Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Մարիամ Աբրահամյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ երեխաների հետ դուրս են եկել Արցախից, բայց պատերազմի ավարտից հետո նորից վերադարձել են Արցախ՝ վախը սրտներում, սակայն, որոշել էին, որ պետք է հետ գնան՝ հակառակ դեպքում անիմաստ կլինեն այդքան զոհերը։
«Այդ երեք տարիները շատ բարդ անցկացրինք, որովհետև սկզբնական շրջանում հավատում էին, որ եթե կա ռուսական խաղաղապահ զորախմբի առկայությունը, որևէ վտանգ չի սպառնում։ Սակայն, լարված իրավիճակը, տարածքային կորուստները, զոհերը և Հայաստանի Հանրապետության իշխանության անտարբեր կեցվածքը հուսախաբ էր անում ժողովրդին։ Գնալով հույսը կորում էր, որ մենք, ապրելով Արցախում, ի վիճակի են ինչ-որ բան փոխել, բայց էլի հավատում էինք՝ հաղթահարելով այդ շրջանը՝ մի լույս կբացվի»,- պատմում է մեր զրուցակիցը։
Շրջափակման ինը ամիսների մասին ասում է, որ հնարավոր չէ բացատրել այդ շրջանը։
«Ես հիմա էլ շփվելով այլ մարդկանց հետ՝ հասկանում եմ, որ իրոք չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում շրջափակում։ Չեն հավատում, որ իրոք սովամահության դեպքեր են եղել, որ մարդիկ անգամ հաց չունեին։ Այդ պատճառով աբսուրդ եմ համարում այն բոլոր քննադատությունները, որոնք հնչում են արցախահայության հասցեին, որովհետև գոնե մեկ օր պետք է այդպես ապրել, հետո նոր արդեն քննադատել»,- ասում է Մարիամը։
Նրա խոսքով՝ չորս կողմից շրջափակված էին, ո՛չ պարենային մթերք կար, ո՛չ դեղորայք կար։
«Մի ժամանակ Կարմիր խաչի միջոցով հնարավոր էր լինում հասցնել ինչ-որ բան, բայց հետո կար ընթացք, որ նույնիսկ Կարմիր խաչի մեքենաներին չէին թողնում անցնել․ կրիտիկական վիճակ էր ստեղծվել։ Հնարավոր էր եղել կաթնախառնուրդ ապահովել, բայց ժամկետները հստակ չէին։ Մենք կանգնած էին ընտրության առաջ՝ վատի և վատթարագույնի։ Մենք, էսպես ասած, վատն ենք ընտրել։ Վերջին օրերին ընդհանրապես հաց չէին տալիս։ Ով ոնց կարողանում ապրում էր, ու մարդկանց համախմբվածությունը այդ օրերին շատ մեծ էր․ ով ինչ ուներ տանը կիսում էին միմյանց հետ»,- պատմում է նա։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան