս բնույթը։ Իսկ «Աբովյան» ՔԿՀ տեղափոխվելս ավելի հանգիստ է եղել, արդեն երկար տարիների ծառայող էի։
-Ասացիք, որ երկար ժամանակ ընտանիքի անդամները չգիտեին, թե որտեղ եք աշխատում, իսկ չէին հարցնո՞ւմ։
-Դե գիտեին, որ ԱԱԾ-ի շենքում եմ աշխատում, այդքանը։
-Այսօր կարո՞ղ ենք ասել, որ քրեակատարողական հիմնարկը ոչ թե պատժելու, այլ մարդու վարքագիծն ուղղելու նպատակ ունի։
-Այո, միանշանակ կարող եմ ասել։ Քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է պատժի նպատակները։ Պատիժն ունի երեք նպատակ՝ վերականգնել սոցիալական արդարությունը, կանխել հանցագործությունը և պատժի ենթարկված անձին վերասոցիալականացնել։ Այս երրորդ կետն ամբողջությամբ քրեակատարողական համակարգի տիրույթում է։ Ստեղծվել են վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովներ՝ դատապարտված անձանց հետ լայնածավալ աշխատանքներ կատարելու համար, վերականգնողական, վերաինտեգրման։ Շատ բաղադրիչներ ունի վերասոցիալականացումն իր մեջ։ Օրինակ՝ վերականգնողական ծրագրերի իրականացումը, անչափահասների հետ դաստիարակչական աշխատանքները, դատապարտյալներին աշխատանքով ապահովելը, բարձրագույն կրթությունը, արտաքին աշխարհի հետ կապն ապահովելը և մենք այդ աշխատանքներն իրականացնում ենք։ Դրա համար էլ հիմնարկներում ստեղծվում են համապատասխան սենյակներ, գրադարաններ, լսարաններ, որպեսզի մարդիկ կարողանան վերականգնված, փոխված վերադառնան հասարակություն։ Կարծում եմ` պատժիչ քաղաքականությունը լրիվ փոխվել է։
-Նախկինում ուսուցիչ լինելու հանգամանքն օգնո՞ւմ է կալանավորված անձանց հետ շփումներում, աշխատանքում։
-Գիտեք, շատ է օգնում։ Ուսուցիչ աշխատելուց մարդն ավելի համբերատար է դառնում, լսելու ունակություն է ձևավորվում։ Ու հետո էլ սովորություն է դառնում, որ մարդկանց մի բան ես ասում, նաև փորձում ես բացատրել, թե ինչու ես այդպես ասում, որ մարդը հասկանա։ Այդ առումով, այո, ուսուցչի աշխատանքն ինձ ավելի համբերատար է դարձրել ու ավելի հանգիստ։ Միանգամից որոշում կայացնել ինձ մոտ չկա, մտածում եմ՝ նոր։
-Իսկ այստեղ համբերատարության ու հանգստության կարիք շա՞տ կա։
-Այո, իհարկե։ Այնպիսի աշխատանք է, որ պետք է կարողանաս լսել, վերլուծել։ Չէ որ, ամեն մարդ անհատականություն է։ Ճիշտ է` մենք, ծառայություններ կան, որ բոլորին նույն մոտեցումն ենք ցուցաբերում, օրինակ՝ անվտանգությունը, բոլորը պետք է խուզարկվեն, բայց մյուս ծառայություններն անհատական մոտեցում էլ են պահանջում, օրինակ՝ հոգեբանական, սոցիալական, իրավական։ Դա պետք է անհատականացնել, դրա համար համբերություն է պետք։ Միանգամից որոշում կայացնելը ճիշտ չէ։
-Աշխատել եք նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպե՞ս են կին քրեակատարողական ծառայողին վերաբերվում այս և այլ ՔԿՀ-ների «բնակիչները»։ Ի՞նչ տարբերություններ կան։
-Շատ սովորական ու շատ նորմալ։ Համակարգում կին ծառայողները բավականին շատ են, ես միակը չեմ։ Շատ հանգիստ մոտեցում է, երբեք չեմ զգացել, որ տարբերակեն։ «Երևան-Կենտրոն»-ում ընդհանրապես չեմ զգացել։ Համակարգում լավ կին ծառայողներ շատ ունենք։ Ժամանակի ընթացքում հասանք նրան, որ բոլորի կողմից էլ նորմալ է ընդունվում։
-Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, ովքեր ցանկանում են ծառայության անցնել այս համակարգում։
-Համակարգում աշխատելու համար պետք է շատ խստապահանջ լինես ինքդ քո նկատմամբ։ Այստեղ ռեժիմն առաջին տեղում է, դու պետք է միշտ տեղում լինես, չուշանաս։ Պետք է սիրես այս աշխատանքը։ Պետք է ընդունես, որ դու ծառայում ես Հայաստանի Հանրապետությանը։ Պետք է հասկանան, թե ուր են գնում։ Եվ իրենց մեջ ունենան պատասխանատվություն։
-Ինչպե՞ս են արձագանքել «Աբովյան» ՔԿՀ-ում պահվողները Ձեր՝ քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակվելու լուրին։
-Շատ նորմալ արձագանքներ են եղել։ Տղամարդ պետերն էլ վատ չեն աշխատում, վատ չեն ծառայում։ Ողղակի այստեղ շփման մեջ կին ղեկավարի հետ իրենք կարող են խոսել իրենց, օրինակ՝ առողջական խնդիրների մասին մինչև վերջ, ավելի լավ բացատրել։ Կարող են իրենց հույզերի, ընտանեկան խնդիրների, երեխաների մասին խոսել։ Նման թեմաները տղամարդու հետ մինչև վերջ չես կարող բացահայտել։ Ես էլ եմ կարծում` հարցեր կան, որ ես իրենց ավելի լավ կարող եմ հասկանալ։ Մնացած հարցերում կարծում եմ, որ ոչ մի տարբերություն։
-Անդրադառնանք համակարգում առկա խնդրներին։ Քրեակատարողականի «բնակիչները» հաճախ են խոսում բուժօգնություն ստանալու դժվարությունների մասին։ Օրինակ՝ աշխատանքային ժամերից հետո ՔԿՀ-ում բժիշկներ չեն հերթապահում։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս խնդիրները լուծելու ուղղությամբ։
-Գիտեք, բավականին մեծ ստորաբաժանում է բժշկական բաժինը։ Առողջապահության նախարարության տիրությում է այդ ՊՈԱԿ-ը։ Երեք բժիշկ ունենք։ Մեկն ընդհանուր բժիշկն է, գինեկոլոգ և ատամնաբույժ և հինգ բուժքույր, որոնք նաև շուրջօրյա են մնում։ Բժիշկները մինչը 7-8-ը հիմնարկում են, եթե անհրաժեշտ է՝ ավելի շատ։ Իսկ եթե հանկարծ գիշերային ժամերին դեպք է պատահում, որ մարդը բուժօգնության կարիք ունի, միանգամից շտապ օգնությունով ենք աշխատում, եթե տեղում հնարավոր է օգնություն ցույց տալ, տալիս ենք, եթե ոչ, տեղափոխում ենք քաղաքացիական հիվանդանոցներ ու այնքան ժամանակով, որքանով պետք է։ Եթե բժիշկներ լինեն, իհարկե կհամալրվի, ուղղակի բժիշկներն էլ այնպես չէ, որ գալիս են այս համակարգում աշխատելու, մասնագետների խնդիր էլ ունենք, եթե անգամ տեղերը համալրված չեն, դա միայն մեր մեղքը չի։ Մարդիկ չեն մնում, գալիս են, հետո դուրս են գալիս աշխատանքից, բայց առողջությունն ուշադրության կենտրոնում է։ Ձեզ հավաստիացնում եմ, որ դատապարտյալները ոչ մի րոպե չեն մնում առանց հսկողության։ Բուժքույրերը տեղում են, դեղորայքը տեղում է։ Բայց այո, հերթապահ բժիշկ չունենք։ Մեզ մոտ հիմա համալրված են հաստիքները։ Այդ հարցը Արդարադատության նախարարության տիրույթում չէ։ Ես էլ կուզեի, որ գիշերային հերթապահ լիներ։ Բազմիցս դիմել ենք Առողջապահության նախարարությանը, մենք համագործակցում ենք։ Բժշկական հարցերը միշտ համատեղ քննարկվում են։
-Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեռևս 2022 թվականին արձանագրել է, որ քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները խիստ անբավարար են։ Ի՞նչ քայլեր են արվել այս ուղղությամբ։
-Մեզ մոտ մեծ աշխատանքներ են սկսվել։ Ոչ միայն այստեղ, այլ ամբողջ համակարգում։ Կոնկրետ մեզ մոտ հիմնանորոգվել է անչափահասներին պահելու վայրը, որը պետք է դատապարտվածներին պահելու վայր դառնա։ Վերասոցիալականացման մասը նորից հիմնանորոգվել է գեղեցիկ դասասենյակներով։ Հասցրել ենք գրեթե ավարտին, որոշակի գույք արդեն բերել ենք։ Նախատեսվում է ադմինիստրացիայի շենքը կապիտալ վերանորոգել։ Կալանավորվածներին պահելու վայրը նույնպես ծրագում է։ Պետք է բարեկարգվի ամբողջ տարածքը։ Բավականին մեծ ծրագիր է, որ «Աբովյան» ՔԿՀ-ն վերջնական տեսքի գալուց հետո, մոտ ժամանակներս պետք է լինի եվրոպական ստանդարտներով։ Ուզում ենք, որ կանայնք և անչափահասները լավ վիճակում լինեն։
-Ինչպիսի՞ խնդիրների մասին են բարձրաձայնում կանայք, ովքեր պահվում են ՔԿՀ-ում։
-Դե գիտեք, հայ կնոջ համար ամենակարևոր խնդիրն ընտանիքն է։ Այս մարդիկ ընտանիքից հեռու են, նեղության մեջ են։ Առողջական խնդիրների մասին, որ առողջ լինեն ու գնան իրենց ընտանիքենրին հասնեն։ Իրենց քրեական գործերի հետ կապված խնդիրներն են, ովքեր դեռ դատապարտված չեն, նախաքննության փուլում են կամ դատաքննության։ Կենցաղային, պահման պայմանների հետ խնդիրներ լինում են, բայց դրանք ավելի թեթև խնդիրներ են, որ մենք տեղում կարգավորում ենք, մեծ խնդիրներ չեն դառնում։ Իրենց ամենամեծ խնդիրն անազատության մեջ լինելն է։
-Մեր օրերում մարտի 8-ն ավելի շատ դիտարկվում է կանացիության, գեղեցկության համատեքստում, բայց հիմքում կանանց իրավունքներն են։ 21-րդ դարի Հայաստանում կանանց, հատկապես ՔԿՀ-ում պահվող կանանց իրավունքները որքանո՞վ են պաշտպանված։
-Ես կարծում եմ, որ կանանց իրավունքները Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված են։ Հետո ամեն մարդ իրնքը պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները։ Սահմանադրությունը սահմանում է, որ անձն ունի իրավունք։ Անկախ նրանից` իրավունքի սուբյեկտը կին է, թե տղամարդ։ ՔԿՀ-ում իրենք ունեն հստակ սահմանված իրավունքեր, որոնք պահպանվում են, որոնց մասին մենք իրազեկում ենք առաջին րոպեից, երբ մարդն անազատության մեջ է հայտնվում։ Ներկայացնում ենք իրենց իրավունքները, պարտականությունները։ Ես կարծում եմ, որ պետք է շեշտը դնել կրթական մակարդակի բարձրացման վրա։ Ինչքան կրթված ես, սովորած ես, դու քո իրավունքն ավելի լավ ես հասկանում ու հասնում ես այնտեղ, որ չխախտես ուրիշի իրավունքը։ Ես կարծում եմ, որ ՔԿՀ-ներում բացի իրազեկումը, շատ կարևոր է նաև այն, որ մենք հիմա շատ ուշադրություն ենք դարձնում իրենց կրթության վրա, որ իրենք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Այս պահը շատ կարևոր է ու հիմա մենք այդ ուղղության վրա ենք, որ կրթությունը շատ կարևոր է բոլոր տեղերում։
–Այժմ կա՞ն դատապարտյալներ, որոնց երեխաներն իրենց հետ ՔԿՀ-ում են։
-Ունենք երկու անձ, մեկը դատապարտյալ, մյուսը՝ կալանավորված անձ։ Երեխաներից մեկը 10 ամսական տղա է, մյուսն աղջիկ է, 7 ամասական։ Երկուսն էլ այստեղ են ծնվել։ Մեկ հղի ունենք։
-ՄԻՊ-ի վերոնշյալ զեկույցում արձանագրվել էր, որ հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները բացակայում են, հիմա ի՞նչ պատկեր է հիմնարկում։
-Հիմա լրիվ հիմնանորոգված է: Այդ անչափահասներին պահելու վայրը, որ ասացի՝ նորոգել ենք։ Այդտեղ երեք խուց է նախատեսված հղիների և իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերի համար։ Կաթսաներ ենք տեղադրել, խցերում մշտական տաք ջուր կա։ Հիմա մեկը զբաղված է, այդտեղ հղի կին կա 28 շաբաթական, նրա հետ նաև մեկ կին, որը երեխայի հետ է։ Նախատեսում ենք երեխաների համար խաղահրապարակ կառուցել։ Լայնածավալ շինարարություն է ընթանում։ Երեխաներն առողջ են, սննդի խնդիր չկա։
-Քանի՞ դատապարտված անձ է իրացնում կրթության իրավունքը, ինչպե՞ս է կազմակերպվում գործընթացը։ Եվ քանի՞սն են աշխատում։
-Կրթությունը կազմակերպվում է Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ 19+ տարեկան մարդիկ կարող են գնալ, միջնակարգն ավարտել։ Ունենք գեղագիտական դասընթացներ։ Հիմա հանրակրթւոթյան մեջ ունենք ընդգրկված 6 անձ։ 3-ը անչափահաս են։ 19+ հանրակրթություն, որ ուզում են ավագ դպրոցի ատեստատ ստանան, երեք կին է մասնակցում։ Մի աղջիկ էլ ունենք, շրջանավարտ է, ավարտում է ավագ դպրոցը, հիմա քննությունների է մասնակցում։ Հանդիպեցի, ասաց՝ ընկեր Մարտիրոսյան, 7 եմ ստացել, այնքան ուրախ էր։ Այդ պահին ինձ թվաց՝ դպրոցում եմ, գնացի անցյալ։ Գեղագիտական դասընթացները երեքն են՝ կար ու ձևի հիմունքներ, ազգագրություն և հաղորդակցման հմտություններ։ Հաղորդագրության հմտություններն իրենց իրոք պետք է։ Որովհետև այս կանայք, ինչքան էլ ասենք, մեկ է, խոցելի խումբ են ու իրենց համար այս առարկաները շատ լավ են։ Հիմա 10 դատապարտյալ ներգրավված է այս կրթական ծրագրերում։ Հոգեբաններ ունենք, իրավաբաններ, իրենց ամեն խնդրից մենք տեղեկացված ենք։ 14 դատապարտյալ հիմա աշխատում է։ Կարող են աշխատել նրանք, ովքեր միջին անվտանգային գոտում են։ Կես դրույք կամ 0.75 տոկոսով աշխատում են մարդիկ։ Դա պայմանավորված է նրանով, որ շատ դասեր ունեն, չեն հասցնում։ Իրենք հիմնականում մաքրման աշխատանքներ են անում և վարձատրվում են։ Ես ասեմ՝ այդ աշխատածից իրենք կարողանում են նույնիսկ տուն գումար ուղարկել։
-Քանի՞ անչափահաս է պահվում այժմ «Աբովյան» ՔԿՀ-ում։
-Մենք ունենք երկու անչափահաս, կա մեկը, ում 18-ը լրացել է, բայց նա ներգրավված է հանրակրթությունում և դեռ պահում ենք այստեղ։ Դրական բնութագրվողներին կարող ենք պահել մինչև 21 տարեկան։ 5 արական սեռի ներակայացուցիչ ունենք, 2-ն անչափահաս են, մյուսների 18-ը լրացել է, բայց դեռ 21 տարեկան չեն։ Ի ուրախություն մեզ, շատ քիչ են հիմա անչափահասները։ Այս նոր Քրեական օրենսգրքով, որ խափանման միջոցների տեսակները շատացել են, անչափասհասներին հիմա շատ ծայրահեղ դեպքերում են կալանավորում։ Այս պահին կալանավորված կամ դատապարտված անչափահաս աղջիկ չունենք։
-Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի համատեքստում կարո՞ղ եք նշել՝ նման դրսևորումներ կա՞ն «Աբովյան» ՔԿՀ-ում։
-Ասեկոսեներ, առասպելներ։ Ժողովրդի երևակայության արդյունքն է և հիմար սերիալների, որ առանց մասնագետների, խորհրդատուների ֆիլմեր են նկարում։ Նման բան չի եղել «Աբովյան» ՔԿՀ-ում։ Արտոնյալներ չկան այս հիմնարկում, բայց երկրի որդեգրած քաղաքականության շրջանակներում, որ պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, ամեն դեպքում մենք կանխարգելիչ բացատրական աշխատանքներ բոլորի հետ տանում ենք։ Կարծում եմ՝ ժողովրդի չափազանցված երևակայության արդյունքն է։
-Արգելված իրերի փոխանցման փորձեր հաճա՞խ են գրանցվում։ Եղե՞լ են արտառոց իրեր, որոնք փորձ է արվել փոխանցել դատապարտված կամ կալանավորված անձանց։
-Այս հիմնարկում ներթափանցումներ չկան, կանանց պահանջները լրիվ ուրիշ են։ Կարող է` տարվա մեջ ինչ-որ մի արգելված, բայց ոչ արտառոց իր գտնվի։
Հասմիկ Սարգսյան
Լուսանկարները՝ Լուսինե Հակոբյանի