Սարգիս Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող,կոչումով՝ շարքային, անձնական խնդիրներից ելնելով, գտնվելով հոգեպես ընկճված վիճակում, ածելիով կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել օգոստոսի 7-ին և մակագրվել դատավոր Նապոլեոն Օհանյանին։
Խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։
Նշվում է, որ զինծառայողը ածելիով աջ ձեռքի դաստակի հատվածում 2 անգամ կատարել է քերծվածքներ՝ իր առողջությանը պատճառելով թեթև վնաս, որի հետևանքով նույն օրը վերջինս նախ տեղափոխվել է զորամասի բուժկետ, իսկ հետո հոսպիտալ, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։
Դատարանը վճռել է Սարգիս Ա․-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի կատարման մեջ և որպես պատիժ նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 15 օր ժամկետով։
Պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել զորամասի հրամանատարության վրա, իսկ զորացրվելու դեպքում` ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։
Դատական ակտը հրապարակվել է օգոստոսի 14-ին։
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան մեկամսյա ժամկետում։