Յուրաքանչյուր լավ ղեկավար պետք է ունակ լինի կայացնել կտրուկ որոշումներ․ քննիչ Դավիթ Կիրակոսյան

«Լինելով ղեկավար և ունենալով բաժնի բնականոն աշխատանքն ապահովելու պարտականություն և պատասխանատվություն՝ պարտավոր եմ լինել անձնակազմի հետ և կատարել ծառայողական լիազորություններս»,-այս մասին Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանը։

«Ներկայացնում է քննիչը» շարքը 2024թ․ ընթացքում իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի շրջանակներում։

-Պարոն Կիրակոսյան, ի՞նչ ցուցանիշներով ամփոփեցիք 2023 թվականը և ո՞րն եք համարում անցած տարվա ընթացքում ձեր ղեկավարած ստորաբաժանման ամենամեծ ձեռքբերումը կամ հաջողությունը։

-Անկեղծ կասեմ, որ 2023 թվականի ընթացքում քննչական բաժնում կատարվել է մեծածավալ աշխատանք և տարին ամփոփել ենք, ըստ էության, դրական արդյունքով։ Սակայն քննիչների և առհասարակ քննչական բաժնի աշխատանքներն ավելի դինամիկ, արագ կազմակերպելու նպատակ ունենք: 2023 թվականի ընթացքում ստորաբաժանման ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որպես ստորաբաժանման ղեկավար, համարում են նկատելի դարձած՝ քննիչների կողմից իրենց աշխատանքի հանդեպ նվիրվածության մեծացումը, ընդհանուր արդյունքների հասնելու հարցում քննիչների համախմբվածությունը։ Հետևողական աշխատանքի արդյունքում գործուն մեխանիզմներ ենք կիրառել անձանց և պետության իրավունքների ու ազատությունների պաշտպանության ուղղությամբ, ինչը ևս խիստ կարևորում եմ։

-Ի՞նչ առաջնահերթություններ եք սահմանել ինքներդ Ձեր առաջ 2024 թվականի համար։

-2024 թվականի առաջնահերթություններից է քննչական բաժնում աշխատանքի արդյունավետության բարձրացման համար ներդրված նոր գործիքակազմի կիրառումը, քննիչների մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործումը։ Կարևոր առաջնահերթություն է մեզ համար նաև քննչական բաժնում դեռևս նախաքննությունը շարունակվող տնտեսական, կոռուպցիոն և երկարատև քննվող քրեական վարույթներով նախաքննության ավարտման ուղղությամբ առավել ակտիվ միջոցների ձեռնարկումը:

-32 տարեկանում՝ 3 երեխաների հայր ու քննչական բաժնի ղեկավար: Որքանո՞վ է Ձեզ հաջողվում ներկայիս ծանրաբեռնվածության պայմաններում բարեխղճորեն կատարել ինչպես ծառայողական, այնպես էլ ընտանեկան պարտականությունները:

-Իրականում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժինը, հաշվի առնելով քրեական վարույթների բնույթը և մեծաքանակ լինելը, աշխատում է գերծանրաբեռնված: Նման պայմաններում քննիչները ստիպված են լինում ծառայությունն իրականացնել մինչ ուշ երեկո, իսկ հերթապահության օրերին՝ շուրջօրյա: Լինելով ղեկավար և ունենալով բաժնի բնականոն աշխատանքն ապահովելու պարտականություն և պատասխանատվություն՝ պարտավոր եմ լինել անձնակազմի հետ և կատարել ծառայողական լիազորություններս: 

Գուցե ոչ այն չափով, որքան կցանկանայի, բայց կատարում եմ նաև ընտանեկան պարտականություններս։ Ընտանիքիս անդամները ըմբռնումով են մոտենում, հարմարվել են իմ աշխատանքային ռեժիմին: Ու այս իմաստով, կարելի է ասել՝ հավասարապես կիսում են ինձ հետ ծառայության դժվարությունները։ Վերջիններիս հետ փորձում եմ ավել ժամանակ անցկացնել ոչ աշխատանքային օրերին, եթե հաջողվում է, և այդ կերպ լրացնել պակասը: Իրականում աշխատանքի և ընտանիքի համատեղումը ոչ միայն քննիչից, այլ նաև ուժային, իրավապահ համակարգում աշխատող ցանկացած անձից պահանջում է ամենօրյա մեծ աշխատանք:

-Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժինը ղեկավարում եք 2022 թվականի հունվարի 24-ից: Ամփոփելով Ձեր՝ մոտ երկու տարվա պաշտոնավարումը՝ կհիշե՞ք այդ ընթացքում կատարված հիմնական աշխատանքները, որոնցով նշանակալի արդյունք է ապահովվել:  

-Անձնակազմի հետ մշտական և հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է հասնել քննիչների կարգապահության մակարդակի բարձրացման, ովքեր իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնում են առավել բարձր պատասխանատվությամբ, ծառայության նկատմամբ դրսևորում բարեխիղճ և սրտացավ վերաբերմունք: Չնայած օրենսդրական փոփոխություններին, վարութային և ապացուցողական գործողությունների կատարմանը ներկայացվող առավել բարձր պահանջներին՝ քննիչներին հաջողվել է սահուն անցում կատարել և աշխատել նոր փոփոխություններին համահունչ: Քննչական բաժնի կողմից նշանակալի ձեռքբերում եմ համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում առավել խիստ և անզիջում մոտեցումը, դրանց հետ առնչություն ունեցող անձանց նկատմամբ առավել խիստ խափանման միջոցների կիրառումը, ինչի արդյունքում դատելով հերթապահության ընթացքում ստացված դեպքերի քանակից և բնույթից՝ առկա է նմանատիպ հանցանքների նվազման միտում, ինչն էլ վկայում է այդ բնագավառում պայքարի արդյունավետության մասին:

-Որպես ստորաբաժանման ղեկավար՝ ինչպե՞ս եք մոտենում այս ոլորտում կտրուկ, շրջադարձային փոփոխություններին միտված որոշումներ կայացնելուն, եթե դրանք ռիսկային են, բայց նաև՝ անհրաժեշտ: 

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր լավ ղեկավար պետք է ունակ լինի կայացնել կտրուկ որոշումներ: Ցանկացած որոշում կայացնելիս կարևոր է հասկանալ խնդիրը, որպեսզի հնարավոր լինի կայացնել դրա լուծմանը միտված, կշռադատված որոշում:

Ժամանակակից աշխարհը վաղուց արդեն անցել է ռիսկերի վրա հիմնված մոտեցման, ինչը ենթադրում է առավել ռիսկային ոլորտների առաջնային թիրախավորում: Միաժամանակ, անհրաժեշտ է կտրուկ որոշումներ կայացնելուց առաջ հնարավորին հավաստիանալ, որ կիրառվող մեթոդները, միջոցառումներն արդյունավետ են և ուղղված են զսպելու տվյալ ոլորտում մնացորդային  ռիսկերը: Ինքս քննիչների հետ ամենօրյա աշխատանքում փորձում եմ նրանց մեջ սերմանել անհրաժեշտության դեպքում ռիսկային որոշումներ կայացնելու ունակություն՝ միաժամանակ հետևելով նման որոշումների հիմնավոր և օրինաչափ լինելուն: 

-Այս առումով ունե՞ք նախանշած կոնկրետ միջոցառումներ, որոնք ըստ Ձեզ, ավելի կմեծացնեն բաժնի, քննիչների աշխատանքի արդյունավետությունը։ 

-Ըստ իս՝ արդյունավետ առաջնորդն իր աշխատակիցների երկարաժամկետ զարգացման մեջ ունի անձնական շահագրգռվածություն և օգտագործում է իր բոլոր հմտությունները՝ աշխատակցին ոգեշնչելու լավագույնս ինքնադրսևորվել:

Յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կարևոր է թե՛ անհատական, թե՛ թիմային աշխատանքի իրականացումը: Անհրաժեշտ է հասկանալ յուրաքանչյուրի թույլ և ուժեղ կողմերը, կազմել անհատական զարգացման ծրագիր: Կարևորում եմ այնպիսի աշխատանքային միջավայրի առկայությունը, որտեղ ամեն քննիչ իրեն զգում է կոլեկտիվի մաս, ինքնակատարելագործվում է առողջ մրցակցության մթնոլորտում՝ չկորցնելով մարդկային որակները: Քննիչների աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցառումներից է բաժնի պետի և տեղակալների կողմից անձնակազմի հետ կոնկրետ քրեական վարույթներով մասնագիտական քննարկումների պարբերաբար կազմակերպումը և անցկացումը, քրեական վարույթներով կատարվող նախաքննության, ստացվող հանձնարարությունների կատարման նկատմամբ հսկողությունը, քննիչների կողմից մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

-Պարոն Կիրակոսյան, արմատացած կարծիք կար, որ երիտասարդ կադրերն ու մասնագետները չպետք է հավակնեն բարձր պաշտոնների՝ այն պատճառաբանությամբ, որ նրանք, հնարավոր է, փորձի պակաս ունեն: Դուք, մինչև բաժնի պետ նշանակվելը, շուրջ 10 տարի աշխատել եք իրավապահ համակարգում, նախ՝ Ոստիկանությունում, հետո Քննչական կոմիտեում՝ որպես քննիչ, ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ…. Կիսո՞ւմ եք արդյոք այդ կարծիքը։

-Հմուտ ղեկավար լինելու համար անձը պետք է օժտված լինի մի շարք գործարար որակներով, որոնց թվում խիստ կարևորում եմ առաջնորդությունը: Առանց այս որակի դժվար է իրականացնել արդյունավետ կառավարում: Միևնույն ժամանակ, կառանձնացնեմ մի քանի այլ հատկանիշներ, որոնք ևս էական են լավ ղեկավար լինելու համար, մասնավորապես՝ անհատը պետք է լինի արդյունքին միտված, պատրաստակամ սովորեցնելու և ուղղորդելու, թույլատրել աշխատակիցներին կայացնել որոշումներ և չիրականացնել միկրոմենեջմենթ, ունենալ թիմի աշխատանքի վերաբերյալ հստակ ռազմավարություն և տեսլական, և վերջում ունենալ ոլորտի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ: Հետևաբար, կարևորում եմ թե՛ անձի որակական, թե՛ մասնագիտական հատկանիշների առկայությունն ու ճիշտ բալանսավորումը: Իհարկե փորձառությունը կարևոր գործոն է բարձր, առավել ևս ղեկավար պաշտոններում աշխատելու համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ Քննչական կոմիտեում ծառայում են մի շարք երիտասարդ անձինք, ովքեր իրենց մասնագիտական և մարդկային հատկանիշների շնորհիվ կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել բավականին փորձառություն՝ բարձր պաշտոններում իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ և որակով կատարելու համար: 

-Ինչպե՞ս պետք է, ըստ Ձեզ, քննիչի պաշտոնը նոր ստանձնած անձը կոմպենսացնի տարիների փորձառության պակասը՝ հաջողության հասնելու, աշխատանքային պարտականություններն արդյունավետորեն կատարելու համար:

-Պաշտոնը նոր ստանձնած քննիչների կողմից աշխատանքում առավել կարճ ժամանակահատվածում փորձառություն ձեռք բերելու, մասնագիտական պարտականությունների պատշաճ իրականացումը սեղմ ժամկետում իրականացնելու համար Քննչական կոմիտեում մեծ ուշադրություն է դարձվում մասնագիտացման ղեկավարի ինստիտուտի կայացմանը և դրա արդյունավետության բարձրացմանը։ Սա բավական արդյունավետ միջոց է նորանշանակ քննիչների կողմից մասնագիտական փորձառության ձեռքբերման և առավել սեղմ ժամկետում քննիչի դժվարին և պատասխանատու աշխատանքում ինտեգրվելու համար: Այդ համատեքստում կարևորում եմ նաև նորանշանակ քննիչի անմիջական ղեկավարի կողմից վերջինիս հետ տարվող աշխատանքների ճիշտ պլանավորումը և դրանց նկատմամբ մշտական հսկողությունը:

-Ի՞նչը պետք է կամ կարող է մոտիվացնել քննիչին՝ իր աշխատանքում բարեխղճություն, արդարամտություն և արդյունավետություն ցուցաբերելու համար։  Միայն վարձատրության բարձրացումը բավարար համարու՞մ եք դրա համար։

-Այդ որակները դրսևորելու համար վարձատրության բարձրացումը արդյունավետ, սակայն բավարար միջոց չէ: Գտնում եմ, որ յուրաքանչյուր քննիչ նախ պետք է սիրի իր աշխատանքը, լինի նվիրված ծառայությանը, դրան մոտենա պատասխանատվության բարձր զգացումով: Հակառակ դեպքում քննիչի դժվարին և պատասխանատու աշխատանքի պայմաններում հնարավոր չի լինի ապահովել նախաքննության արդյունավետությունը և որակը, ինչն էլ կհանգեցնի անձի իրավունքների խախտման:

-Եվ վերջում մի քանի համառոտ հարց՝ պաշտոնը, Ձեզ համար…

-Կոլեկտիվին առաջնորդելու, քննչական բաժնի անդամների ուժեղ կողմերը հասկանալու և աշխատանքային նպատակներն իրագործելու, ի վերջո հայրենիքին ծառայություն մատուցելու լավագույնս հնարավորություն է:

-Տակտիկական, մարտավարական առանձնահատկություն, որն, ըստ ձեզ, պետք է ունենա քննիչը հարցաքննության ժամանակ:

-Նախքան հարցաքննությունը, քննիչը հնարավորինս պետք է տեղեկացված լինի հարցաքննվող անձի կենսագրական տվյալների, նրա դրական և բացասական կողմերի մասին, որով էլ պատկերացում կկազմի հարցաքննության մարտավարության և հարցաքննվող անձի տված ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ:

-Արտահայտություն, որ հաճախ եք անում, կամ որպես ղեկավար ասում եք Ձեր գործընկերներին: 

-Ինքս ինձ երբեք չեմ բռնացրել ինչ-որ արտահայտություն հաճախ անելու վրա։ Գուցե գործընկերներս նկատել են նման ինչ-որ հակում։ Հիմնական ասելիքս միշտ վերաբերում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, անձի իրավունքների ապահովմանը և քրեական վարույթների քննության որակի բարձրացմանը։ Այս առումով, թերևս, ամենից հաճախ հորդորում եմ նվիրումով կատարել քննիչի աշխատանքը, քանի որ մասնագիտական և ծառայողական հարթությունում դա եմ համարում հայրենասիրության և հայրենատիրության ակունքը։

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել