Ինչո՞ւ էր անհրաժեշտ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունը ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործով

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վլադիմիր Գրիգորյան նախագահությամբ, ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան  գործով 2013 թվականի օգոստոսին լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում էր կայացրել և դրա կատարումը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի 10.04.2012թ. թիվ 737-Ա հրամանով կազմված միջգերատեսչական հանձնաժողովին, որի կողմից իրականացվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը և տրվել է 08.05.2012թ. եզրակացությունը։ Տուժող կողմը դեմ է եղել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելուն:

Պարզաբանման համար փորձագիտական հանձնաժողովին առաջադրել հետևյալ լրացուցիչ հարցերը.

1. 28.12.2011թ. Հայկ Խաչատրյանի մոտ ախտորշվել է «Ջրծաղիկ ծաղկման շրջան», վիճակը բավարար, ինտոքսիկացիայի բացակայությամբ, մարմնի ջերմությունը 37,2 C եզակի ցանավորմամբ և էպիգաստրալ շրջանի ցավերով։ Հիվանդը նշված գանգատներով և ախտորոշմամբ կարիք ունե՞ր հակավիրուսային և դեզինտոքսիկացիոն թերապիայի, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ ծավալով։

2. Երբ հիվանդը գտնվում էր բազմապրոֆիլային կլինիկայում և տվյալ դեպքում Հայկ Խաչատրյանը, որի մոտ ախտորշվել է «Ջրծաղիկ ծաղկման շրջան», վիճակը բավարար, ինտոքսիկացիայի բացակայությամբ, մարմնի ջերմությունը 37,2 C եզակի ցանավորմամբ և նա գտնվում էր վիրաբույժի դինամիկ հսկողության տակ էպիգաստրալ շրջանում ցավերի կապակցությամբ` «սուր որովայնի» կասկածով, նման պարագայում նա պե՞տք է տեղափոխվեր ինֆեկցիոն հիվանդանոց` առանց վիրաբուժական սուր պաթոլոգիան ժխտելու և տվյալ դեպքում ո՞ր պաթոլոգիային է տրվում հետազոտման և բուժման առաջնահերթությունը։

3. Տվյալ դեպքում վիրաբուժական հետազոտության հետ համակցված հակավիրուսային և դեզինտոքսիկացիոն թերապիան պե՞տք է շարունակվեր, թե՞ ոչ և ի՞նչ ծավալով, ու՞մ պարտականության մեջ էր մտնում նշված թերապիայի կազմակերպումը։

4. Կոնկրետ դեպքում մինչև 29.12.2011թ. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելը հակավիրուսային և դեզինտոքսիկացիոն թերապիա չկիրառելը ի՞նչ դեր է ունեցել ջրծաղիկի վիսցերալ ձևի առաջացման և զարգացման համար։
Եթե նշված թերապիան կիրառվեր հոսպիտալում, հնարավոր կլինե՞ր փրկել Հայկ Խաչատրյանի կյանքը։

5. Երբ հիվանդ Հայկ Խաչատրյանի մոտ ախտորոշվել էր «Ջրծաղիկ ծաղկման շրջան», վիճակը բավարար, ինտոքսիկացիայի բացակայությամբ, մարմնի ջերմությունը 37,2 C եզակի ցանավորմամբ, էպիգաստրալ շրջանի շարունակվող ցավերով, եթե 28.12.2011թ. Հայկ Խաչատրյանը տեղափոխվեր ինֆեկցիոն հիվանդանոց` ինտենսիվ թերապիայի բաժանմունք, և սկսվեր էթիոտրոպ սպեցիֆիկ /հակավիրուսային/ բուժումը, ինչպիսին կլիներ հիվանդության ելքը։

6. «Ջրծաղիկ» ախտորոշման դեպքում, եթե անձը` Հայկ Խաչատրյանը, այն բաժանմունքում է գտնվել, որտեղ հայտարարված է օբսերվացիոն ռեժիմ և տեղում մեկուսացված է, արդյոք պարտադի՞ր էր նրան տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց, եթե այո, ապա ախտորոշումից ինչքա՞ն ժամանակ հետո։

7. Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվելու մասին տեղափոխման էպիկրիզի առկայության և ինֆեկցիոնիստի ցուցումի պայմաններում որքանո՞վ է արդարացված եղել Հայկ Խաչատրյանին հոսպիտալում պահելը, բուժանձնակազմից ո՞վ էր իրավասու կասեցնել հիվանդի փոխադրումը ինֆեկցիոն հիվանդանոց և ի՞նչ հիմքերի առկայության դեպքում։

8. Կոնկրետ դեպքում ի՞նչ պատճառով չի դիտարկվել Հայկ Խաչատրյանի նկատմամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դինամիկ վիրաբուժական հսկողություն իրականացնելու հնարավորության հարցը և որքանո՞վ է այն հիմնավորված։

9. Սկսած այն պահից, երբ Հայկ Խաչատրյանի նկատմամբ սահմանվել է վիրաբուժական հսկողություն` որովայնի շրջանում սուր ցավերի պատճառով, ու՞մ պատասխանատվության տակ է գտնվել /ու՞մ հիվանդն է հանդիսացել/ Հայկ Խաչատրյանը` նյարդաբանական բաժանմունքի պետ Մ. Մկրտչյանի՞, որի բաժանմունքում նա պառկած է եղել, թե՞ վիրաբուժական բաժանմունքի պետ Վ. Գևորգյանի և վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Սևակ Շահբազյանի, ովքեր իրականացրել են այսպես կոչված «դինամիկ» վիրաբուժական հսկողությունը։

10. Եթե Հայկ Խաչատրյանի մոտ էպիգաստրալ շրջանի ցավերի պատճառով վիրաբույժների կողմից կասկածվել է սուր ապենդիցիտ, ապա որքա՞ն ժամանակում այն պետք է հաստատվեր կամ հերքվեր, եթե ցավերը չեն տեղափոխվել աջ զստափոսի շրջան։ Հայկ Խաչատրյանի ցավերը ախտորոշելու և ջրծաղիկի հետ դրանց հնարավոր կապը հաստատելու կամ հերքելու համար անհրաժե՞շտ էր ներգրավել /հրավիրել/ վարակաբան /ինֆեկցիոնիստ/ կամ այլ մասնագետներ, ում հետ կոնսուլտացիաների միջոցով փորձ կատարվեր պարզելու, թե արդյոք որովայնի շրջանի ցավերը պայմանավորված չեն ջրծաղիկով։ Ինֆեկցիոնիստի հետ նշված կոնսուլտացիաները կարո՞ղ էին օգնել արագ և ստույգ պարզելու կամ կասկածելու, որ Հայկ Խաչատրյանի էպիգաստրալ շրջանի ցավերի պատճառը ջրծաղիկի գեներալիզացված /վիսցերալ/ ձևն է, որից հետո նրան անմիջապես ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու և անհետաձգելի բժշկական միջոցառումների արդյունքում առնվազն կբարձրանար մահացու ելքից խուսափելու հավանականությունը։ Տվյալ դեպքում ո՞վ պետք է կազմակերպեր ինֆեկցիոնիստի հետ կոնսուլտացիաները` նյարդաբանական բաժանմունքի պետ Մ. Մկրտչյա՞նը, վիրաբուժական բաժանմունքի պետ Վ. Գևորգյա՞նը, թե՞ հոսպիտալի պետ Մ. Միքայելյանը։

11. 28.12.2011թ. Հայկ Խաչատրյանի արյան ընդհանուր անալիզի տվյալներից երևում է, որ 18 ցուցանիշներից 9-ում արձանագրվել են նորմաներից էական շեղումներ։ Արդյոք արձանագրված շեղումները բնորո՞շ են սուր վիրաբուժական պաթոլոգիային և տվյալ դեպքում անհրաժե՞շտ էր հրավիրել տարբեր մասնագետների, այդ թվում` ինֆեկցիոնիստի մասնակցությամբ կոնսիլիում` փորձելու պարզել նման շեղումների հնարավոր պատճառները։ Կոնկրետ դեպքում ո՞վ պետք է հրավիրեր այդպիսի խորհրդակցություն կամ ո՞վ պետք է հանդես գար նման նախաձեռնությամբ։ 

12. 28.12.2011թ. Հայկ Խաչատրյանի որովայնի շրջանի ցավերը գնալով սաստկացել են, ընդունած հեղուկը /թեյը/ նա փսխել է, փսխման զանգվածը պարունակել է արյուն /արնանման հեղուկ/, դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը նա առաջին ցնցումն է տարել, որն ուղեկցվել է գիտակցության կորստով։ Բաժանմունքի վարիչ Մ. Մկրտչյանը կամ վիրաբույժները ինչպիսի՞ անհետաձգելի, շտապ միջոցներ պետք է ձեռնարկեին Հայկ Խաչատրյանի սաստկացող ցավերի պատճառները պարզելու և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը ապահովելու համար և ինչու՞մ պետք է արտահայտվեր նշված համարժեք բուժօգնությունը, որը չի ցուցաբերվել։

13. Բուժհիմնարկում «ջրծաղիկ» հիվանդության առկայության փաստն ի հայտ գալուց հետո ե՞րբ և ու՞մ կողմից է հայտարարվում կարանտին կամ օբսերվացիա, և ինչ միջոցառումներ են կատարվում այդ դեպքերում։

14. «Ջրծաղիկ» հիվանդության ժամանակ օբսերվացիա հայտարարվու՞մ է, թե ոչ, եթե այո, ապա ո՞ր գործող կարգի համաձայն /օրենք, հրաման, հրահանգ, մեթոդական ձեռնարկ և այլն/։ Ինչ է իրենից ներկայացնում օբսերվացիան, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում օբսերվացիայի ժամանակ։

15. Համաձայն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» 2-րդ գլխի 37-րդ հոդվածի հրամանները լինում են գրավոր և բանավոր։ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում 2011թ. դեկտեմբերի 11-ին գրանցված «ջրծաղիկ» հիվանդության առաջին դեպքով օբսերվացիոն միջոցառումների անցկացման նպատակով եթե բանավոր տրված հրամանի արդյունքում կատարվել են այն բոլոր միջոցառումները, որոնք կկատարվեին նաև գրավոր հրամանի դեպքում, արդյոք բանավոր կամ գրավոր տրված հրամանը կարո՞ղ էր ազդել օդակաթիլային վարակի տարածման և հիվանդության կանխարգելման վրա։

16. Արդյոք Հայկ Խաչատրյանը վարակվել է Յուրի Բադալյանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Յու. Բադալյանը հոսպիտալ է ընդունվել էպիդեմիկ տեսանկյունից մաքուր զորամասից, իսկ Հայկ Խաչատրյանը հոսպիտալ է ընդունվել ջրծաղիկի էպիդեմիկ անհանգիստ օջախից /միևնույն տարածքում տեղակայված երկու զորամասում էլ, որոնք օգտվում են միևնույն ճաշարանից, բուժկետից և հանրային այլ ընդհանուր ծառայություններից, եղել են ջրծաղիկի դեպքեր/։

17. «Ջրծաղիկը» կառավարելի՞ ինֆեկցիա է, թե՞ ոչ կառավարելի։

18. Եթե «Ջրծաղիկը» չկառավարվող ինֆեկցիա է, ապա ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում /նաև զարգացած երկրներում/ ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում և ինչպիսի արդյունավետությամբ։

19. Հնարավո՞ր է որևէ ձևով կանխել արդեն վարակված և ինկուբացիայի մեջ գտնվող անձի մոտ հիվանդության զարգացումը, եթե այո, ապա ինչ մեթոդներով։

20. Հնարավոր է կանխատեսել «Ջրծաղիկ» հիվանդության ընթացքը և ձևը սկզբնական շրջանում /տիպիկ կամ գեներալիզացված վիսցերալ/, կոնկրետ Հայկ Խաչատրյանի մոտ հիվանդության առաջին ժամերին հնարավո՞ր էր տարբերակել ջրծաղիկի գեներալիզացված վիսցերալ ձևը հիվանդության տիպիկ ձևից։

21. Օբսերվացիոն միջոցառումների բացակայությունը կարո՞ղ էին, արդյոք, ազդել ջրծաղիկ հիվանդության զարգացմանը, այն է` տիպիկ ձևը վերածել ատիպիկի, հանգեցնել «վիսցերալ» ձևի առաջացմանը։

22. Օբսերվացիան ինչ նպատակ է հետապնդում` կանխել վարակի հետագա տարածումը, թե սահմանել դինամիկ հսկողություն կոնտակտավորների մոտ հիվանդության վաղ հայտնաբերման համար։
Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են: Մանրամասները`շուտով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել