Կքննվի դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը

Մամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհություններ` կապված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսևորելու մասին:

Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի փոխացմամբ` Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները և արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ուսումնասիրությունների արդյունքերով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ:
Հանձնաժողովի կողմից իրականացվող քննության և ընդունած որոշման մասին ՀՀ դատական դեպարտամենտը հետագայում կտրամադրի լրացուցիչ և սպառիչ տեղեկություններ:

 

Լուսանկարը` court.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել