Մինչև 20․000 դրամ տուգանք՝ կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքի չափերը։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 5,000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:

Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20,000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:

Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել