Ժառանգությունից հրաժարվելու իրավունքը և հրաժարվելը՝ հօգուտ այլ անձի․ իրազեկում

Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1230-ը սահմանում է ժառանգությունից հրաժարվելու իրավունքը։

Այսպիսով՝ ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:

Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:

Եթե ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա ժառանգի ստորագրությունը նման դիմումի տակ պետք է վավերացվի սույն օրենսգրքի 1226 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով (այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:)

Ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:

Ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել:

Ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել չի թույլատրվում:

Ժառանգին հասանելիք ժառանգության մասից հրաժարվել չի թույլատրվում:

Եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և´ ըստ կտակի, և´ ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով:

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից` անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց:

Հոդված 1231-ը սահմանում է ժառանգությունից հրաժարվելը հօգուտ այլ անձի։

Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:

Հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել`

  •  կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.
  •  ժառանգության պարտադիր բաժնից.
  •  եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել