ՓՊ-ի նախագահի և ՀԵԻԱ-ի նախագահի հայտարարությունը

Օրեր առաջ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հանդես է եկել է օրենսդրական բարեփոխումների առաջարկով: Մասնավորապես ՀԵԻԱ-ն առաջարկում է պետության կողմից անվճար իրավաբանական օգնության համար տրամադրվող գումարները հատկացնել ոչ թե Հանրային պաշտպանի գրասենյակին, այլ, մրցութային կարգով՝ իրավաբանական (փաստաբանական) ընկերություններին` համապատասխան չափորոշիչների համաձայն:

Առաջարկն ուղարկվել է Արդարադատության նախարարություն և Փաստաբանների պալատ: Այն բավականին բուռն արձագանք է գտել իրավաբանների, փաստաբանների շրջանում: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը, Իրավաբան.net-ը ներկայացնում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի պարզաբանումն առաջարկվի վերաբերյալ:

 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան:

Օրենսդրական առաջարկություն ներկայացրած ՀԵԻԱ-ի հեղինակությունը և կատարված գործերն ինձ մոտ միայն հարգանք են առաջացնում և կարծում եմ, որ ՀԵԻԱ-ն միշտ կլինի ՓՊ-ի գործընկերը (չմոռանանք, որ ՀԵԻԱ-ի աշխատակիցների մի մասը փաստաբաններ են): Ներկայացված գաղափարը, ինչպես և ցանկացած գաղափար, կարելի է քննարկել, քննադատել կամ ողջունել: Մեր փաստաբանների կողմից այդ գաղափարի քննադատությունն ուղղակիորեն կապված է Արդարադատության նախարարության վերջին արշավի հետ և կարծում եմ, որ ինքնին այս պահին այդ մոդել-գաղափարը շրջանառության մեջ դնելը, կարող է որոշ պաշտոնատար անձանց կողմից գործիք օգտագործվել: Փաստում եմ նաև, որ այդ գաղափարի մասին հրապարակում եղել է սեպտեմբեր ամսին և չեմ կասկածում, որ ՀԵԻԱ-ն հետապնդում է ազնիվ նպատակ: Բոլոր դեպքերում, ինչպես քաղաքակիրթ և իրավագիտակից իրավաբաններ, կարող ենք Պալատի ակումբի նիստ հրավիրել և քննարկել այդ հարցը, որոշել դրա լավ ու վատ կողմերը: Բայց գործընկերային «սոլիդարությունից» ելնելով, կարծում եմ, որ լավ կլինի այդ հարցին անդրադառնանք Արդարադատության նախարարության հետ խնդիրը լուծելուց հետո:

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյան:

Պետության կողմից անվճար իրավաբանական օգնության համար տրամադրվող գումարները ոչ թե Հանրային պաշտպանի գրասենյակին տրամադրելու, այլ մրցութային կարգով իրավաբանական (փաստաբանական) ընկերություններին հատկացնելու առաջարկը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան բարձրաձայնել է դեռևս սեպտեմբեր ամսից:

Իսկ շրջանառվող այն տեղեկատվությունը, թե ՀԵԻԱ-ի այս առաջարկը «60.000 դրամի նախաձեռնության» այլընտրանքային մոդելն է, չի համապատասխանում իրականությանը:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ փաստել, որ ՀԵԻԱ-ն դեմ է «60.000 դրամի նախաձեռնությանը» և այդ հարցում պաշտպանում է ՀՀ Փաստաբանների պալատի դիրքորոշումը և անելու է հնարավորը, որպեսզի այն կյանքի չկոչվի:

Հաշվի առնելով Փաստաբանների պալատի նախագահի առաջարկը՝ ՀԵԻԱ-ն սառեցնում է առաջարկի քննարկումը մինչև Արդարադատության նախարարության հետ այսպես կոչված, «60.000 դրամի նախաձեռնության» խնդրի վերջնական լուծումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել